Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի բացառել, որ իշխանությունները կարող են դիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին անօրինական ճանաչելու համար։
«Նրանք՝ ընդդիմադիրները, այս օրերին բացահայտ դեմ արտահայտվեցին Վրաստանի սահմանադրական համակարգին, որն ուղղակի հիմք է ստեղծում Սահմանադրական դատարան դիմելու և ընդդիմադիր կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։ Սպասենք տեսնենք, թե ինչպես կզարգանան գործընթացները։ Ամեն ինչ մեր ձեռքում է»,- հայտարարել է Կոբախիձեն կառավարության նիստում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ըստ վրացական աղբյուրների՝ Կոբախիձեն ստույգ նշել է, որ ընդդիմություն ասելով` նկատի ունի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, «Հանուն փոփոխությունների» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան ու նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը: