Առավոտյան թշնամին հյուսիսային, կենտրոնական եւ հարավային ուղղությամբ փորձել է ոչ մեծ մարտախմբերով, զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակվել, հետ է շպրտվել, Շուշիի անտառներում շարունակվում է դիվերսիոն խմբերի ոչնչացումը։ Մարտերն այս պահին էլ շարունակվում են։ Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարին ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ քիչ առաջ է վերադարձել Ստեփանակերտից։
«Ալիեւը հայտարարում է, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հարձակվում է Շուշիի վրա, այդպես լսեցնում է միջազգային հանրությանը եւ այդպես կերակրում սեփական հանրությանը։ Բայց ես պատերազմի այդպիսի ձեւ չգիտեմ, որ հարձակվողին փնտրես, գտնես ու ոչնչացնես։ Փորձում են անտառներում թաքնվել, մեկ այլ կողմից մոտենալ, գտնել թույլ կետեր, գյուղեր մտնել՝ վնասներ տալ, մեր տղաները մոտենում են, խփում են մի քանի հոգու, նրանք էլի փախչում են։ Մենք «Գյոռբագյոռ» ենք դրել այդ գործողության անունը եւ նրանք «գյոռբագյոռ» են լինում։ Այդ ձեւով քաղաք չեն գրավում։ Այսօր ամբողջ օրը փորձել են ժայռեր մագլցելով մտնել Շուշի, խփում ես, մոտենում ես՝ տեսնում, որ բոլորի մոտ դրոշ կա։ Այսինքն՝ նպատակը դրոշ դնելն է, որ ցույց տան, թե իբր գրավել են։ Նոյեմբերի 9-ը դրոշի օր է այդ երկրում, ուզում են ինչ-որ խորհրդանշական բան անել, չի հաջողվում։ մարտունու մոտ ավելի մեծ խմբավորում էր գործում, ոչնչացվեց, հիմա ավելի փոքր խմբերով են փորձում։ Երեւի մահապատժի սպառնալիքի տակ են այդ քայլին գնում, որովհետեւ զոհեր են տալիս ու ոչնչի չեն հասնում։ Ձեւական խնդիր են ուզում լուծել, գուցե հոգեբանական խնդիր են ուզում լուծել, ոգեւորել իրենց հասարակությանը» ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Պաշտպանության բանակի խնդիրն այժմ իր զբաղեցրած բարենպաստ դիրքերում արմատական փոփոխություն թույլ չտալն է, մինչեւ դիվերսիոն խմբերի ոչնչացման ավարտը, ասել է ՊՆ ներկայացուցիչը։
«Ալիեւը փորձեց հին գյուղերի անունները կրկնել, թե իբր գրավել են, արժանացավ իր հանրության ծաղրին, հիմա դրոշ է տվել ձեռքները, առաջադրանք տվել առաջ գնալ եւ դրոշ պարզել։ Երկրորդը՝ ներգրավել նորանոր վարձկանների։ Քանի որ վախենում է պահեստազորը զորակոչել, հանրությանը չգրգռելու համար, նախընտրում է աշխարհի թուքումուրն ուտելով՝ վճարել վարձկանին։ Ցամաքային զորքերի հիմնական հարձակողական զորատեսակների մեջքը ջարդված է, բայց դիվերսիոն խմբերի, վարձկանների պոտենցիալը դեռ մնում է, բացի այդ՝ տիրապետում են հրետանային միջոցների, դասական հրետանային միջոցների, մենք ավելի շատ զրահատեխնիկային ու կենդանի ուժին շատ մեծ վնաս տալ, տեխնիկական միջոցները չեն բավարարել հրետանուն մեծ վնաս տալու համար։ Եղանակն էլ, որ ցրտելու է, լրացուցիչ գործոն է, այդ պատճառով էլ շտապում են», նշել է Ա.Հովհաննիսյանը։
Նախկին զինվորականներին պատերազմում չներգրավելու մասին հարցին ի պատասխան, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հակառակը, շատերը, ճիշտ է, ոչ նախկին դիրքում կամ պաշտոնին, բայց ներգրավված են եւ կոնկրետ խնդիրներ են լուծում, այդ թվում՝ Սեյրան Օհանյանը, որն առաջին օրվանից այնտեղ է։
Բայրաքթար տիպի ԱԹՍ-ների լայնորեն կիրառման, եւ դրանց դեմ պայքարին չպատրաստվելու վերաբերյալ հարցին ի պատասխան, Ա.Հովհաննիսյանն ասել է, որ 2012, 13, 14 թվականներից է Ադրբեջանը ԱԹՍ-ներ ձեռք բերելու գործընթաց սկսել.
«2020 թվականի հուլիսին խայտառակ պարտություն կրելուց հետո, Ադրբեջանը շտապ պայմանագիր կնքեց Թուրքիայի հետ ԱԹՍ-ներ ձեռք բերելու մասին։ Մենք ինքներս համոզվեցինք, խոցված բայրաքթարներով ապացուցեցինք, որ դրանք պատրաստվել են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Նույնիսկ չեն էլ վճարել, ահռելի միջոցների համարժեք ԱԹՍ-ներ են բերել, պահելով իսրայելական եւ մյուս ԱԹՍ-ները։ Այնպիսի բարձր տեխնոլոգիական զենք ու այն ծավալի, որ ձեռք է բերել վերջին երկու տարում, նախորդ 10 տարում Ադրբեջանը չի արել։ Աստծո սիրուն, ես քաղաքական դաշտ չեմ տանում, բայց մենք էլ ինչքան վերջին 2 տարում ենք ձեռք բերել, երբեւէ չի եղել», ասել է Ա.Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ բարձր տեխնոլոգիական սպառազինությունը խոշոր գումարներ է ենթադրում։
«Պատերազմի սկզբից ազգովի 150 միլիոն դոլար ենք չէ՞ հավաքել։ 150 միլիոն, որ ինչ-որ հարց լուծենք։ Հարգելիներս, 150 միլիոն դոլար Ադրբեջանը ծախսում է 2-3 օրվա մեջ։ 150 միլիոնը 4-5 հատ ՏՈՌ-ի գին է։ Այս օրերին տեսել եք չէ՞ որքան ԱԹՍ են կիրառել, մոտ 1000-1200 ԱԹՍ, դրանց միջին գինը 200-300 հազար դոլար է։ Հայաստանը սպառազինվել է իր հնարավորությունների համեմատ։ Մենք գնել ենք 27-28 միավոր ՕՍԱ, որը դարձավ չարաբաստիկ թեմա։ Նրանց ԱԹՍ-ները հիմնականում խոցվել են ՕՍԱ-ներով։ Դրա մեկ հրթիռով, որն արժի 5000 դոլար։ ՏՈՌ-ն ավելի լավն է, բայց արժի 30 միլիոն դոլար, դրանից ավելի քիչ գումարով գնել ենք 27-28 ՕՍԱ-ԱԿԱ, ՏՈՌ-ի մեկ հրթիռն արժի 460-480 հազար դոլար։ Սիորղական դատողությունները, քաղաքական փաթեթավորմամբ, պահեք ձեզ։ ՕՍԱ-ն հուլիսին մեկ խոցումով իր ամբողջ գինը հանեց, Հերմես տիպի ԱԹՍ խոցելով, որն արժի 50 միլիոն։ 280 թիրախի 55 տոկոսը խոցել են ՕՍԱ-ները», ասել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ միշտ հետին թվով կարելի է ասել, որ Սու-30-ի փոխարեն կարելի էր ատոմային զենք գնել։ Նրա խոսքով 2018-ին գործարք կնքելիս ոչ ոք չգիտեր, որ 2020-ին պատերազմ էր սկսելու։ ՊՆ ներկայացուցիչն ասել է նաեւ, որ հակառակորդին իր խոստացած անակնկալներից մեկն այն է, որ վերջին օրերին էլ Բայրաթքար չենք տեսնում։
«Մեր զորքն ու հրամանատարությունն ամեն մի միլիմետրի համար կռիվ է տալիս, եւ շատ կարեւոր է, որ մենք լինենք միասնական ու բոլոր խոսակցությունները թողնենք հետագային», նշել է նա։
Աղբյուր՝ News.am