ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Մարդն իր առօրյայի մտքերով տարված այգի մտավ: Այնքան էր մտահոգ, որ սովորական դարձած բարեւն էլ չտվեց. դա զգաց վայրկյաններ անց, երբ ծառի առաջին ճյուղը կտրեց: Դե, ծառ է, կների, արմատները հարազատ միջավայրում են, իր տարիքից էլ հաստատ ավելին ունի, լուսահոգի հորեղբոր տնկածն է:
Այգին հորեղբոր տղան նվիրեց ընտանյոք արտերկիր մեկնելու նախօրեին: Հարազատներից ամենամոտը ինքն էր մնացել, հետն էլՙ հորեղբորորդիները մեզանում եղբայրներ են համարվում: Ճիշտ է, նա իր կրտսեր եղբոր համադասարանցին է եղել, որը գյուղաբնակ մնացած իրենց հորից ժառանգած տուն, տնամերձ այգի ու վարելահող ունի, հետն էլ առողջական խնդիրներ, դժվար թե գյուղամիջից այսքան հեռու այգուն հարկ եղած ուշադրությունը նվիրեր: Թե ինչու հորեղբորորդին վաճառել չփորձեց, անհասկանալի է. իսկ թե ինչու իրեն վստահեց, պարզ է. հորեղբորդ ստեղծածն է, ասաց, նա քեզ շատ էր հավանում:
Էտի մկրատը, որը եղբորը հանդիպելուց հետո նրանից էր վերցրել, արդեն բավական գործ էր արել: Երկրորդ տարին մարդ ու ջուր չտեսած ծառը մասամբ ազատվել էր իրար մեջ հայտնված ճյուղերից, որոնց դասավորությունը տեղ-տեղ բերդպար էր հիշեցնում: Ժպտալու պես մի պատկեր էլ նկատեց, նախորդ տարվա ճյուղերը կարծես վաղորդյան արթնացում էին զգում, արեւի կարոտ էին ապրում, ակնթարթ ակնթարթի վրա վերուվար ցատկոտում: Ծառերի միջնահատվածում ճյուղերն առավել խճճված էին, կարծես իրար նեղելու նպատակով էին դասավորվել, միմյանց հրմշտելով բնամասից հեռացել: Առավել ստվերոտ տեղերում չորուկներ կային, որոնցից բարակները մատներին ուժ տալով կոտրատեց: Փաթաթուկն էլ իր գործն էր արել, ճյուղերի մի մասը սկսնակ շյուղագործի արածի էր նմանվել: Մկրատով էտելով ու մատներով աշխատելով, որոշ դեպքերում ոտքերի օգնությանը դիմելովՙ ծառի միջնամասում էլ հնարավորինն արեց ու ցած իջավ. վերեւում անելու բան կար, բայց համարձակություն չցուցաբերեց. ճյուղերն այնտեղ մատղաշ են, իր ծանրությանը չեն դիմանա, որոշ ճյուղերի հասնելու համար ձգվել է պետք, ձեռքն ու մկրատը կարող են եւ չհասնել, վտանգավոր է: Տղան, ճիշտ է, օրեր անց գալու դեպքում խոստացավ միանալ իրեն, բայց նա էլ իր ընտանիքի հոգսերն ունի, հարկ չհամարեց նեղություն տալ: Այգուց, ճիշտ է, շատից-քչից օգտվում են, բայց եւ ծախսեր են անում:
Էտելու ենթակա հաջորդ ծառը այգու միջնամասում էր: «Բարեւ» ասաց, փորձեմ քեզ էլ ավելորդություններից ազատել» խոսքեր շշնջաց, որից անմիջապես հետո ճկված ու լարված ճյուղերից մեկը ապտակի պես հարվածեց դեմքին: Պարզ է, որ այն կտրել էր պետք, բայց ճյուղի ոչ երկարությունն էր մի կարգին նշմարվում, ոչ աճած տեղը: Ստիպված իրեն էլ ոչ տեսանելի մի տեղից կտրեց, ճյուղը ճռռոցով ընկավՙ թեթեւակի վնասելով մի քանի այլ ճյուղերի: Լավ չստացվեց, սակայն ինչ կարող էր անել: Կարողացավ ծառի միջնամասից մացառների պես աճած որոշ ճյուղեր էլ հեռացնել, որոնք կտրվելուց հետո շատ արագ էին իրենց նախկին դիրքերին վերադառնում, ակնարկում զգացած ցավի մասին: Այսուհանդերձ էտել պետք էր, այս գործում փորձառու եղբայրն էլ էր խորհուրդներ տվել: Հատկապես հարկ էր խորքերում, նորաճյուղերի հայտնվելուն խոչընդոտող հատվածներում նոսրացումներ կատարել, դեռ բաց կանաչ բողբոջներին արեւի լույսով հագենալու հնարավորություն ստեղծել: Այստեղ չգիտես որտեղից գոյացած չորուկներ ու անհասկանալի կոշտուկներ կային, որոնց «Այգու խնամքը» ուղեցույցում չէր հանդիպել: Գտավ, որ ճիշտ են ակնարկում, թե մերն ուրիշ է, քանզի հարեւանից վերցրած ուղեցույցը թարգմանություն էր, թեեւ իրականացնողը հայտնի բնապահպան էր եւ նախաբանում էլ նշել էր, որ առաջարկները կիրառելի են նաեւ մեր պայմաններում:
Չորուկներն ու կոշտուկները էտի մկրատով չես հեռացնի: Մի քանի օրից, մտածեց մարդը, հարկ կլինի սղոցով ու կացնով այգի գալ: Տանը թե մեկն ունի, թե մյուսը, այնպես որ ծառերն ու այգին տեսքի կբերի: