Ամեն օր Հայաստանի ներսում եւ տարածաշրջանում մեր երկրին վերաբերող բազմաթիվ իրադարձություններ այն արագությամբ են հերթագայում միմյանց, որ ո՛չ մեր քաղաքական, ո՛չ վերլուծական դաշտն է հասցնում նկատել պատճառահետեւանքային կապերն ու բացասական հնարավոր հետեւանքները մեր երկրի համար, ու մեր կյանքն ավելի ու ավելի է նմանվում արագացված կադրերով ֆիլմի: Փորձենք արձանագրել այս շաբաթվա` վտանգավոր ենթաշեշտերով միտումներից մի քանիսը:
Առաջինը Բայդենի` Եվրոպայի հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերի` Հայաստանի իշխանություններին փոխանցած նամակն է Բայդենի անունից, որի տարօրինակ ձեւակերպումներին ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության որեւէ ներկայացուցիչ չանդրադարձավ համարյա: Միացյալ Նահանգները, ըստ նամակի, պատրաստ է աջակցել կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես կհանգեցնի դարավոր հակամարտություններին: Կամ այս ձեւակերպումը` խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն եւ փոխզիջում, բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր չդասելով՝ դուք խիզախորեն եւ հետեւողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, եւ ես ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական համաձայնագիր կնքել:
Ի՞նչ է ստացվում` Բայդենը փաստորեն գիտի այնպիսի զիջումների եւ որոշումների մասին, որոնց Հայաստանը գնալու է խաղաղության թղթի ստորագրման համար, որի 80 տոկոսն, ըստ Հայաստանի ղեկավարների համաձայնեցված է, մյուս մասի համար էլ հայրենասիրությունը քաղաքականությունից վեր չդասել է պետք, ըստ Բայդենի, իսկ Ադրբեջանը մատնացույց է անում մեր սահմանադրությունը:
Հասկացա՞ք: Մյուս կողմից` տեղեկատվություն չի եղել, որ նամակը բերող պաշտոնյային հանդիպած Հայաստանի ներկայացուցիչներն ասած լինեն նրան, թե դարերով Ադրբեջան պետություն չի եղել, միայն հարյուր տարվա է, Բայդենին այդ ո՞վ է մոլորեցրել: Ի՞նչ են պարտադրում Հայաստանին, որին պատրաստ է ԱՄՆ-ն աջակցել: Եւ անգամ նախագահի թեկնածու Թրամփի վերջին` Հայաստանին եւ Արցախին ի նպաստ գրառումը չի կարող ցրել այն բացասական ազդակը, որ Բայդենի նամակի տողատակերից է թափվում, չնայած ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի դիտարկմամբ` Հայաստանի հարաբերությունները երկրների, եւ ոչ թե նրա ղեկավարների հետ են:
Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատումը Ազգային ժողովում միայն իշխանական կուսակցության քվեներով առնվազն իշխանության ընդդիմախոսները եւս դիտարկում են վտանգավոր միտումների թվում, քանի որ ոչ մի քարտեզ կամ քարտեզների խումբ օգտագործելու սկզբունք այդ փաստաթղթում չի դրված, այլ միայն Ալմաթիի հռչակագիրն է նշվում, որը իրավական առումով որեւէ հիմք չի կարող առաջարկել այդ առումով` ո՛չ քարտեզ, ո՛չ հռչակագիրը ստորագրած սուբյեկտների տարածքային նկարագրություն: Իսկ Ադրբեջանն ինքը երբեւէ իր տարածքը թվերով վերջին շրջանում չի հռչակել: Ուրեմն սկզբունք կմնա սահմանազատելու պահին ձեւավորված ուժի գործոնը: Չնայած երեկ Կազանում, BRICS-ի գագաթնաժողովում ելույթ ունեցած Նիկոլ Փաշինյանը մասնակից պետություններին եւ աշխարհին տեղեկացրել է, թե սահմանազատման կանոնակարգը Հայաստանի խորհրդարանը հաստատել է, մինչ այդ Հայաստանի ՍԴ-ն այն սահմանադրական ճանաչելով` փարատել է բոլոր այն կասկածները, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանից, ապա հրավիրել է Ադրբեջանին` ստորագրելու 80-90%-ով համաձայնեցված խաղաղության համաձայնագիրը:
Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի` ԱԺ հանձնաժողովում քննարկումների ժամանակ ես մտապահեցի հարցը զեկուցող եւ հայաստանյան կողմի համանախագահ Մհեր Գրիգորյանի մի դիտարկումը, որն ուղղված էր ընդդիմությանը, թե` քննադատում եք, լավ, բայց առաջարկներ չեք անում: Ես էլ ուշադիր հետեւեցի հանձնաժողովում եւ ԱԺ դահլիճում բերված հակափաստարկներին` բացի հակաօրինական, ապազգային, հակասահմանադրական եւ այլ որակումներից, կանոնակարգի հնարավոր բացասական հետեւանքների մանրակրկիտ նկարագրությունից, իրոք, որեւէ առաջարկ չհնչեց ինչպես վարվելու վերաբերյալ, բացառյալ մեկ կիսաառաջարկից, որով Արմեն Ռուստամյանն առաջարկում էր հարցն օրակարգում պահել, արագ չընդունել, մինչեւ հասկանանք` ինչ է ուզում Ադրբեջանը: Դրան պատասխանեց Ալեն Սիմոնյանը (այդ թվում` իմ հարցին պատասխանելով), թե ընդդիմությունը չի ուզում, որ մենք սահման, ըստ այդմ` անվտանգության բարձր աստիճան ունենանք` մատնանշելով աշխարհաքաղաքական կողմի ազդեցությունը:
Որ կանոնակարգի հաստատումը անվտանգային առումով ռիսկերը չի վերացնում` ե՛ւ Մհեր Գրիգորյանն էր ասում, ե՛ւ վարչապետ Փաշինյանը չէր ժխտում Ազգային ժողովում` նկատելով, որ կանոնակարգի կնքմամբ այդ ռիսկերը էլի կան, բայց շատ անգամ ավելի նվազ են: Մինչդեռ ընդդիմությունը, չունենալով ալտերնատիվ առաջարկ, այն, ինչ հարկավոր է կառավարման ձգտող որեւէ ընդդիմությանը, միայն մեկ բացվածքով է դնում հարցը` իշխանությունն ապազգային է եւ Հայաստանը կործանման է տանում, իսկ ահա ընդդիմությունն ազգային է եւ ճիշտ որոշումներ կկայացնի իշխանության գալով: Նույն բովանդակությունն ունեին կանոնակարգի ընդունումը դատապարտող Բագրատ Սրբազանի, «ՀայաՔվեի» , այլ հայտարարություններ:
Մոտակա օրերին նաեւ դրսից եկող վտանգներ կան` Վրաստանում այս կիրակի անցկացվող խորհրդարանական ընտրություններում, եթե, օրինակ հաղթեն պրոռուսական կամ պրոարեւմտյան ուժերը (Իվանաշվիլուն կամ Զուրաբիվիլուն հարող ուժերը), երկու դեպքում էլ Հայաստանի վրա անդրադարձ կունենա դա, որը կարտացոլվի ներքին խմորումների եւ այլ հնարավոր դրսեւորումների մեջ:
Այս օրերին Կազանում կայացող BRICS- ի գագաթնաժողովի մասով, որին խորհրդակցական կարգով մասնակցում է վարչապետ Փաշինյանը եւ արդեն հանդիպել է Իրանի նախագահի հետ, անգամ զրուցել Ալիեւի հետ (որից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, արտգործնախարարների մասնակցությամբ հանդիպել են), դեռ վաղ է կանխատեսել` վտանգ, թե՞ օգուտ կա այդ նոր ձեւավորվող տնտեսաքաղաքական բեւեռից: Սա նոր, միջազգայնորեն ձեւավորված երկբեւեռ աշխարհի սխեման կոտրելու փորձ է, ԱՄՆ-ի գերիշխանությունը տնտեսապես թուլացնելու հայտ, եթե ներառնված երկրները իրար հետ համաձայնեն տնտեսական շատ հարցերում, օրինակ՝ դոլարից հրաժարվել միմյանց հետ առեւտրում: Իսկ թե Հայաստանին ստիպելու են դրան անդամակցել` իհարկե մենք դրա տնտեսական-քաղաքական օգուտն ու վնասը պիտի հասկանանք նախ: Մինչդեռ մեր երկրում մինչեւ հիմա չկան վերլուծություններ բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր փորձագիտական շրջանակներից, մերոնք միայն պոպուլիզմի եւ միմյանց մեղադրելու ձեւաչափերում են արհեստավարժ:
Մյուս վտանգավոր միտումը այս շաբաթ հարյուր միլիոնավոր դոլարների նոր արտաքին վարկերի համաձայնագրերի վավերացումն էր Հայաստանի խորհրդարանում, ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը տարեվերջին հասցնելով վտանգավոր 50 տոկոսանոց սահմանագծին: Երբ վարկերի արտոնյալ տոկոսների ժամկետը 10 տարի հետո ավարտվի, Հայաստանը կկանգնի անելանելի վիճակի առաջ եւ ստիպված կլինի ենթակա լինել նոր «Գույք պարտքի դիմաց» հատուցումների: Այդ ժամանակ միգուցե այսօրվա պաշտոնյաները չեն լինի, բայց մեր զավակներն ու թոռները կհայտնվեն վատ իրավիճակում, այն դեպքում, երբ մեր ներկա պաշտոնյաների շատ լայն շրջանակ շռայլորեն մսխում է գումարները բոլոր հնարավոր եւ անհնար շրջագայությունների վրա ու չի մտածում ինչ-որ բան խնայել:
Ավարտելով` արձանագրենք նաեւ ներկա իրավիճակի ընդհանրական վտանգը, որ երեւում է ամեն ինչի մեջ` խորհրդարանական խմբակցությունների բախումներում, տարբեր երկրների առ Հայաստան հայտարարություններում, երկրին ուղղված ամենատարբեր պարտադրանքներում. Հայաստանում բախվել են Արեւմուտքն ու Ռուսաստանը, այժմ ավելի առարկայորեն` ինչպես հիմա արդեն հասկանում են բոլորը: Բնականաբար` բախմանը շատ տարիներ նախորդել է քաղաքական, քարոզչական ռեսուրսների երկուստեք հավաքագրումը (դա տեղի է ունեցել մեր եւ այլ տարածաշրջանների երկներում), իսկ հանրությունը քնած է եղել այն աստիճան, որ չի կարողացել ձեւավորել այդ բոլորին դիմակայել կարողացող ո՛չ ինստիտուցիոնալ, ո՛չ հանրային կենտրոններ ու ռեսուրսներ, ստիպված լինելով երկու կողմերի քարոզչական մարտերի սուբյեկտը դառնալ:
Որքանով է բխում այդ բախումը հայերիս շահերից, այս կամ այն կողմի հետ լիարժեք նույնանալու վիզուալ տեսարաններով, այս հարցին կարելի է պատասխանել ոչ թե էմոցիոնալ ճառերով, դիպուկ ձեւակերպումներով եւ դիմացի կողմին վնասազերծող բառակույտերով, այլ հանգիստ վերլուծեով, թե ի՞նչն է ձեռնտու Հայաստան պետությանն ու հայերիս առհասարկ` ձեւավորելով երրորդ տեսակետ:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք այս հասցեով. https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ