Ընդամենը երեք տարում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին հայ երկու գիտնականների արժանանալը իրոք շոյիչ իրողություն է ազգային մեր հպարտության, եթե կուզեք՝ մեր սնապարծության համար: Լինելով «ածու փոքր», ինչպես 16 դար առաջ սահմանել է Պատմահայրը, լինելով «այլոց կողմից բազմիցս նվաճված թագավորությամբ», այնուամենայնիվ «արիության բազմաթիվ գործեր» եղել են նաեւ մեր աշխարհում, այսինքն՝ Հայաստանում: Այս պարագայում՝ ոչ թե «մեր աշխարհում», այլ՝… Մ. Նահանգներում:
Երեք տարի առաջ բարձրագույն այդ նվաճմանը հասավ Լիբանանում ծնված, նախնական ու միջնակարգ կրթությունը Բեյրութում ստացած, ապա Ամերիկայում մասնագիտացած մեր գիտունը՝ Արտեմ Փաթափությանը, որը գիտականորեն բացատրեց Ցավ երեւույթը, որը մարդկային մարմնից անբաժան ազդանշանային համակարգն է՝ ֆիզիկական յուրաքանչյուր խանգարմանը արձագանքող:
Մի քանի օր առաջ, իր գործընկերներ Ջիմ Ռոբինսոնի եւ Սիմոն Ջոնսոնի հետ Նոբելյան մրցանակը նվաճեց 1967-ին Կ. Պոլսում ծնված, տեղի հայկական վարժարան հաճախած, ինքն էլ, ինչպես Արտեմի հայրիկը, հայ գրողի զավակ Տարոն Աջեմօղլուն: Նա ավարտել է Լոնդոնի Տնտեսագիտական եւ քաղաքագիտական համալսարանը, որտեղ պաշտպանել է դոկտորական թեզը, որից հետո, ինչպես, դարձյալ, Արտեմը, գաղթել է Մ. Նահանգներ եւ կարճ ժամանակ անց դասախոսի պաշտոնով հրավիրվել Բոստոնի (Քեմբրիջ) հռչակավոր MIT համալսարան եւ, միաժամանակ, լծվել գիտական հետազոտական աշխատանքների, որոնց համար արժանացել է բազմաթիվ մրցանակների ու կոչումների:
Հակառակ այդ կոչումներին եւ մրցանակներին, Տարոնի անունը հայկական միջավայրում հայտնի էր միայն ակադեմիական նեղ շրջանակներին, իսկ Հայաստանում շատ-շատերը չգիտեին նրան: Սակայն, ինչպես նման դեպքերում է պատահում, նրան քաջ գիտեին Թուրքիայի պետական շրջանակները: 2012 թ.ին ես անձամբ եմ լսել այն ժամանակվա արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուից, Կ. Պոլսում կայացած միջազգային մի ֆորումում, ի պատասխան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհատման պատճառների մասին իմ հարցմանը, թե իր կառավարությունը Աջեմօղլուին առաջարկել է ստանձնել երկրի էկոնոմիկայի նախարարությունը եւ/կամ նույն գծով՝ Փարիզում զբաղեցնել համապատասխան ներկայացուցչության ղեկավարի աթոռը: Դավութօղլուն դա ասում էր իբրեւ «փաստ» իրենց «հանդուրժողականության», «անխտրականության»:
Բարեբախտաբար, Տարոնը չստանձնեց նման պարտականություն, այլ ընդհակառակն՝ սկսեց իր ուսումնասիրություններում խստորեն քննադատել նախագահ Էրդողանին՝ նրա անհանդուրժողականության, ավտորիտարիզմի, քաղաքական բռնությունների համար, հընթացս դատապարտելով նաեւ թուրքական դասագրքերում հակահայ ատելություն սերմանող նյութերի համար: Ավելի ուշ նա չխնայեց նաեւ նախագահական թեկնածու Թրամփին ու նրա կուսակցությանը, դավանելով այն վարկածը, թե առաջիկա ընտրություններում Թրամփի հաղթանակը կարող է վերջի սկիզբը դառնալ ամերիկյան դեմոկրատիզմի:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, Աջեմօղլուի մշտական թիրախի տակ է գտնվում նաեւ մեր երկրում տիրապետող ավտոկրատիզմը, դրա համար քննադատելով նաեւ սփյուռքահայության ցուցաբերած հանդուրժողականությունը իրարահաջորդ վարչակազմերի հանդեպ, միաժամանակ գտնելով, որ անկախությունից հետո մեր երկիրը կարող էր Լիտվայի ու Լատվիայի վերածվել, այնինչ դարձել է Ադրբեջանի եւ Ուզբեկստանի նման երկրի: Նրա տեսության համաձայն, աշխարհի երկրների տնտեսական զարգացման եւ չզարգացման, պարզ խոսքով՝ հարուստ կամ աղքատ լինելը կախում ունի ո՛չ աշխարհագրական դիրքից, բնական հարստությունից կամ դրա բացակայությունից, ինչպես նաեւ մշակույթից կամ հարստությունից, այլ՝ իսկական ժողովրդավարության միջավայրում երկրի կառավարման հմտությունից, պետական անկախ ինստիտուտների առկայությունից եւ օրենքի իշխանության նկատմամբ ժողովրդի ու պետական մարմինների հարգանքից, հավաքական եւ անձնական շահի նկատմամբ ունեցած տեսլականից:
Հետագայում մեր թերթը Տարոն Աջեմօղլուի տեսությանը կանդրադառնա ավելի մանրամասն: Մինչ այդ՝ ծագում է բնական հարցը. կարո՞ղ է Աջեմօղլուն օգտակար լինել նաեւ մեր պետությանը, որը տառապում է նրա մատնանշած բացասական երեւույթներով ու վերածվել է ավտորիտարիզմի եւ այժմ ձգտում է նույնիսկ հավակնոտ բռնատիրության:
Պետք է նրանից պահանջելու պես խնդրել զբաղվելու Հայաստանով:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ