Էթնիկ զտումների Ա. տարելիցի առթիվ
Ստորեւ՝ «Միրոր-Սփեքթեյթրում» տպագրված փարիզաբնակ իրավաբան, «Paris Pantheon-Assas» համալսարանի միջազգային իրավունքի բաժնի հետազոտող-դասախոս եւ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախկին գլխավոր քարտուղար դոկտ. Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի հոդվածը:
Լեռնային Ղարաբաղի հայության ներկա վիճակը հայտնի է բոլորին: Նրանք իրենց պապենական երկրում չեն ապրում այլեւս: Արցախի Հանրապետության քաղաքացիները բռնի տեղահանվեցին 2023-ի սեպտեմբերի վերջերին, իրենց ետին թողնելով հողատարածքներ, անձնական ունեցվածքներ, բիզնես ձեռնարկություններ, գերեզմաններ եւ սպանված հարազատներ, որոնք չունեցան իրենց ավանդական վերջին հանգստյան վայրը:
Մարդկությունը այժմ պասսիվությամբ ականատես է լինում, թե ինչպես են Արցախի ազգային, մշակութային, կրոնական ժառանգությունը ոչնչացվում եւ հայկականության բոլոր հետքերը բնաջնջվում: Հայերից քչերն են դեռեւս պայքարում իր երկրում ապրելու այս ժողովրդի անառարկելի իրավունքի համար:
Արցախի էթնիկ զտումների հարցը դարձել է գիտական լուրջ հետաքրքրության առարկա, մինչ հակամարտության մարմրող կրակները դեռ չեն հանգչել, շրջափակման եւ բռնի տեղահանության հոգեբանական տրավման դեռ շարունակվում է, եւ արցախահայության ինքնորոշման հարցը դեռ ավարտված չէ:
Բռնի տեղահանությունը պարզապես պարտավորեցնում է ինքնորոշման իրավունքի վերաձեւավորումը, որովհետեւ վերադարձի իրավունքը այս գործընթացի լոկ առաջին փուլն է: Թվում է, թե Հայաստանի եւ Սփյուռքի հայության համար ավելի հարմարավետ է պարտվածի հոգեվիճակում գտնվել, քան պայքարել վավերական իրավունքի պաշտպանության համար: Նույն գործընթացը նկատելի էր նաեւ 1915-ի Ցեղասպանությունից հետո, երբ փոխհատուցման առավել մարտական պահանջից հրաժարվելով՝ նախընտրեցինք վառ պահել նահատակների հիշատակը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ինչ խոսք, ունեն մեղքի իրենց բաժինը այսօրվա աղետալի վիճակի համար: Եթե նրանք վեր կանգնեին իրենց կարգավիճակից` որպես ինքնակոչ անկախ պետություն եւ օգտագործեին դիվանագիտական որոշակի իրավական հարթակները, որոնք հասանելի են ազգային էթնիկական խմբավորումներին, ապա նրանք հաստատած կլինեին իրենց քաղաքական կամքը եւ միջազգային թատերաբեմում բարձրացրած կլինեին գիտակցությունն այդ մասին:
Վարդան Օսկանյանի գլխավորած «ԼՂ-ի ֆունդամենտալ իրավունքների պաշտպանության կոմիտեն» կարծես ստեղծվել է Ղարաբաղի վտարված խորհրդարանի մանդատով, սակայն նրա հայտարարության կոնտեքստը բավական անհստակ է ձեւակերպված, քանի որ այն նշում է «ժողովուրդ» եւ ոչ թե «(ԼՂ-ի) հանրապետություն» բառը: Այդ կոմիտեի նպատակն է գործել հանուն բնօրրան վերադառնալու Լեռնային Ղարաբաղի բնակության իրավունքի` որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղություն հաստատելու կարեւոր բաղադրամասի: Կոմիտեի հայտարարության երկրորդ կետը նշում է. «Ժողովուրդը վճռական է մնում իր քաղաքական ապագան եւ ժողովրդավարական ինքնորոշումը կերտելու հարցում», բայց անհստակ է, թե ինչպես է կոմիտեն պատրաստվում դիվանագիտական ճանապարհով համոզել Ադրբեջանին հասնելու այդ նպատակին:
Միջազգային իրավունքի դրույթներում վերադարձի մասին իրավական ոչ մի խոչընդոտ չի նշված: Այդ պատճառով է, որ պետությոեւններից շատերը (հատկապես Մ. Նահանգները, Ռուսաստանը, ԵՄ անդամ երկրները) պնդում են, որ ղարաբաղահայերի վերադարձի հարցը պետք է ներառվի միջազգային օրակարգում: Նման պնդումը, իհարկե, բավական ցինիկ է հնչում այսօր, հաշվի առնելով, որ այդ նույն պետությունները մատը մատին չտվեցին կանխելու համար էթնիկական զտման գործընթացը, որին նախորդել էր քաղաքացիներին եւ բանտարկյալներին ահաբեկելու դեպքերը, իննամսյա շրջափակումը եւ վերջնական հարձակումը 2023-ի սեպտեմբերին: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նույնիսկ որոշում անգամ չընդունեց դատապարտելու իրավունքի աղաղակող խախտումները: Այստեղ էլ հստակ չէ, թե դա հայկական դիվանագիտության ձախողո՞ւմն էր, թե՞ արդյունք էր փոխադարձ համաձայնության: Չափազանց դժվար է վերականգնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները այժմ, երբ այլեւս նրանք չեն ապրում իրենց բնօրրանում: ԼՂՀ-ի ղեկավարների շարունակվող ազատազրկումը, ԼՂ-ի հայկական պատմության ժխտումը, կառույցների ավերումն ու թալանը եւ հակահայկական հռետորաբանությունը ցույց են տալիս, որ Ադրբեջանը մտադիր չէ թույլատրել արցախահայերի վերադարձը իրենց հայրենի ոստան:
Այդուհանդերձ, վերադարձի իրավունքը դեպի առաջ շարժվելու միակ օրինական եւ քաղաքական ճիշտ ուղին է: Հայաստանը առայժմ ո՛չ ռազմական կարողությունն ունի, ո՛չ էլ քաղաքական կամքը վերանվաճելու այդ պատմական, հայկական հողակտորը: Բոլոր դեպքերում նման գործողությունը Հայաստանի կողմից անօրինական կլիներ: Բավականաչափ ընտանիքներ չկան, որոնք պատրաստ են զոհաբերելու իրենց որդիներին հանուն Արցախի: Բայց աշխարհասփյուռ հայության պարտականությունն է առաջ տանել եւ պաշտպանել արցախահայերի իրենց բնօրրանը վերադառնալու իրավունքը: Իրական մարտահրավերները այլ բնագավառներում են:
Հասարակական եւ քաղաքական մարտահրավերներ
Ստեղծված աղետալի իրավիճակը հաղթահարելուն միտված ստորեւ շարադրված մարտավարության հաջողության համար ժամանակը չափազանց կարեւոր է: Նախ, Ադրբեջանը, Թուրիքիայի աջակցությամբ արագորեն եւ ինտենսիվ կերպով տարածքի ենթակառուցվածքների շինարարության համար խոշոր ներդրումներ է կատարում, ժողովրդագրական գաղութացման իր նպատակին հասնելու համար: Երկրորդ, Արցախի փախստականները Հայաստանում ապրում են անորոշ պայմաններում, ենթարկվում են քաղաքական վերահսկողության եւ այդ պատճառով արտագաղթում են կա՛մ Ռուսաստան, կա՛մ էլ արեւմտյան մի որեւէ երկիր: Համաձայն ստացված տվյալների, 20 հազար արցախցիներ արդեն լքել են Հայաստանը եւ սեպտեմբերի 3-ի դրությամբ ընդամենը 4.300 հոգի է դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:
Դիվանագիտական հարթակում էլ մարտահրավերներ կան: Հայաստանի ներկա իշխանությունները ընդունել են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը Ադրբեջանի մաս է կազմում: Նրանք չունեն համապատասխան մարտավարություն: Մի կողմից, արտգործնախարարությունը եւ իրավական հարցերի կառավարական հանձնախումբը պաշտպանում են արցախահայության վերադարձի իրավունքը` քաղաքական եւ իրավական հարթակներում ապահովելով անվտանգության երաշխիքներ: Ի դեպ, արդարադատության միջազգային դատարանը (ICT) 2023-ի նոյեմբերի 17-ի որոշումով ճանաչել է այդ իրավունքը: Նախագահ Ալիեւն էլ է ճանաչել, պայմանով, որ 30 տարի առաջ Հայաստանը լքած ադրբեջանցիները նույնպես օգտվեն ադ իրավունքից: Մյուս կողմից, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կտրուկ հայտարարում են, որ Արցախի հարցը ավարտված է, եւ Հայաստանը այլեւս չի զբաղվում այդ հարցով: Սիմոնյանը 2023-ի նոյեմբերի 16-ին հայտարարեց. «Մենք մեծ խնդիր ունենք կապված արցախահայության հետ: Ես նպատակահարմար չեմ գտնում այստեղ Հայաստանում հիմնել Արցախյան պետականություն կամ պահպանել ու զարգացնել պետական համապատասխան ինստիտուտներ: Նման քայլերը համարում եմ Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնացող վտանգ»: Իսկ 2024-ի սեպտեմբերի 9-ին նա ամոթալի եւ անօրինական հայտարարությամբ հանդես եկավ ասելով. «Հայաստանի կառավարությունը չի ճանաչում ԼՂ-ի վտարանդի առաջնորդներին որպես այդ տարածքի եւ նրա տեղահանված բնակչության օրինական ներկայացուցիչների»:
Դա ի՛ր որոշելու բանը չէր:
Արցախահայությունը որպես բնիկներ
Եկեք այժմ միջազգային իրավունքի տեսանկյունից քննարկենք Լեռնային Ղարաբաղի բնակչության անհատական եւ կոլեկտիվ իրավունքները եւ գտնենք լավագույն ֆորումը պաշտպանելու այդ իրավունքները: Գրականության մեջ անհատական եւ կոլեկտիվ իրավունքների տարբերությունը սովորաբար բացատրվում է այն ձեւի մեջ, որով դրանք գործադրվում են: Որոշ իրավունքներ բացառապես անհատական բնույթ ունեն, մինչ ուրիշներ գործադրվում են համայնքի մյուս անդամների հետ միասին:
Միջազգային դատարանները սովորաբար անհատական իրավունքների հարցերը գերադասում են հակամարտության մեջ գտնվող ժողովուրդների կամ համայնքների կոլեկտիվ կամ քաղաքական իրավունքների հարցերից: Նույնիսկ բնիկ ժողովուրդների կամ ցեղախմբերի պարագայում անհատական իրավունքն է առավել պահպանվում: Իրականում կոլեկտիվ իրավունքները դրանք են, որոնք ընդհանրապես կիրառելի չեն անհատների իրավունքները պաշտպանելու համար: Դրանցում նախատեսվում է նաեւ ինքնորոշման իրավունքը: Չնայած նորմատիվ սահմանում չկա կոլեկտիվ իրավունքների վերաբերյալ, բայց հասկացությունը առաջացել է, որովհետեւ անհատական իրավունքները չեն կարող ճշգրիտ կերպով երաշխավորել բնիկ ժողովուրդների կամ այլ փոքրամասնությունների կոլեկտիվ շահերը:
Լեռնային Ղարաբաղի դեպքում այս կոլեկտիվ իրավունքի բնույթը հատկապես ակնառու է, չնայած հայերը երբեք իրենց չեն ներկայացրել որպես «բնիկների»: Էթնիկական այս համայնքը այդ վայրերում ապրել է շատ ավելի վաղ, քան 1918-ին կստեղծվեին Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունները: Նրանք միշտ օգտվել են հարաբերական ինքնավարության կարգավիճակից: Նրանց գաղութացրել են խորհրդային ժամանակներում եւ տարածքը քմահաճորեն փոխանցել Ադրբեջանին 1921-ին, թողնելով սակայն, որ պահպանվի ինքնավար մարզի կարգավիճակը:
Արցախցիները անկախություն հռչակեցին օրինական ձեւով 1991-ին, բայց 2020-ի նոյեմբերին պարտվելով պատերազմում, ամբողջ էթնիկ խմբավորումը բռնի տեղահանվեց 2023-ի սեպտեմբերին:
Այնպես որ, արցախցիների հայրենիք վերադառնալու իրավունքը ե՛ւ անհատական, ե՛ւ կոլեկտիվ բնույթ ունի, քանի որ համասեռ անհատների մի որոշակի խմբավորում, լուրջ իրավախախտումների հետեւանքում, զրկվել է իր ֆունդամենտալ իրավունքներից, ներառյալ ինքնորոշման իրավունքից:
Արդարադատության միջազգային դատարանի որոշումով ժամանակավոր միջոցներ են նախատեսվել, որոնք արտացոլում են անհատական եւ կոլեկտիվ իրավունքների կոմպլիմենտարությունը (ICS, Application, of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia vs Azerbaijan), indication of provisional measures, Order 17 November 2023, para. 69): Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ECHR) հայտարարություն-հորդորները նույնպես պաշտպանում են բնօրրան վերադառնալու եւ կորցրած շինությունների դիմաց փոխհատուցում ստանալու իրավունքը: Իրականում ECHR-ում գոյություն ունի նախադեպային իրավունքի մի գործ 1992-94 թթ. պատերազմի հետեւանքում Հայաստանից եւ Ադրբեջանից տեղահանված քաղաքացիների վերաբերյալ: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործում Եվրոպական դատարանը 2015-ին, նշելով հայցվորի իրավունքների բազում խախտումները, հորդորում է նրան վերադառնալ Գյուլիստան եւ վայելել իր սեփականության բարիքները: Մյուս կողմից, դարձյալ 2015-ին ECHR-ը նույնանման վճիռ է կայացրել «Շիրագովն ընդդեմ Հայաստանի» գործում, որտեղ ադրբեջանցի եզիդին բռնի տեղահանվել էր Լաչինի միջանցքից: Եվրախորհուրդի նախարարների կոմիտեն, որը վճիռների գործադրման վերահսկիչ մարմին է, հայտարարել էր 2022-ին, որ երկու դեպքում էլ վճիռները չեն գործադրվել:
Եվրոդատարանը իրավական այլ դրույթների շարքում կիրառել է «Pinheiro Principles» անունով ճանաչված ՄԱԿ-ի սկզբունքներն այն մասին, որ «Փախստականներին եւ տեղահանվածներին փոխհատուցում է նախատեսվում իրենց բնակարանների, ունեցվածքների եւ այլ կորուստների դիմաց»:
Ըստ այդ սկզբունքների, «բոլոր փախստականներն ու տեղահանվածները իրավունք ունեն փոխհատուցում ստանալու իրենց քմահաճորեն կամ անօրինաբար կորցրած բնակարանների, հողամասերի եւ /կամ ունեցվածքի դիմաց»: Սկզբունքներում նաեւ նշվում է, որ փոխհատուցման իրավունքը գոյություն ունի որպես առանձնահատուկ իրավունք, անկախ այն հանգամանքից, փախստականը կամ տեղահանվածը վերադառնո՞ւմ է իր բնօրրանը, թե՝ ոչ: Այս առանձնահատուկ իրավունքը կիրառվել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործում, սակայն նշված գյուղը հասնելու անվտանգության երաշխիքների բացակայությունը եւ ունեցվածքի գնահատման դժվարությունները խոչընդոտ են հանդիսացել գործադրելու այդ իրավունքը:
Դատարանը նշում է, որ համապարփակ խաղաղության հաստատման դեպքում խիստ կարեւոր է դառնալու հաստատել կորցրած ունեցվածքի գնահատման եւ պահանջարկի մի մեխանիզմ, որպեսզի ունեզրկվածները կարողանան վերականգնել իրենց իրավունքները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի իշխանությունը
Մինչ վերադարձի իրավունքը իրավական տեսակետից անառարկելի է, խնդիրը հիմնականում դիվանագիտական բնույթ ունի: Իրավունքները լավագույն ձեւով պաշտպանվում են միջպետական պահանջներով եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցությամբ: ICT-ը որպես ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյան պատշաճ հարթակ է Ղարաբաղի հայության համար: Գլխավոր հարցը, սակայն, այն է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունը պատրա՞ստ է պաշտպանելու եւ առաջ տանելու դիվանագիտական եւ օրինական այս մարտը մինչեւ վերջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է համարում Ադրբեջանի դեմ ներկայացված դիմումները, փոխադարձ հիմունքներով, ետ վերցնել, որպես ընթացող խաղաղության պայմանագրի բանակցությունների բաղկացուցիչ մաս: Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները անմիջական պատասխան չեն տվել այս խնդրին, միայն կառավարամետ լրատվամիջոցներն են արձագանքել Հայաստանի պատրաստակամությանը: ICT-ի միջպետական գործընթացից հրաժարվելը Արցախի դատի դեմ հասցված ծանր դիվանագիտական հարված է լինելու եւ սխալ մեկնաբանությունների դուռ է բացելու, քանի որ անպատժելիություն է նախատեսելու մարդկության դեմ գործված հանցագործությունների համար: Պատասխանատվության ենթարկելը ճակատագրական դեր է խաղում՝ մատնանշելու համար մարդու իրավունքների համակարգված խախտումներ կատարողներին: Ռասսայական խտրականությունը հիմնավոր պատճառն է այդ խախտումների: Եթե ուղղիչ կամ բարեփոխիչ միջոցներ չգործադրվեն Ադրբեջանի դեմ, որպեսզի վերջ դնի հայերի դեմ սանձազերծված ռասսայական խտրականությանը, ապա ոչ մի կայուն խաղաղություն չի կարող հաստատվել: Ծանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելը եւ բարեփոխիչ միջոցների գործադրումը երաշխավորում են, որ այլեւս չեն կրկնվի այդ հանցագործությունները: Խաղաղությունը երկու երկրների միջեւ, ինչպիսին են Հայաստանն ու Ադրբեջանը, չի կարող հարատեւ լինել, եթե նման երաշխիքներ չկան: Պատասխանատվության չենթարկելը նաեւ պարարտ հող է բոլոր նրանց համար, ովքեր նենգափոխում են պատմությունը եւ կատարվածը ներկայացնում խեղաթյուրված ձեւով:
Երրորդ կողմերի միջամտությունները
Արցախահայության ինքնորոշման իրավունքի խախտումը աղերսվում է նաեւ այլ լուրջ պարտավորությունների հետ, ինչպիսիք են, օրինակ, ռասսայական խտրականություն գործադրելը, մարդկանց կտտանքների ենթարկելը, վատ վերաբերմունք ցուցաբերելը, որոնք միջազգայնորեն անօրինական գործողություններ են համարվում: ՄԱԿ-ի յուրաքանչյուր անդամ պետություն «erga omnes» պարտականությունն ունի երեւան հանելու, բարձրաձայնելու որեւէ ժողովուրդի կամ ամբողջական համայնքի ֆունդամենտալ իրավունքների խախտումները: Erga omnes (համընդհանուր, բոլորին ուղղված) պարտավորությունները հաստատված են պաշտպանելու որեւէ խմբավորման կոլեկտիվ շահերը: Այն իրավունք է տալիս պետություններին հանցագործ երկրից պահանջել (ա)՝ դադարեցնել միջազգայնորեն անօրինական գործողությունները եւ երաշխավորել, որ դրանք այլեւս չեն կրկնվի եւ (բ) կատարել տուժած կողմի փոխհատուցման պարտավորությունները:
ICT-ի իրավագիտական խորհուրդը ժամանակի ընթացքում սահմանել է այդ պարտականությունների շրջանակը: «Barcelon Traction» դատական գործում (1970 թ.) ակնարկվում է «ագրեսիայի գործողությունների անօրինական լինելու եւ ցեղասպանության մասին»: Նաեւ «մարդու հիմնարար իրավունքների, այդ թվում գերությունից եւ ռասսայական խտրականությունից պահպանված լինելու մասին»: «East Timor» դատական գործում (1995 թ.) դատարանը ավելացրել է նաեւ «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին» խորհրդատվական կարծիքի տեքստում:
Ներկայիս երրորդ պետությունների կողմից մի շարք գործընթացներ են նախաձեռնված այս «erga omnes» սկզբունքի հիման վրա: Դրանց թվում են «Գամբիան ընդդեմ Միանմարի», «Հարավային Աֆրիկան ընդդեմ Իսրայելի» (ի պաշտպանություն Պաղեստինի, որին միացել են Լիբիան, Մեքսիկան, Իսպանիան, Թուրքիան, Կոլումբիան), «Նիկարագուան ընդդեմ Գերմանիայի» դատական գործերը: Այս բոլորը կարող են առնչվել Արցախից բռնի տեղահանվածների հետ, քանի որ նրանց «erga omnes» պարտավորությունները խախտվել են:
Բոլորովին վերջերս այդ պարտավորություններին նոր թափ հաղորդեց ICT-ը: Ամրագրելով, որ Իսրայելի երկարամյա օկուպացումը (1967-ից սկսած) եւ պաղեստինյան տարածքի բռնակցումն ու այնտեղ հաստատելը միջազգային իրավունքի խախտումներ են, դատարանը քննարկեց «այլ պետությունների» համար օրինական հետեւանքների հարցը եւ եկավ այն եզրակացության, որ «erga omnes»ի պարտավորությունները իրենց բնույթով «բոլոր պետությունների գործն է»: Հաշվի առնելով իրավունքների կարեւորությունը, «բոլոր պետություններն էլ պարտավոր են համագործակցել ՄԱԿ-ի հետ վերջ տալու անօրինական գործողություններին, թողնելով, անշուշտ, որ Գլխավոր Ասամբլեան եւ Անվտանգության խորհուրդը կայացնեն վերջնական որոշումը ինքնորոշում շնորհելու վերաբերյալ:
Ադրբեջանի ծայրահեղական դիրքորոշումը եւ խտրական վերաբերմունքն ու ատելության հռետորաբանությունը նկատի ունենալով, արցախահայերը պարտավոր են մարդու իրավունքների հիման վրա վերլուծել արմատական պատճառները իրենց դիմագրաված ողբերգության եւ հաստատ քայլերով պաշտպանեն իրենց անհատական եւ կոլեկտիվ իրավունքները՝ չմոռանալով անշուշտ փոխհատուցման պահանջը:
Արցախցիները պետք է գործեն ինքնուրույն
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ինքնուրույն պայքարի իր իրավունքները պաշտպանելու համար՝ անկախ Հայաստանի կառավարության գործողություններից, որոնք միշտ չէ, որ նույն շահերն են հետապնդում: Տեղահանված քաղաքացիները շատ շտապ կարգով պետք է քարոզչության (լոբբիինգի) միջոցով ներկայացնեն իրենց հարցը երրորդ երկրներում ոչ որպես ինքնակոչ պետության բնակիչներ, այլ որպես էթնիկական մի խմբավորման, որին բռնի տեղահանել են իր պատմական հայրենիքից: Նրանք պետք է կարողանան այդ երրորդ երկրներին համոզել, որ աջակցեն Ադրբեջանի դեմ ICT-ում Հայաստանի ձեռնարկած քայլերին (ռասսայական խտրականությանը վերջ տալու միջազգային կոնվենցիայի կիրառմանը): ICT-ը արդեն հավանություն տվել է Հայաստանի պահանջներին եւ հրամայել ժամանակավոր միջոցառումներ ձեռնարկել պաշտպանելու համար ԼՂ-ի հայերի իրավունքները: Արժեքների պահպանման վերաբերյալ մի վճիռ վստահորեն վերջ կդնի բռնի տեղահանության հետ կապված ռասսայական խտրականությանը եւ կհաստատի վերադարձի, ինչպես նաեւ անշարժ գույքի եւ դրամական կորուստների փոխհատուցման իրավունքները եւ բանտարկյալների ազատ արձակումը: Վճիռը նաեւ կպահանջի ուղղումներ մտցնել Ադրբեջանի օրենսդրության մեջ, որպեսզի երաշխավորվի բնօրրան վերադարձող հայերի անվտանգությունը: Եթե Ադրբեջանը չկատարի ICT-ի վճռի դրույթները, երրորդ երկրները հարցը կբարձրացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերում: Դա միակ միջազգային հարթակն է, որ կարող է արդյունավետ պատժամիջոցներ նախատեսել Ադրբեջանի դեմ, որպեսզի նա ստիպված լինի կատարել վճռի պահանջները:
Ֆիլիպ Րաֆֆի ԳԱԼՖԱՅԱՆ
Միջազգային իրավունքի փորձագետ,
Փարիզ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)