Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության բոլոր ներկայացուցիչները միաբերան պնդում են, թե մեր երկիրը եվրոպական արժեհամակարգի տիրույթում է եւ կրում է այն նույն արժեհամակարգը, ինչ, օրինակ, իսլանդացին, հույնը, պորտուգալացին կամ շվեդը: Իհարկե, այլ հարց է, որ հիշյալ չորս ժողովուրդներն իրենք միայն (առանց հայերի) չեն կարող կամ դժվարությամբ կարող են միեւնույն արժեհամակարգի կրողը լինել, եւ մեր այս խոսակցության թեման ամենեւին էլ այդ արժեհամակարգը չէ: Այլ այն, որ Հայաստանի նույն բարձրաստիճան ղեկավարության բոլոր ներկայացուցիչները միաբերան պնդում են, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է:
Այսինքն, կառավարման ձեւով, սկզբունքներով, գաղափարախոսությամբ, արժեհամակարգով, տնտեսական անվտանգությամբ նաեւ Հայաստանը եվրոպական արժեհամակարգի կրողն է ու դրա անքակտելի մասը, սակայն բուն անվտանգության հարցով, ժողովրդական կապերի առումով Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հենց այս սկզբունք-քաղաքականությամբ է հիմնավորվում Հայաստանի բարձրագույն իշխանության հավատամքը` ոչ թե Մաքսային միություն կամ Եվրոպական միություն, այլ` ե՛ւ Մաքսային միություն ե՛ւ Եվրոպական միություն: Ուշագրավ է, որ Ռուսաստանը երբեք` իր Մաքսային միություն նախաձեռնությունը չի դիտարկել որպես Եվրոմիությանը հակակշիռ, համենայն դեպս, դատելով Մոսկվայից հնչող հայտարարություններից, այս երկու միությունները հակադրության մեջ չեն: Ընդ որում, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այս մասին բարձրաձայնում են ամեն անգամ Հայաստան այցելելիս, հետեւաբար` հատուկ ընդգծելով, որ իրենք ընդհանուր առմամբ դեմ չեն Երեւանի հռչակած «եւ-եւ»-ի քաղաքականությանը:
Հետեւաբար, եթե Ռուսաստանը շարունակում է ընդունել Հայաստանին որպես ռազմավարական դաշնակցի, իսկ այդ մասին են վկայում ե՛ւ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի ե՛ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Երեւան կատարած այցերն ու այստեղ արած հայտարարությունները, ուրեմն նույն Մոսկվան ամենեւին էլ դեմ չէ, որ, օրինակ, ԵՄ-ի` Արեւելյան գործընկերություն նախաձեռնության հիմնադիր Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բացվի «Հայկական պուրակ»: Հիշեցնենք, որ Պատրուշեւը Երեւանում ընդգծեց, որ «Հայաստանում է գտնվում ռուսական բանակը», իսկ Բորդյուժան, շեշտելով, որ ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծում չունի, ինչը համառորեն պնդում է Իլհամ Ալիեւը, հայտարարեց. «1900-ականներին բոլորը համոզվեցին, թե այս տարածաշրջանում որքան դժվար է խաղաղություն հայտարարելը: Ես կարծում եմ, որ որոշ քաղաքական գործիչներ մոռացել են այս տխուր փորձը, եւ նրանք պետք է հիշեն 90-ականները. դա կթարմացնի նրանց հիշողությունը»: Հասկանալի է, թե Բորդյուժան ում նկատի ունի «որոշ քաղաքական գործիչներ» ասելով, քանի որ միայն ադրբեջանցի քաղաքական գործիչներն են հնարավոր համարում հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը: Միեւնույն ժամանակ, հասկանալի է, թե ինչու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը անուններ չի տալիս. քանի որ Ռուսաստանը, որին վերջին հաշվով ներկայացնում է Բորդյուժան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից է, պարտադրված է պահպանել կողմերի միջեւ հավասարակշռությունը, քանի դեռ զբաղված է միջնորդական առաքելությամբ: Այս առումով հետաքրքրական է, թե ինչո՞ւ, երբ ռուսները զենք են վաճառում ադրբեջանցիներին, Ռուսաստանից «նեղանում» են Հայաստանում, բայց երբ նույն ռուսները` ԼՂ հիմնահարցի շուրջը հանդես են գալիս խիստ հավասարակշիռ հայտարարություններով, շատերի կարծիքով դա բնական է: Այսինքն, ինչպե՞ս կարող է բնական լինել Մոսկվայի հավասարակշիռ հայտարարությունը, բայց բնական չլինել այն, որ ռուսները զենք վաճառելով Ադրբեջանին, նաեւ որոշակի իմաստով տարածաշրջանում զինված ուժերի հավասարակշռությունն են ապահովվում:
Ինչեւէ, Հայաստանում գազի սակագնի թանկացումից, այնուհետեւ ռուս-ադրբեջանական հիշյալ գործարքից հետո նկատվող հակառուսական տրամադրությունները ցրելու նպատակով նաեւ Երեւան ժամանած երկու բարձրաստիճան ռուսաստանցիները, երկուսն էլ ուժային կառույցների ներկայացուցիչներ, վերահաստատեցին, որ Հայաստանը չի դադարում Մոսկվայի համար մնալ ռազմավարական դաշնակից, ինչը չի նշանակում, որ ռուսները չեն կարող բիզնես անել եւ փող աշխատել` ի նպաստ իրենց եւ իրենց ռազմավարական դաշնակիցների ռազմարդյունաբերության ու զինանոցի ավելի արդիականացման:
Այս իրադարձություններից հետո կամ սրանց համապատկերում, նախագահի այցը Վարշավա բավականին հետաքրքրական էր: Նախ, բացառվում է, որ Սերժ Սարգսյանը Վարշավա ուղեւորվելով արտահայտում է իր դեմարշը ռուսներին, որովհետեւ այդ պարագայում Պատրուշեւն ու Բորդյուժան Երեւանում փոքր-ինչ այլ տոնայնությամբ կխոսեին: Հետեւաբար, Հայաստանին ինչ-որ կերպ հաջողվում է իրականացնել իր` «եւ-եւ» քաղաքականությունը, այլ հարց է, թե որքա՞ն դա կհաջողվի Հայաստանին: Կասկածից վեր է, որ մի օր Հայաստանը կանգնելու է ընտրության առջեւ: Սակայն ճիշտ չէ, որ Հայաստանին, հենց Հայաստանի ներսից, հիմա են պարտադրում կատարել այդ ընտրությունը, այն պարագայում, երբ, ռուսների խոստովանությամբ, մենք մնում ենք նրանց ռազմավարական գործընկերները, եվրոպացիները համոզված են եւ շատ ուրախ, որ մենք կրում ենք եվրոպական արժեհամակարգը, հետեւաբար մենք կարողանում ենք օգտվել ե՛ւ Եվրոպայի «Ավելին` ավելիի դիմաց» քաղաքականությունից ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցությունից (մասնավորաբար Հայաստանը շարունակում է զենք-զինամթերք ստանալ Ռուսաստանից), միեւնույն ժամանակ ո՛չ ռուսները, ո՛չ եվրոպացիները մեզ դեռեւս ընտրության առջեւ չեն կանգնեցրել, հետեւաբար նրանց համար էլ դեռեւս Հայաստանի «եւ-եւ» քաղաքականությունը ընդունելի է:
Ուրեմն ինչո՞ւ չօգտվել, քանի դեռ կարող ենք օգտվել… Քանի դեռ Եվրասիական միությունը գոյություն չունի, իսկ Եվրոպական միության ապագան դեռեւս մշուշոտ է: