1920-ի դեկտեմերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
Թուրքիայի կողմից այն ստորագրել է թուրքական բանակի հրամանատար Քյազիմ Կարաբեքիրը, հայկական կողմից՝ Ալեքսանդր Խատիսյանը։ Բաղկացած է 18 հոդվածից։ Ալեքսանդրապոլի պայմանագիրը կազմված էր երկու օրինակից՝ ֆրանսերեն և թուրքերեն։
Պայմանագրով Թուրքիային էր անցնում Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը, Շարուրի, Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող տարածքներ, որոնց հետագա ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։ Հայաստանը զրկվում էր զինապարտության հիմունքով բանակ պահելու իրավունքից, հայկական բանակի թիվն ամրագրվում էր 1500 զինվորի, 8 թնդանոթի և 20 գնդացրի չափով։
Ի՞նչ էր իրենից ներկայացնում այդ պայմանագիրը։
1-ին հոդվածով պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։
2-րդ հոդվածով որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը (ավելի քան 20.7 կմ²), իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով հաստատվելու էր հատուկ վարչություն։
Հայաստանի կառավարությունը զրկվում էր այդ վարչության գործունեությանը միջամտելուց, անկախ այն բանից, թե ինչպիսի ձև կընդուներ այդ վարչությունը։
Հայաստանի Հանրապետությանը իրավունք էր վերապահվում Թուրքիային անցած Կարսի մարզում և Սուրմալուի գավառում հանրաքվե անցկացնելու պահանջ ներկայացնել, բայց այդ նույն 3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։
Հոդված 4 Հայաստանը զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ ։
5-րդ հոդվածով Թուրքիայի քաղաքական ներկայացուցչին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո պետք է ժամաներ Երևան, իրավունք էր տրվում իր հայեցողությամբ տեսչություն և հետաքննություն կատարել վերը նշված պայմանների կատարման կապակցությամբ։ Դրա փոխարեն Թուրքիան պարտավորվում էր զինված օգնություն ցույց տալ Հայաստանին, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին վտանգի դեպքում, եթե Հայաստանի կառավարությունը նման խնդրանքով դիմեր նրան։ Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից (1920), պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ…»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։
Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում։
Պայմանագրով Հայաստանի մաս ճանաչված, բայց Թուրքիայի կողմից օկուպացված, շրջանները (Ալեքսանդրապոլի գավառ) պետք է ազատվեին Հայաստանի կողմից պայմանագրի բոլոր կետերի կատարումից հետո։
Այս կետը Թուրքիային հնարավորություն էր տալիս շարունակել գավառի երկարատև օկուպացիան, քանի որ պայմանագիրն այնպես էր կազմված, որ միշտ կարելի էր կառչել նրա այս կամ այն պայմանի ոչ լրիվ կամ ոչ ճիշտ կատարումից։
Պայմանագրի մյուս հոդվածները վերաբերում էին ազատ տարանցիկ առևտրին, փախստականների վերադարձին իրենց բնակավայրերը, Հայաստանի իսլամադավան բնակչության իրավունքներին։ Բոլոր այս պայմանները ոտնահարում էին Հայաստանի իրավունքները, արգելում հայ գաղթականների հայրենիք վերադարձը։
7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից… պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։
Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։ Փարիզի խաղաղության վեհաժողովի տվյալներով այդ գումարը շուրջ 19 միլիարդ ֆրանկ էր։
Սա է Ալեքսանդրապոլի պայմանագիրը,որը փաստացի Հայաստանի թրքացման ամրագրումն էր։
Հայաստանը զրկվում էր ոչ միայն Կարսի ու Սուրմալուի գավառներից,այլ փաստացի կիրցնում էր նաեւ այսօրվա Վայոց ձորի մարզի տարածքն ու թուրքական վերահսկողությանն էր հանձնում Ալեքսանդրապոլի գավառը/Շիրակի մարզ/ Ալեքսանդրապոլ /Գյումրի/ կենտրոնով։
Եվ միայն խորհրդայնացման հետեւանքով հնարավոր եղավ թուրքերից ազատել ամբողջ Շիրակն ու Գյումրին եւ հետ բերել Վայոց ձորը։
Ու այսքանից հետո կան «միամիտներ»,որ ասում են,թե Ալեքսանդրապոլի պայմանագիրը Կարսի պայմանագրի /1921-ի հոկտեմբերի 13/ չարիքի փոքրագույնն էր։
Կարսի պայմանագրով ամրագրվեց Հայաստանի վերահսկողությունն այսօրվա եւ Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում ,եւ ամենակարեւորը՝ Հայաստանի տարածքից դուրս բերվեց թուրքական զինուժը։
Սրանք են իրական փաստերը որ պետք է իմանալ։
Էդուարդ Շարմազանով