Ադրբեջանի ԱԳՆ-ից արձագանքել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր անցկացված «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» խորագրով միջոցառմանը հնչեցրած ելույթին։
Բաքվից հայտնել են, թե 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության կապակցությամբ արված հայտարարությունները, իբր, իրականությունը խեղաթյուրելու փորձ են։
«Հոկտեմբերի 12-ին «Խաղաղության խաչմերուկ. անվտանգության և ժողովրդավարության միասնություն» ֆորումում ելույթի ժամանակ 2020 թվականի եռակողմ հայտարարության առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները իրականությունը խեղաթյուրելու փորձ են»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։
«Հայաստանի վարչապետի հայտարարությունը եռակողմ հայտարարության վերաբերյալ հաղորդակցությունների բացման հարցի վերաբերյալ ևս մեկ անգամ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության կողմից ստանձնած եռակողմ հայտարարության 9-րդ կետի անտեսումը՝ ինչ ձևով է վերահսկում տրանսպորտային կապերը։ Եռակողմ հայտարարության 9-րդ կետում հստակ նշված է, թե ինչ պարտավորություններ ունի Հայաստանը հաղորդակցությունների բացման հարցում և ինչ ձևով է կազմակերպվելու տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունը։
Ընդհանուր առմամբ, եթե խոսենք եռակողմ հայտարարությունից բխող այլ պարտավորությունների խախտման՝ Հայաստանի գործողությունների մասին, ապա նախ պետք է հիշել, որ Հայաստանն իր անօրինական զինված կազմավորումները դուրս չի բերել Ղարաբաղի շրջանից մինչև 2023թ։ Ոչ ոք չի մոռացել, որ հայկական կողմը, որը բանավոր հայտարարեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, ապօրինի ռեժիմի քարոզչություն է իրականացրել Ադրբեջանի տարածքում, և որ Հայաստանի վարչապետը 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորանքներ է փոխանցել, այսպես կոչված, անկախության վերաբերյալ»,- ասվում է հայտարարության մեջ։