Խաղաղության համաձայնագրի անավարտ տեքստը ստորագրելու Հայաստանի համառ փորձերը ոչ այլ ինչ են, քան փորձ՝ թոզ փչել միջազգային հանրության աչքին և թաքցնել իր իրական մտադրությունները. հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նա նշել է, որ Հայաստանն Ադրբեջանի համար անընդունելի առաջարկներ է ներկայացնում և ձգձում բանակցությունները:
«Հայաստանը և նրա կողմնակիցները պետք է հասկանան, որ առանց Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջների խնդրի լուծման, անհնար է վերացնել հայ-ադրբեջանական հակամարտության արմատական պատճառները և հասնել տևական խաղաղության»,-ասել է Ամիրբեկովը:
Նա կրկին վստահեցրել է, որ Ադրբեջանը, իբր, հանդես է գալիս խաղաղության օգտին, և այժմ քայլը պետք է անի Երևանը:
«Գնդակը Հայաստանի դաշտում է, և մենք հույս ունենք, որ բաց չեն թողնի մեր հարաբերություններում ողբերգական էջը շրջելու պատմական հնարավորությունը»,-ասել է նա: