Չե՞ք զարմանում, որ մարդիկ սպասում են հոգեհանգստի, հետո հասկանում են, որ չէ, ուրիշ բան է տեղի ունեցել. ինչո՞ւ այդքան ոգևորվեցին մեր՝ Հանրային հեռուստաընկերություն գնալու և մեր պահանջը կատարելուց հետո. հարց տվեք ձեզ և փորձեք պատասխանը գտնել ինքներդ: Այս մասին այսօր Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, որ իր Հանրային գնալը եղել է իշխանությունների հետ համաձայնեցված:
Դիտարկմանը, որ հենց ընդդիմադիր որոշ գործիչներ են այդ մասին ասում, Սրբազանն արձագանքեց.
«Ես էլ հենց ընդդիմադիր կոչվածներին եմ ասում: Թող հանդարտ ու խաղաղ մնան: Իրենց պատճառով է, որ ես գտնվում եմ այստեղ: Մնացածը հետո կասեմ: Առաջիկայում ես բոլոր թեմաներից կխոսեմ, կասեմ նաև՝ ում ներկայությունն ում է ձեռնտու, ինչպես է ձեռնտու, ես ինչ գործ ունեմ հրապարակում»:
Հարցին՝ որևէ ընդդիմադիր ուժ իրեն խոչընդոտել կամ խանգարե՞լ է, Սրբազանը պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի կարող խանգարել:
«Ո՞վ պետք է խանգարի: Ինձ իմ ողջ ծառայության ընթացքում ոչ ոք չի ուղղորդել և չի էլ կարող ուղղորդել: Ես մեկ ուղղորդող ունեմ՝ Տեր Աստվածը և մեր ժողովրդի խիղճն ու ձայնը: Մնացածի մասին անպայման կխոսեմ, չեմ թողնելու՝ այսպես մնա: Ստախոսների, քաղաքական հաշվարկներ ունեցողների, այսօր տեղի ունեցող քաղաքական դաշտ կոչվածի դերակատարների, բոլորի մասին:
Այս մարդու ներկայությունը իշխանության մեջ հենց այնպես չի տեղի ունեցել, եթե այն թիրախը որդեգրեին հարվածելու, այս մարդը մինչև հիմա չէր լինի: Շահեր կան երևի, փոքր ու մեծ հաշիվներ կան, որը փորձում են իրականացնել: Եվ ընդհանրապես, ուզում են մեզ տանել, մտցնել մի ծուղակ՝ նախկին-ներկա, ավելի նախկին, որ այդ թակարդի միջից մարդիկ չկարողանան դուրս գալ: Նախկին-ներկա թակարդը իրենք հյուսել են և այս մարդիկ էլ ջանասիրաբար դա առաջ են տանում», – ասաց Սրբազանը: