«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ ֆունդամենտալ փոփոխություններ է պարունակում, բայց դրանք մտցված են կառավարող նեղ շրջանակի կողմից։ Այդ փոփոխությունների ներմուծման հարցում մասնագիտական լայն քննարկումներ տեղի չեն ունեցել՝ ո՛չ պետական ուսումնական հաստատություններում, ո՛չ բիզնես շրջանակներում, ո՛չ պետական գերատեսչական շրջանակներում, ո՛չ ծնողների շրջանում, ո՛չ ակադեմիական շրջանակներում, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԵՊՀ նախկին դոցենտ Մենուա Սողոմոնյանը։
«Որքան շահակիցներ պետք է ունենան այս նոր իրավակարգավորումները, և ունենք գրեթե զրոյին հասնող հանրային մասնակցություն։ Այս նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել սեպտեմբերի 16-ին. ընդամենը մեկ անգամ ձևական բնույթի հանրային քննարկում է տեղի ունեցել, և ես ոչ մի լրագրողի չեմ տեսել գիտության կոմիտեի դահլիճում տեղի ունեցած այդ քննարկմանը։ Միայն մեկ լրատվամիջոցի՝ Հանրային հեռուստաընկերությանն եմ տեսել, և նրա մասնակցությունն էլ, բնականաբար, պրոտոկոլային էր։
Եվ ահա այս կարևոր իրադարձությունը, այս կարևոր օրենքը, որը ճակատագրական նշանակություն է ունենալու սոցիալական բազմաթիվ սեգմենտների համար, մշակվել և ընդունման է ներկայացվում առանց շահագրգիռ շրջանակների մասնակցության»,- ասաց դոցենտը։
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը բազմաթիվ խնդիրներ է պարունակում, սակայն ամենախոշոր, ցավոտ և ֆունդամենտալ հարցերը վերաբերում են ԳԱԱ ճակատագրին, գիտական աստիճանաշնորհման նոր կարգին և մեթոդաբանությունը, բուհերի ինքնավարությանը և կառավարմանը, ինչպես նաև ակադեմիական ազատություններին և ակադեմիական քաղաքի խնդիրներին։
ԵՊՀ նախկին դոցենտը միաժամանակ հիշեցրեց, որ օրինագիծը պարունակում է Ակադեմիական քաղաքի սահմաններից դուրս բուհական ենթակառուցվածքների ստեղծման արգելք, փոխվել է հայեցակարգը, և խստացվել են լիցենզավորման չափորոշիչները։
«Պարզ է, որ բուհերի ճնշող մեծամասնությունը կփակվի ու ուժով կմիավորվի։ Դա կխորացնի մայրաքաղաքի և մարզերի առանց այդ էլ չափազանց անհամաչափ զարգացումը։ Մարզերում կփակվեն 10 բուհեր և 12 մասնաճյուղեր։ 9 հազար ուսանող կզրկվի մարզերում սովորելու հնարավորությունից։ Ոչ ոք նրանց կարծիքը չի հարցրել։ 2 հազար աշխատակիցներ կկանգնեն աշխատանքը կորցնելու վտանգի առջև»,- շեշտեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով՝ օրինագիծը հակասում է Սահմանադրությանը, փորձագիտական կարծիքը նույնպես հաշվի չի առնվել։
«Եթե դրան ավելացնենք ուղղագրական և կետադրական սխալների հսկայական քանակությունը նախագծի տեքստում… ԵՊՀ-ն իր 105-ամյա պատմությամբ, էլիտայի դարբնոցը, կփլուզվի»,- ամփոփեց Մենուա Սողոմոնյանը։