Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Կոմիտաս և Մարգարիտ Բաբայան. «Փարիզյան հանդիպումներ»

Մեր Հանճարը 155 տարեկան է։

Հոբելյանի առիթով Հայ մեծերի պանթեոն՝ Կոմիտասի շիրմին այցելեցին մտավորականներ, արվեստագետներ, կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ հայ դաշնակահարուհի, երգչուհի, երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտաս Վարդապետի մտերիմ բարեկամ Մարգարիտ Բաբայանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Փարիզյան հանդիպումներ» ժամանակավոր ցուցադրության բացումը, որն անցկացվում է Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հետ համատեղ։

Ցուցադրության շրջանակում ներկայացվեց շուրջ 150 արխիվային փաստաթուղթ և լուսանկար Գրականության և արվեստի թանգարանից, 4 կտավ՝ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից, վավերագրեր և լուսանկարներ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտից, ինչպես նաև Լալուա ընտանիքի արխիվից:

Ցուցադրության տարբեր բաժիններ նվիրված են Մարգարիտ Բաբայանի գործունեության տարբեր ոլորտներին, մեկ առանձին բաժին էլ ներկայացնում է  Մարգարիտ Բաբայանի և Կոմիտաս Վարդապետի մտերմությունը՝ նրանց նամակագրության միջոցով։