Երբ Սամանթա Փաուերը հրատարակեց «Դժոխքից առաջացած խնդիրը: Ամերիկան եւ ցեղասպանության դարաշրջանը» (A Problem from Hell: America and the Age of Genocide) խորագրով մրցանակակիր գիրքը, հայերս, աշխարհի տարբեր մասերում ծվարած մարդու իրավունքների պաշտպանների հետ համազոր, հավատացինք, որ երկնքից է նա իջելՙ պաշտպանելու ցեղասպանություններին եւ մարդու իրավունքների ոտնձգություններին զոհ գնացած մարդկանց իրավունքները: Նա այնքան փաստացի ու իրավական հիմնավորումներով էր տվյալներ բերել եւ այնքան կրքոտ էր այդ ամենի մասին գրել, որ կասկածի նշույլ անգամ չէր թողնում, որ ինքը իրոք մարդու իրավունքների եւ արդարության առաքյալն է, մունետիկը:
Նախագահ Օբամայի առաջին ընտրապայքարի օրերին նա գրավոր հայտարարություններով եւ տեսահոլովակներով մոտեցավ հայկական համայնքներինՙ համոզելու համար նրանց, որ ընտրվելու դեպքում Օբաման անպայման ճանաչելու է հայերի ցեղասպանությունը: Շնորհիվ հայերից եւ մարդու իրավունքների պաշտպան տարբեր կազմակերպություններից քվեներ կորզելու նրա ջանքերի, Օբաման ընտրվեց նախագահ, եւ Փաուերն էլ պաշտոն ստացավ Սպիտակ տանը: Նշանակվեց նախագահի հատուկ խորհրդական մարդու իրավունքների պաշտպանության գծով: Ավելի բարձր պաշտոնի էլ կարող էր հավակնել, եթե Հիլարի Քլինթոնի հետ նախօրյակին վիճած եւ նրան «հրեշ» (monster) անվանած չլիներ «The Scotsman» պարբերականին տված հարցազրույցում:
Այսօր, երբ նրան առաջադրել են ստանձնելու ՄԱԿ-ում Մ. Նահանգների ներկայացուցչի պաշտոնը (փոխարինելով Սյուզան Ռայսին), Փաուերը բոլորովին տարբեր քաղաքական գործիչ է դարձել: Նա հավատարիմ չմնաց հայերի ցեղասպանության հարցում իր տված խոստումին, ոչ էլ այդ մասին հիշեցրեց իր «բոսին»ՙ Օբամային: Փոխարենը նա ապավինեց մի յուրահատուկ հնարքի, հուշելով նախագահին, որ նա էլ օգտագործի երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Բ-ի արտասանած «Մեծ եղեռն» եզրը:
Իր հերթին նախագահ Օբաման շարունակեց կրկնել, որ չի փոխել իր դիրքորոշումը այդ (ցեղասպանության- Հ.Ծ.) հարցի վերաբերյալ, առանց, սակայն, հստակորեն սահմանելու, թե ինչ է «այդ հարցը»:
Ամերիկայի հայկական համագումարը հունիսի 7-ին հրատարակեց մամուլի մի հաղորդագրություն, որտեղ ներկայացված են Սամանթա Փաուերի վաղ շրջանի գործունեությունն ու հայտարարությունները, որոնք նրան բնութագրում են որպես ազնիվ մտավորականի եւ մարդու իրավունքների պաշտպանի: Ոչ մի խոսք նրա հետագա անազնիվ քաղաքական քայլերի մասին, որոնց շնորհիվ քաղաքական իշխանության սանդղակներով նա տիրանում է ավելի բարձր պաշտոնների: Հաղորդագրության եզրափակիչ պարբերությունում նշված է. «Համագումարը ակնկալում է, որ հաջորդող շաբաթներին Մ. Նահանգների Սենատը վճռականորեն կհաստատի նրա թեկնածությունը այդ պաշտոնում»: Նման միակողմանի ներկայացումը վատ ու վնասաբեր ծառայություն է հայկական համայնքին:
Այն փաստը, որ սենատոր Ջոն Մկքեյնի (հանրապետական Արիզոնայից) նման ռազմատենչ մի մոլագար հավանություն է տվել նրա թեկնածությանը, շատ բան է ասում Փաուերի շրջադարձի մասին: Առավել անկողմնակալ բնութագրում է տալիս Փաուերի եւ Ռայսի մասին Սան Դիեգոյի համալսարանի խաղաղության ուսումնասիրությունների ֆակուլտետի դեկան, ՄԱԿ-ում խաղաղության պահպանմանը վերաբերող հարցերի նախկին ավագ խորհրդատու Էդուարդ Ս. Լաքը, որն ասում է. «Հինգ տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխագուշակել, թե ուր կհասնեն նրանք այս օրերին: Նրանք, երկուսն էլ, իդեալիստներ էին, բայց այժմ նրանք դարձել են գործնական իդեալիստներ: Կառավարությունում անցկացրած ժամանակը այդպիսին է դարձնում մարդկանց»:
Նույն խոսքերը կարելի է ասել նաեւ Օբամայի մասին:
Մենք ամբողջական տեղեկություն չունենք, թե որպես Օբամայի թիմի ավագ աշխատակից Փաուերն ինչ համաձայնության է եկել թուրք առաջնորդների հետ եւ ինչ պարտավորվածություններ է ստանձնել Մ. Նահանգների կառավարության անունից, բայց սկզբունքներին դավաճանելու հանգամանքն ինքնին խոսում է այն մասին, որ հանուն կարիերայի առաջխաղացմանը նա վաճառել է իր հոգին: Ցեղասպանության հարցի վերաբերյալ նրա կտրուկ շրջադարձը եւ նախագահին էլ իր խոստումից հետ պահելու փորձերը ամբողջովին բնութագրում են նրա կերպարը: Մնացածը դժվար չէ կռահել նրա գործունեությունից, որը տեսանելի է հասարակությանը:
Կարծիք կա, որ Սամանթա Փաուերն ու Սյուզան Ռայսն են ճարտարապետները Սպիտակ տան այսպես կոչված «մարդասիրական միջամտության» քաղաքականության, որը նախագահ Օբամային համոզեց «մարդասիրական նպատակներով» տապալել Մուամմար Քադդաֆիին Լիբիայում: Մարդասիրության ի՞նչ քանակություն արդյոք անհրաժեշտ էր Փաուերինՙ առաջ տանելու համար ինքնիշխան մի պետություն ներխուժելու իր դիվային ծրագիրը: Նույնիսկ եթե հաշվի չառնենք այդ «մարդասիրական ներխուժման» հետեւանքով տեղի ունեցած Մ. Նահանգների դեսպան Քրիս Սթիվենսի սպանությունը, մենք դրական ոչ մի փոփոխություն այդ երկրում չենք նկատում: Մինչեւ օրս Լիբիայում կոտորածներ են տեղի ունենում, եւ քաղաքական անկայունության մթնոլորտն էլ ակնհայտ է:
Մի կողմ թողնելով տարօրինակություններըՙ պետք է նշել, որ Քադդաֆին ստեղծել էր Մերձավոր Արեւելքում ամենահավասար հասարակությունը, որտեղ նավթի եկամուտները բաշխվում էին ժողովրդին, եւ ոչ թե ծախսվում անձնական պերճասիրության վրա, ինչպես Ալիեւներն են անում, մինչ ազերի միլիոնավոր փախստականներ խղճուկ ավաններում մատնված են թշվառության: Լիբիա ուղարկվեցին վարձկաններ, որոնք պետք է ապստամբություն բարձրացնեին, իսկ ՆԱՏՕ-ի ռմբակոծումներն էլ ավարտեցին գործողությունը, Չինգիզխանական ոճի վայրագությամբ սպանելով Քադդաֆիին եւ հեռուստատեսությամբ ցուցադրելով կատարվածը: Երկրում ծայր առան արյունահեղությունները, որոնք մինչ օրս շարունակվում են: Սա է Փաուերի «մարդասիրական ներխուժման» քաղաքական առաքելության արդյունքը:
«Մարդասիրական ներխուժման» մեկ այլ դրսեւորում կարելի է համարել նաեւ 1994-ի դեպքերը Ռուանդայում, երբ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի հրամանատարը զգուշացրեց, որ այնտեղ ցեղասպանություն է իրականացվելու: Զգուշացումը անտեսվեց, որովհետեւ ինչ-որ մի խմբավորման ձեռնտու էր, որ 800 հազար թութսիներ սպանվեն հութուների ձեռքովՙ ընդամենը հարյուր օրերի ընթացքում: Ցեղասպանությունը կատարվեց Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, եւ չմիջամտելու ու չկանխարգելելու համար ներողություն խնդրելու նպատակով դեպի Կիգալի կատարած նախագահի այցը բոլորովին էլ անկեղծ չէր: Այն չափազանց քիչ էր եւ չափազանց ուշացած:
Իսկ Սամանթա Փաուերի քաղաքական անկայունության ամենացայտուն օրինակը նրա շրջադարձային դիրքորոշումն էր իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում: Նախքան կառավարության մաս կազմելը նա հայտարարել էր, որ Մ. Նահանգները պետք է «վիթխարի» պարտավորվածություն հանձն առնիՙ ստեղծելու համար պաղեստինյան անկախ մի պետություն: Նման քայլը, ըստ «Նյու Յորք թայմսի», նշանակում էր «օտարացնել ամերիկացի հրեաներին», որոնք, Փաուերի բնորոշմամբ, «հսկայական քաղաքական եւ ֆինանսական ռեսուրսների տեր են»:
Հետագայում իսրայելական քարոզչական խմբավորումներից «թողություն հայցելու» նպատակով նա ներողություն խնդրեց պաղեստինցիների իրավունքների վերաբերյալ իր կատարած ակնարկների համար:
Տխուր փաստ է արձանագրել, որ որեւէ քաղաքական գործիչ կարող է այդքան ստորանալ, որ հանուն կարիերայի առաջխաղացման, «թողություն հայցի» քարոզչական խմբավորումներից: Բայց դա իր արդյունքը տալիս է: Նրա վերոնշյալ թեկնածությանը հավանություն են տվել Վաշինգտոնում Իսրայելի դեսպան Մայլք Բ. Օուենն ու ազգային հակազրպարտչական լիգայի տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը: Վերջինս նշել է. «Նա (Սամանթան- Հ. Ծ.) հասունացել է եւ առաջ գնացել: Ես անհամբերությամբ սպասում եմ, որ ՄԱԿ-ում կաշխատեմ նրա հետ»:
«Նյու Յորք թայմսի» հոդվածը ակնարկում էր, որ պաղեստինցիների իրավունքները պաշտպանելուց հրաժարվելը ճանապարհ է հարթել Փաուերի համար ստանալու Սենատի պաշտպանությունը իր թեկնածության հարցում: «Նա նաեւ լավ հարաբերություններ է մշակել ամերիկացի հրեաների խմբավորումների հետ սկսած 2011 թվականից, երբ 40 ղեկավար անձնավորությունների հետ հանդիպումներում նա ցավ է հայտնել, որ երբեմն անհարկի դատողություններ է կատարել, եւ հավաստիացրել է, որ բոլորովին էլ հակա-իսրայելական հակվածություն չունի», գրում է թերթը:
Եթե Փաուերը դադարել է պաղեստինցի ժողովրդի իրավունքների պաշտպանը լինելուց, մենք ոչ մի երաշխիք չունենք, որ նա նաեւ ներողություն խնդրած չլինի թուրք առաջնորդներիցՙ հայերի ցեղասպանության հարցում իր սկզբնական դիրքորոշման համար:
Ամենայն հավանականությամբ նա հեշտությամբ հաղթանակ է տոնելու Սենատի առաջիկա լսումների ժամանակ, եւ մենք մի երկերեսանի բարեպաշտի ենք ուղարկելու ՄԱԿՙ ներկայացնելու Մ. Նահանգների շահերը:
Փաուերի պարագան լիուլի հաստատում է այն կարծիքը, որ քաղաքականությունն ու բարոյականությունը իրարից շատ հեռու հասկացություններ են: Հավելյալ փաստեր պետք չեն:
Թարգմ. Հ. Ծ