Րաֆֆի Միքայէլեանն իր սերնդի ամենավառ,
ամենասիրված, ամենախոստումնալի, հասուն երաժիշտն է:
Եվ իր ճանապարհներն ուր տանում են, միշտ բերում են Հայաստան:
Օլյա Նուրիջանյան
Չորս երգչախումբ մի բեմում, մի նպատակի համար՝ համախմբելու հանրությանը եւ հաղորդակից դարձնելու երաժշտական մաքրամաքուր արվեստին: Սեպտեմբերի 3-ին, «Unison» հասարակական կազմակերպության (տնօրեն՝ Արմեն Ալավերդյան) ջանքերով, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ երկար սպասված հայ-ֆրանսիական համերգը՝ ֆրանսիական «COFO» (Coeur Francais d Oratorio, գեղարվեստական ղեկավար՝ Ժան Պիեռ Լոռե) եւ «Սիփան-Կոմիտաս» (գեղարվեստական ղեկավար՝ Դավիթ Պիվազյան) երգչախմբերի, «Փարոս» կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Րաֆֆի ՄիքայԷլեան, տնօրեն՝ Արմեն Ալավերդյան) եւ Ա. Տիգրանյանի անվ. երաժշտական դպրոցի երգչախմբի (խմբավար՝ Ռուբեն Կարասեֆերյան), ինչպես նաեւ Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան) եւ մենակատարների մասնակցությամբ, դիրիժոր Րաֆֆի Միքայէլեանի ղեկավարությամբ:
Համերգը, որի կազմակերպմանն աջակցել են ԿԳՄՍ նախարարությունը, «Փարոս» հիմնադրամը (ԱՄՆ), Viva ընկերությունը եւ Կարպիս Ափրիկյանի ընտանիքը, սկսվեց երաժշտագետ Օլյա Նուրիջանյանի բացման բովանդակալից խոսքով: Ներկաներին ողջունեց նաեւ «COFO» երգչախմբի ներկայացուցիչ՝ Ֆիլիպ Ժանյանը, ներկայացնելով համերգի նախապատմությունը եւ կատարվող ստեղծագործությունները: Համերգի սկզբում դիրիժոր Րաֆֆի Միքայէլեանի (ԱՄՆ-Հայաստան) յուրատիպ մեկնաբանմամբ հնչեց Գաբրիել Ֆորեի «Պավանա»-ն երգչախմբի եւ նվագախմբի համար (գրվել է 1887 թ., նվիրվել՝ կոմսուհի Գրեֆֆուլեին), որի կատարումը նվիրվեց Գ. Ֆորեի մահվան 100-րդ տարելիցին, որպես հարգանքի տուրք: Հատկապես նշանակալի էր ֆրանսահայ կոմպոզիտոր, ՀՀ Մովսես Խորենացու մեդալակիր, Ֆրանսիայի բարձրագույն տիտղոս՝ «Արվեստի եւ գրականության կոմանդորի» պետական շքանշանակիր՝ Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» (Իշխան Մհերի ուխտը) օրատորիայի (նվիրված՝ Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբին) կատարումը: Րաֆֆի Միքայելյանն իր պրոֆեսիոնալ եւ ազդեցիկ մեկնաբանմամբ կարողացավ փոխանցել կոմպոզիտորի մտահղացումը ներկաներին: Դիրիժորը (ծնվ. 1985 թ., Քուվեյթում)՝ չնայած երիտասարդ տարիքին, անցել է ստեղծագործական բուռն ուղի. 2009-ից «Փարոս» կամերային երգչախմբի դիրիժորն է: Նրա ղեկավարությամբ «Փարոս»-ն արժանացել է 4 արծաթե մեդալների՝ Ռիգայում (2014 թ.) եւ Սոչիում (2016) կայացած երգչախմբերի համաշխարհային մրցույթում: 2014 թ. Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացրած «Կոլոժա Բլագովեստ» մրցույթում ճանաչվեց «Լավագույն խմբավար» եւ արժանացավ 1-ին մրցանակի «Հավատամք» իգական երգչախմբի հետ: Ր. Միքայէլեանը Լոս Անջելեսում «Voce Dell orchestra» հիմնադիրն ու դիրիժորն է: Նվագախումբը հիմնականում ելույթ է ունենում Բըրբենքի Սրբոց Ղեւոնդյանց մայր տաճարում «Շնորհալի» երգչախմբի հետ միասին: 2019 թ. իրականացրել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի պրեմիերան Սան Դիեգոյում «Musica vitale»-ի հետ: 2022 թ. Ր. Միքայէլեանը նշանակվել է Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի եւ բալետ ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր: Հյուրախաղերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում:
Համերգի մասին իր խոսքում դիրիժորը նշեց. «Չնայած դահլիճում տեխնիկական մի շարք թերթությունների առկայությանը՝ կապված դահլիճի ձեւավորման, լուսավորության հետ, բացակայում էին երգչախմբի կանգնելու համար նախատեսված հարմարանքները (որի պատճառով երգչախմբերի անդամները շատ անհարմար էին կանգնած), այնուամենայնիվ կարողացանք ապահովել համերգի հաջողությունը: Այս ստեղծագործությանը ես ծանոթ եմ 15 տարեկանից, եւ ինձ միշտ գրավել է նախերգանքը, հատկապես առաջին մի քանի տակտերը, որոնք հիշեցնում են բրուկներյան հնչողությունը, իմ ամենասիրելի կոմպոզիտորն է՝ Անտոն Բրուկները: Օրատորիային բնորոշ է հնչողության մասշտաբայնությունը, պատկերավորությունը, հայկական ժողովրդական եւ հոգեւոր երաժշտությանը հատուկ մոտիվների առկայությունը, որը կոմպոզիտորը հմտորեն սինթեզել է արեւմտյան՝ Վագների, Բրուկների եւ Վերդիի երաժշտությանը բնորոշ մոտիվների հետ»:
Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավթի ծնունդը» օրատորիան կոմպոզիտորի ստեղծագործական գլուխգործոցներից է, որով հավերժանում է «Սասնա ծռեր» էպոսի Դավթի ճյուղի դյուցազնական եւ մարդկային հարուստ գծերով օժտված ամենահերոսական կերպարը: Օրատորիան, որն առաջին անգամ, Կարպիս Ափրիկյանի ղեկավարությամբ կատարվել է 1994 թ. Սորբոնի Մեծ ամֆիթատրոնում, գրվել է Հակոբ Օշականի (1884-1948 թթ.) պիեսի հիման վրա: Կոմպոզիտորի խոսքերով նա ընտրել է «պիեսի նախաբանը, քանի որ այս դրվագն ունի խորհրդանշական նշանակություն»: Այստեղ պատմվում է Դավթի հրաշագործ ծննդյան մասին, որն ազդարարել է հրեշտակը. «9 ամսից, 9 օրից, 9 ժամից տիկին Թալինը կծննդաբերի մեծ ժառանգորդին»: Իսկապես, 40 տարվա ամուսնությունից հետո իշխան Մհերը եւ նրա կինը՝ Թալինը վերջապես երկնքից ստանում են աստվածային կամքի պտուղ՝ որդի, որը դառնալու է սասունցիների պաշտպանը: Բայց աստվածային այս պարգեւը ենթակա է մի սարսափելի պայմանի՝ ծնողները ստիպված կլինեն հրաժարվել կյանքից, նրանք պետք է իրենց հոգիները հանձնեն Աստծուն երեխայի ծնվելուց հետո: Այս զոհաբերությունը մեծ թագավորի հավատքի փորձություն է: Նա ընդունում է «ժառանգորդ սեփական կյանքի դիմաց» պայմանը եւ ենթարկվում Աստծո կամքին՝ իր երկրի մշակութային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ սահմանների պաշտպանության համար:
Կ. Ափրիկյանի օրատորիան աչքի է ընկնում մոնումենտալ, դրամատիկ, միեւնույն ժամանակ քնարական հնչողությամբ, կերպարային բազմազանությամբ: Այս ամենի բացահայտմանը նպաստեցին նաեւ մենակատարներն իրենց պրոֆեսիոնալ եւ հոգեբուխ կատարմամբ. Լուիզա Երեմյան (սոպրանո, հրեշտակ), Անի Սիմոնյան (մեձո-սոպրանո, Թալին իշխանուհի), Ադամ Բարրո (բաս, Ֆրանսիա, քահանա), Հովսեփ Նշանյան (բարիտոն, իշխան Մհեր), Լիլիթ Սիմոնյան (մեձո-սոպրանո, մայրիկ), Ալեն Ալավերդյան եւ Եվա Փարեմուզյան (մանուկներ):
Համերգի ավարտին ներկաներին ջերմորեն ողջունեց Հայաստանում Ֆրանսիայի Դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
Կարծում ենք, իսկապես համերգը հաջողվեց եւ անմոռանալի հետք թողեց ներկաների հիշողության մեջ: Դրա վառ ապացույցներն են լեփ լեցուն դահլիճում հոտնկայս ծափահարությունները եւ դրական ու ջերմ արձագանքները: Այս առնչությամբ նշենք Մարկոս քահանա Մանգասարյանի խոսքը. «Երաժշտասեր ու երաժշտագետ ընկերներս թող չզարմանան ու թող ներեն, որ կյանքիս մեջ առաջին անգամ այսօր լսեցի այս փառահեղ օրատորիան: Ազդեցությունն այնքան հզոր էր, որ դժվարությամբ եմ խոսքեր գտնում զգացողություններս նկարագրելու համար: Կարպիս Ափրիկյանի «Սասունցի Դավիթի ծնունդն» է: Լսե՛ք, թող ձեր սիրտն ու հոգին էլ փառավորվի»:
ԱՐՄԻՆԵ ԱԹՈՅԱՆ
երաժշտագետ