2024 թվականի ամառային զորակոչն իրականացվել է պատշաճ մակարդակով։ Իհարկե, գործընթացում պարբերաբար տեղ են գտել խնդիրներ, բայց զորակոչի ընդհանուր գնահատականը դրական է՝ սպասվածից ավելի որակյալ, «Պիտանի են ծառայությանը, բայց ի՞նչ գնով. ամառային զորակոչի ընթացքում արձանագրված խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Սարգսյանը։
Ըստ բանախոսի՝ այս զորակոչը միակն էր, որն ամբողջությամբ սկսվեց և անցավ քաղաքացիների՝ առողջական վիճակի ստուգումն իրականացնելով էլեկրոնային «Արմեդ» ծրագրով։
«Սա միակ զորակոչն էր, որի ընթացքում զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիները հետազոտության ուղեգրվեցին, և հետազոտման արդյունքները զինկոմիսարիատ հասան բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչը բացառեց մարդկանց մասնակցությունը գործընթացին։ Սա առաջին զորակոչն էր, երբ զինկոմիսարիատները բուժհաստատություններին ավելի քիչ առնչվեցին. գրեթե շփում չկար։
Այս զորակոչի ընթացքում բացառիկ հնարավորություն ունեինք. զորակոչի ենթակա բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեին ծանոթանալու համակարգ ներբեռնված տվյալներն։ Սա թափանցիկության, իրազեկվածության իրավունքի իրացում է»,- ասաց ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Քննարկմանը ներկա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանն իր հերթին նկատեց, որ իրենք յուրաքանչյուր զորակոչի աշխատում են հատուկ մեթոդաբանությամբ։
«Մենք զորակոչի գրեթե ամբողջ փուլում կապի մեջ ենք լինում Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ։ Նպատակն այն է, որ յուրաքանչյուր բողոքի հետևից գնալը չլինի միայն գրավոր ընթացակարգով, այսինքն՝ շատ բողոքներ լուծում են ստանում նույնիսկ բանավոր ընթացակարգով»,- ասաց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը։
Անդրանիկ Եղոյանը մասնավորապես նկատեց, որ այս զորակոչի ընթացքում ՄԻՊ գրասենյակը մի շարք իրազեկող ակցիաներ է իրականացրել՝ ուղղված ինչպես զինակոչիկներին, այնպես էլ նրանց հարազատներին՝ պարազաբանելու վերջիններիս իրավունքները, ծանոթացնելու բժշկական հանձնաժողովների որոշումների բողոքարկման գործընթացին և օգնելու ուղիղ դիմել ՄԻՊ-ին։
«2024 թվականի ամառային զորակոչի ընթացքում ստացել ենք 145 գրավոր և բանավոր բողոք։ Ընդ որում՝ մենք չենք արձանագրել մարդու իրավունքների խախտման մասին որոշում։ 51 բողոք սկսել ենք գրավոր ընթացակարգով, ինչը նշանակում է,որ բողոքի նախնական ուսումնասիրությամբ մենք տեսել ենք անձի իրավունքների ենթադրյալ խատում։ Արդյունքում գրեթե բոլոր դեպքերում զինակոչիկներն ուղեգրվել են կրկնակի հետազոտությունների, հանձնաժողովների որոշումներ են փոխվել, զինծառայության համար պիտանի որոշ զինակոչիկներ ճանաչվել են սահմանափակումներով պիտանի, տրամադրվել են տարկետումներ և այլն»,- նշեց ՄԻՊ ներկայացուցիչը։
Քննարկման հաջորդ բանախոս, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյան էլ հավալեց, որ իրենց գրասենյակն ամառային զորակոչի ընթացքում ստացել է 44 բողոք, որից 40-ը՝ առողջական հարցերին վերաբերող։
«Մենք ունեցել ենք նախորդ տարիներից կրկնվող խնդիրներ, օրինակ՝ սեփական ֆինանսական միջոցներով հետազոտությունները հաշվի առնելու հարցը։ Մասնավորապես 2023 թվականի ձմեռային զորակոչին ունեցանք պատկեր, երբ զորակոչիկին հորդորում էին ներկայացնել սեփական միջոցներով իրականացրած հետազոտությունների արդյունքները։ Սա բավական դրական քայլ էր, սակայն 24 թվականի ամառային զորակոչին կրկին ունեցանք խնդիր, որ սեփական միջոցներով անցած բժշկական հետազոտությունները չեն կարող հաշվի առնվել, որովհետև կասկած կա, որ կարող է համագործակցություն լինել զորակոչիկների և բժիշկների միջև։
Հետևաբար այդ հետազոտությունները կասկածի տակ են դրվում տարածքային ստարաբաժանումների կողմից։ Այսինքն՝ ունենք մի իրավիճակ, երբ խնդիր փաստացի կա, բայց հետազոտությունը կամ չի իրականացվում կամ իրականացվում է սեփական միջոցներով, բայց հաշվի չի առնվում ՊՆ-ի կողմից»,- ասաց բանախոսը։
Նազելի Մովսեսյանը շեշտեց՝ իր շրջապատում քիչ չեն դեպքերը, երբ զինակոչիկները փաստել են՝ այս կամ այն բուժհաստատությունում իրենց ասել են, որ հստակ ցուցում ունեն չհետազոտելու այդ տարիքի անձանց, այսինքն՝ նշված տարիքային խմբի տղաներին պարզապես մերժում են հետազոտել։
ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արեն Սարգսյանը հերքեց այս տեղեկատվությունը։ «Քաղաքացիներն ազատ են իրենց միջոցներով հետազոտվելու ցանցացած բուժհաստատությունում»,- ասաց նա։