«Առյուծաձեւ Մհերը» ԱԴԱՄ ԲԱՐՐՈՅի առյուծաձայն բասով
«Վայելել այս կյանքը` աշխատելով չնկատել հեռուն, թե՞ ստեղծել ապագան` զոհաբերելով սեփական կյանքը»: Այս հարցը թվում է զուտ փիլիսոփայական, մինչդեռ ավելի քան արդիական է այսօր, երբ պարզ եւ զոհաբերություն չպահանջող ծնելիությունը Հայաստանում 7,6%-ով անկում է ապրում նույնիսկ անցյալ տարվա համեմատ:
Փաստորեն, այս մարտահրավերն է դրված Հակոբ Օշականցու պիեսի եւ Կարպիս Ափրիկյանի օրատորիայի հիմքում: Օրատորիան գրվել է դարասկզբին, եւ ինձ թվում է, կգտնվի մի նույնքան տաղանդավոր կոմպոզիտոր, որը կաշխատի վերափոխել այն ազգային օպերայի: «Առյուծաձեւ Մհերը» լավ անվանում է: Հրաշալի կլիներ, եթե իրագործվեր, լիներ կամք ու համաձայնություն նոր հեղինակի ու հին հեղինակների ժառանգների միջեւ: Նաեւ բարերար գտնվի, չնայած չեմ սիրում այս խոսքը, քանի որ վկայում է՝ Հայոց պետությունն այլեւս անզոր է:
Ես ներկա էի այդ հրաշալի ներկայացմանը սեպտեմբերի 3-ին` Արամ Խաչատրյանի անվան Ֆիլարմոնիայի մեծ դահլիճում: Եվ ըմբոշխնեցի ողջ ներկայացումը, ուր իրենց մեծագույն վաստակն ունեն ամերիկահայ դիրիժոր Րաֆֆի Միքայելյանը, հայաստանյան եւ ֆրանսիական երգչախմբերը եւ անշուշտ` մենակատարներից յուրաքանչյուրը: Սակայն կուզեյի շեշտել Ադամ Բարրոյի անզուգական բասը` իր …. կերպարի մարմնացմամբ: Նման հարուստ ձայներ հաճախ չէ, որ պատահում են, եւ երջանկություն է գիտակցելը, որ դա քո ազգակիցն է, որը` չնայած կենսագրության դժբախտ մեկնարկի, կայացել է որպես հայ, որպես մարդ, որպես բել-կանտո որակի համաշխարհային երգիչ:
Առաջն` Աստված, հուսամ, որ երազանքս կկատարվի:
ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
հայագետ, գրող