ԵՐԵՎԱՆ – Ամերիկաբնակ դիմահարդար, ամերիկահայ համայնքի մշակութային գործիչ, դերասանուհի եւ բանաստեղծուհի Արմինե Մինասյանի հետ կապ ունեմ 1996 թվականից: Նա ծնվել է 1940-ին, Իրանի հայաբնակ Խոյգան գյուղում: Նոր Ջուղայում դպրոցն ավարտելուց հետո չորս տարի դասավանդել է տեղի հայկական դպրոցներում: 1968-ից բնակվում է ԱՄՆ-ում, ուսանել է Քորնել համալսարանի արդյունաբերական եւ աշխատանքային կապերի դպրոցում ու Նյու Յորք նահանգի համալսարանի կրթական բաժնում: Աշխատել է ԱՄՆ տարբեր նահանգներում, համագործակցել «Նյու Յորք բալինե», Մետրոպոլիտեն Օպերային, թատրոնին, հեռատեսիլին եւ կինոյին՝ աշխատելով մի շարք նշանավոր դերասան-դերասանուհիների հետ: Նրա անվանը (որպես Էմի Մինասյան) կարող ենք հանդիպել «Կնոջ օրը» (1978), «Խլված համակարգ» (1999), «Խառն ազդանշաններ» (2001), «Մարդիկ կամրջի վրա» (2014) եւ այլ ֆիլմերում: Դասավանդել է Ամերիկյան Ակադեմիայի դրամատիկական արվեստի համալսարանում: Անդամ է Ամերիկայի եւ միջազգային թատերական ընկերակցության: Տասնամյակներ շարունակ անդամակցել է Նյու Յորքի հայկական միություններին՝ ծավալելով հանրային-մշակութային աշխույժ գործունեություն:
–Սիրելի՛ Արմինե, անցած տարիներին մի քանի անգամ գրել եմ ձեր մասին, այս անգամ ցանկանում եմ ձեր անցած ճանապարհը ձեր իսկ խոսքով ներկայացնել ընթերցողներին: Մեր զրույցը սկսենք ամենասկզբից. ի՞նչ հիշողություներ ունեք ձեր ծննդավայրից:
-Հայտնի է, որ 17-րդ դարում Շահ Աբբասը հայերին բռնի ուժով բերել, տեղավորել է Պարսկաստանի Փերիա նահանգի 38 գյուղերում, որոնցից ութը զուտ հայկական էին: Դրանցից էր իմ ծննդավայր Խոյգանը, որը շատ հաճախ եմ հիշում, քանի որ միշտ սիրել եմ գյուղի կյանքը: Իմ իմանալով՝ Խոյգանում հիմա շատ քիչ հայություն կա, իսկ որոշ գյուղեր ընդհանրապես գոյություն չունեն: Ծնվել եւ մեծացել եմ գյուղում, 10 տարեկան էի, երբ հայրս տարավ Նոր Ջուղա, որ դպրոց գնամ, բայց ամեն ամառ վերադառնում էինք գյուղ: Մի խոշոր, գեղեցիկ սպիտակ էշ ունեինք, ոչ ոք չէր կարողանում նստել: Չէր սիրում, որ տկար մարդ նստի իր վրա, բայց ինձ թողնում էր: Սակայն մի անգամ էշին բզբզեցի, ինձ գետնին զարկեց, փալանն էլ ընկավ գլխիս (ծիծաղում է)…
Գալուստ մեծ հայրս գյուղի ունեւորներից էր, հողագործությամբ էր զբաղվում, ուներ մեծ դաշտեր, խաղողի, ծիրանի այգիներ: Բերքահավաքի ժամանակ վեց հոգի գալիս, աշխատում էին նրա համար: Սիրում էի ցորենի դաշտերը. հասկերը քամուց օրորվում էին, կարծես խոսում էին միմյանց հետ: Գնում էի դաշտերը՝ ճնճղուկներին քշելու, որ մեր հացահատիկը չուտեն…
–Երեւանում մեկ անգամ հանդիպել եմ ձեր հորը՝ իրանահայ երախտաշատ մտավորական, պատմաբանասեր Լեւոն Մինասյանին: Ինչպիսի՞ մարդ էր նա:
-Հայրս ծնողների միակ արու զավակն էր, սովորել է Նոր Ջուղայի հայկական դպրոցում, 18 տարեկանում ամուսնացել է, քանի որ իր մայրն ուզում էր թոռներ ունենալ: Ծնողներս էլ ութ զավակ են ունեցել, ու երբ մենք նեղություն էինք տալիս տատիկին, իրեն ասում էին՝ նանի՞, թոռ էիր ուզո՞ւմ, դե ահա՛ քեզ թոռներ (ծիծաղում է):
Հայրս միշտ սիրել է գրականությունը, պատմությունը, ձեռագրերը: Գյուղի մեր տան վերնահարկում իր աշխատասենյակն էր, որտեղ հարուստ գրադարան կար: Ինքն էր, իր գրքերը. առավոտյան նախաճաշում էր, հետո առանձնանում եւ ամբողջ օրը գրելով էր զբաղվում: Շատ գրքեր հրատարակեց հայրս Իրանի հայության վերաբերյալ ու շատ հարուստ արխիվ թողեց, որը ես մեծ դժվարություններով, երկու անգամ Նոր Ջուղա գնալով՝ բերեցի ու հանձնեցի Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանին:
Ասեմ, որ Նոր Ջուղայի մեր տուն շատ մարդիկ էին գալիս դրսից՝ Թեհրանից, Բեյրութից, նաեւ Հայաստանից՝ Համո Սահյան, Վահագն Դավթյան, շատ ուրիշներ: Այն ժամանակ Նոր Ջուղայում աշխույժ հայ կյանք կար, որը, ցավոք, գրեթե այլեւս գոյություն չունի:
–Ինչպե՞ս եղավ, որ Իրանից մի հայ աղջիկ մեն-մենակ գնաց Ամերիկա եւ հաջող կարիերա արեց:
-Նոր Ջուղայում ես հիմնադրեցի Հայ Արենուշների (աղջիկ սքաութների) միությունը, նրանց համար միշտ խոսում էի հայոց պատմությունից ու գրականությունից: Շա՛տ հաճելի էր: 1968-ին Ամերիկյան աղջիկ սքաութների միությունը հրավեր-կոչ է արել Իրանի սքաութներին՝ իրենց անդամներից մեկին ուղարկել ԱՄՆ՝ աղջիկ սքաութների համաշխարհային բանակումին: Ես փոքր տարիքից ուզել եմ Պարսկաստանից դուրս գալ, եւ բարեբախտաբար ինձ ընտրեցին այդ բանակումին մասնակցելու: Անգլերենս շատ սահմանափակ էր, օդանավում հայերեն-անգլերեն բառարանը ձեռքիցս ցած չէի դնում: Բոլորը կարծում էին, թե Սուրբ Գիրք եմ կարդում: «Ո՛չ, սա իմ ամուսինն է»,- կատակում էի ես: Երեք ամսից պիտի ԱՄՆ-ից դուրս գայի. գնացի Գերմանիա, հետո մեկ ճամպրուկով վերադարձա ԱՄՆ, որտեղ ոչ մի ազգական չունեի: Ցերեկները մատուցողուհի էի աշխատում, գիշերները հաճախում էի Միդուեյ-Փարիզ գեղեցկության դպրոցի դասերին: Դժվար էր, բայց երբեք հեշտ բաների ետեւից չեմ գնացել, միշտ ուզել եմ դժվարություններ հաղթահարել: Հաստատվեցի Ամերիկայում, տարբեր դպրոցների ու դասընթացների մասնակցեցի, համալսարան ավարտեցի եւ անգամ համալսարանում դասավանդեցի 30 տարի:
–Պատմե՛ք, խնդրեմ, ձեր դերասանական գործունեությունից:
-Դեռ ութ տարեկանում բեմ եմ բարձրացել Նոր Ջուղայում: Հետո արդեն Նյու Յորքում որպես դերասանուհի աշխատել եմ Համազգային, Հայկական ռադիոժամի եւ Էսայան Սանուց Միության թատերախմբերում: Խաղացել եմ «Մեռնիլը որքա՛ն դժվար էր», «Վարդանանք», «Մեծ լռություն», «Ուղեւորը» եւ այլ բեմադրություններում, եղել եմ նաեւ դրանց դիմահարդարը: 1995-ին Նյու Յորքի Քուինզ քոլեջից ստացել եմ թատրոնի բեմադրիչի վկայական, այնտեղ էլ կայացել է իմ ռեժիսորական դեբյուտը՝ Հրանտ Մարգարյանի «Հայելիները» դրամայի բեմադրությունն անգլերեն:
–Իսկ ինչպե՞ս մուտք գործեցիք դիմահարդարության ոլորտ:
-Միշտ սիրել եմ դիմահարդարությունը, որը մարդուն նոր կերպարանք է տալիս, նոր տեսք է ստեղծում: Միդուեյ-Փարիզ գեղեցկության դպրոցում ծանոթացա կինոյում եւ հեռատեսիլիում աշխատող մի դիմահարդարի հետ: Նա էլ ինձ առաջարկեց նույն գործը. ասացի՝ Աստվա՛ծ իմ, դա հենց այն է, ինչն ուզում եմ անել: Հատուկ քննություններ հանձնելով՝ սկսեցի աշխատել ֆիլմերում եւ հեռատեսիլում: Միշտ ջանացել եմ լավագույնը լինել, չեմ թողել, որ ուրիշն ինձնից առաջ անցնի, միշտ սիրված եմ եղել, եւ դերասանները փնտրել են, որ նորից իրենց հետ աշխատեմ:
–Շատ հայտնիների հետ եք աշխատել՝ կինոյի եւ քաղաքականության բնագավառներից: Կարո՞ղ եք առանձնացնել որեւէ մեկի կամ նրանց հետ կապված որեւէ հետաքրրաշարժ պատմություն:
-Չեմ կարող առանձնացնել, բոլորի հետ աշխատելն էլ հաճելի է եղել ինձ համար: Շատ հայտնի մարդիկ էին՝ Սյուզան Սարանդոն, Սելեսթ Հոլմ, Նանա Մուսկուրի, Հելեն Հեյզ, Բիլ Քասբի, Քեթլին Թըրներ, Իզաբելլա Ռոսելինի, Սինթիա Հարիս, Մայքլ Դուգլաս, Պլասիդո Դոմինգո, Բոն Ջովի, Սարա Բրայթման, Բիլի Ջոել, Էնդրյու Լլոյդ Ուեբեր, Քոֆի Անան, Իվանա Թրամփ… Ոմանք չգիտեին, որ հայ եմ, բայց ոմանք գիտեին: Օրինակ, Պլասիդո Դոմինգոն ամեն անգամ ինձ գրկում էր եւ ասում՝ «Իմ հայ ընկերուհի՜»… Դիմահարդարել եմ նաեւ ԱՄՆ եկած հայ դերասանների եւ երգիչների՝ Օֆելյա Համբարձումյանին, Հովհաննես Բադալյանին, Խորեն Աբրահամյանին, Ռուբեն Մաթեւոսյանին ու շատ ուրիշների…
–Դուք տարիներ շարունակ լուսանկարել եւ նկարահանել եք ԱՄՆ-ի արեւելյան մասի հայ մշակութային կյանքի միջոցառումները՝ ստեղծելով հարուստ արխիվ: Ի՞նչ եք մտադիր անելու այն:
-Որոշ մասն արդեն նվիրել եմ Հայաստանի գրականության եւ արվեստի թանգարանին, մնացածը մտադիր եմ հանձնել ԱՄՆ-ում հայկական որեւէ կենտրոնի: Հուսով եմ՝ հետաքրքրվողներ լինեն այս արխիվներով, մի օր հայտնաբերեն, թե ինչպես է այս մեկ բուռ ժողովուրդը Նյու Յորքում ջանացել պահել իր արվեստն ու մշակույթը:
–Վերջին տարիներին նաեւ գրական գործերով եք զբաղված:
-Միշտ սիրել եմ գրականությունը, Սփյուռքի եւ Հայաստանի մամուլին աշխատակցել եմ հոդվածներով եւ բանաստեղծություններով: 2017-ին Երեւանում բանաստեղծական երկու ժողովածու հրատարակեցի՝ «Հայրենիքի ճամբէքով» եւ «Սիրոյ արահետներով»: Իսկ հիմա պատրաստում եմ հրատարակել Նյու Յորքի Համազգային միության 30 տարվա գործունեությունը ներկայացնող մի հատոր: Նաեւ մտադիր եմ իմ կենսագրությունը գրել, դեռ չգիտեմ՝ հայերեն, թե՞ անգլերեն:
–Կարծում եմ՝ անգլերեն, որպեսզի ավելի շատ ընթերցողներ լինեն:
-Այո, թերեւս: Մեր ժողովրդի, մեր մշակույթի մասին տեղեկացվածությունը մի՛շտ պիտի վառ ու արթուն պահենք:
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ