Հայ-սերբական պատմական, մշակութային կապերը ձեւավորվել են մոտ ութհարյուր տարի առաջ: Քրիստոնեական ավանդույթներ ու մշակույթ, ընդհանուր արժեհամակարգ եւ պատմական դժվարին ուղի ունեցող երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունն ու դարավոր կապերը սկիզբ են առել 13-րդ դարից: Սերբ առաջին արքեպիսկոպոս Սուրբ Սավան 1235 թվականին Արեւելքի քրիստոնյա երկրներ ուխտագնացություն իրականացնելիս անցել է նաեւ Կիլիկյան Հայաստան: Նա հիացել է Կիլիկիայի հայկական պաշտամունքային շինություններով, վանքերով ու եկեղեցիներով եւ որոշել շինարար վարպետներ հրավիրել Սերբիա՝ մասնակցելու սերբական հուշարձանների կառուցմանը: Գիտական արժեքավոր ուսումնասիրությունները հաստատում են Մորավյան ճարտարապետության վրա հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցության իրողությունը: 17-րդ դարում Բելգրադում հայերը ունեցել են եկեղեցի, որը զգալի դեր է խաղացել տեղի հայ համայնքի կյանքում:
Ավելի ուշ՝ 19-րդ դարում հայ-սերբական մշակութային կապերը մեծ առաջընթաց են արձանագրել նաեւ գրահրատարակչության ոլորտում: Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանում են տպագրվել սերբական գրական նոր լեզվի բարեփոխիչ Վուկ Կարաջիչի «Սերբական բառարանը» եւ գիտական շատ աշխատություններ, մեծանուն բանաստեղծներ Պետար Նեգոշի «Լեռնային պսակ» հիասքանչ պոեմը, վաղամեռիկ Բրանկո Ռադիչեւիչի բանաստեղծությունների առաջին ժողովածուն եւ այլոց տասնյակ ստեղծագործությունները, ինչպես նաեւ սերբերենով լույս տեսած «Նոր Կտակարանը», «Սերբական առաջին այբբենարանը», «Սերբական ժողովրդական երգերը»: Այդ հրարատակությունների շնորհիվ 1847 թվականը սերբական գրականության մեջ հայտնի է որպես գրահրատարակչության առաջընթացի եւ նվաճումների տարի:
Պատմության ընթացքում` շինարարության, գրահրատարակչության եւ մշակույթի ոլորտներում ձեւավորված համագործակցությունը խորանում ու նորովի է ներկայացվում նաեւ այսօր՝ ընդգրկելով տարբեր բնագավառներ:
2020 թվականին՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում Սերբիայից Հայաստան ուղարկված 2024 թվականին՝ մարդասիրական եւ զարգացմանն ուղղված օգնությունը եւս մեր երկու երկրների փոխադարձ հարգանքի եւ համերաշխության վկայություններն են:
Վերոհիշյալ պատմական համառոտ ակնարկին հավելենք, որ 2024 թվականի հուլիսի 8-ը Սերբիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի օրն էր: Մեր երկու երկրների ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը վերահաստատվեց կարեւոր մի իրադարձությամբ եւս: 2019 թվականի դեկտեմբերին Երեւանում բացվեց Սերբիայի Հանրապետության դեսպանությունը, իսկ 2024 թվականի հուլիսին Պրահայում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանատան բելգրադյան գրասենյակը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ Սերբիայի արտգործնախարարության եւ Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան, տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի նախաձեռնությամբ Սերբիա փոստատունը տպագրել է հոբելյանական նամականիշ, որը խորհրդանշում է մեր երկրների ավանդական դարավոր բարեկամությունը:
Նամականիշի վրա պատկերված է մեր բարեկամությունն արտացոլող բնութագրական երեք հուշարձան: Առաջինը՝ Երեւանից ոչ հեռու՝ Արմավիրի մարզում գտնվող զոհված սերբ յոթ օդաչուների հիշատակը հավերժացնող «Կոտրված թեւ» հուշահամալիրն է, որը հարգանքի տուրք է 1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին մարդասիրական օգնություն բերող օդաչուների հիշատակին:
Երկրորդը՝ բելգրադամերձ Զեմուն քաղաքի Սուրբ Գաբրիել հրեշտակապետի եկեղեցու առջեւ կանգնեցված խաչքարն է, որը եւս հարգանքի տուրք է զոհված օդաչուներին: Եվ երրորդը՝ սերբական Սոկոբանյա առողջարանից ութ կիլոմետր հեռավորության վրա՝ Օզրեն լեռան լանջին գտնվող Երմենչիչ վանքն է, որը ըստ ավանդության 1392 թվականին կառուցել են հայ զինվորները, որոնք Օսմանյան բանակի կազմում մասնակցել են 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտին:
Գիտակցելով, որ Օսմանյան բանակը նվաճողական պատերազմ է մղում քրիստոնյա սերբերի դեմ, հայ զինվորները լքել են բանակը եւ ի նշան հայ-սերբական բարեկամության կառուցել են Երմենչիչ վանքը, որն այսօր էլ կանգուն է, թեեւ շատ է ավերվել նվաճողական բազում պատերազմների ընթացքում:
Նամականիշի լույսընծայումը մեր երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը խորհրդանշող առաջին կարեւոր իրադարձությունն է, սակայն 2024 թվականին նախատեսվում են այլ միջոցառումներ եւս, որոնցով ավելի ամուր եւ առարկայական կդառնան մեր դարավոր կապերը:
ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ