Ամենահիմնականը թվում է այլեւս անցյալում է. դա մեր երազն էրՙ օրինական երկիր ու հասարակություն ունենալու: Մենք հայտնվել ենք ազատության փորձության բարոյական փակուղումՙ ինքներս մեզ մի սահմանի հասցրած, որտեղից դուրս գալը դարձյալ փյունիկյան թռչունի առասպելական ճիգերի է հավասար: Ի՞նչն ենք ուզում պահպանելՙ մեր ընդերքն ու տնտեսությո՞ւնը, մարդկային ռեսո՞ւրսը, երկուսն էլ արտահոսում-արտագաղթում ենՙ մեկ էՙ Հյուսիս, թեՙ Արեւմուտք: Գլխապտույտ էրՙ հոսանքների, գայթակղությունների: Մենք մանուկ չէինք, ոչ էլ այնքան ծերՙ չկողմնորոշվելու համար: Այնքան հատկանիշ (սխալ ու արատ) ու պատճառ կա այս ամենը բացատրելու: Բայց ինքներս մեր ներսը նախ նայենք (ապրվող մեր կյանքն ու մեր արած քայլերը), հետո բողոքենք կամ նվաստացնենք ուրիշին: Մեր պարտությունըՙ ի գին այլոց հաղթանակը կամ հաջողությունը նշավակելուն, ոչնչով չի փոխվելու:
Բայց, ինչ էլ որ լինի, սպասումը կա, ամենասպառված վիճակում անգամ:
Մասսաները, այն էլՙ մտավոր ծուլության հասած, ոչինչ չեն որոշում, նրանք լավագույն դեպքում կամ հետեւորդ են, կամՙ կամակատար, նրանց երբեմն-երբեմն պոռթկումները դարձյալ ուղղորդված են, եթե չեն գնված, ուրեմն անհատի, առաջնորդի գոյությունն անխուսափելի է: Հիմա անհատների ժամանակը չէ,- կարելի է այսպես մտածել: Քաոսային այս խառնարանում արժեքներն այլեւս ոչ թե շրջվել, այլ իմաստազրկվել են, անհամացել, որտեղ յուրաքանչյուրն է փորձում ցուցահանել անհատականության իր որակներըՙ ինչպիսին էլ, որ լինի: Մանավանդ որ ինքնարտահայտման լավագույն հնարավորությունը սեփական կարծիքը, փորձը, վերաբերմունքըՙ ազատորեն բացահայտելու եւ այլոց հետ կիսելու, կա: Ահավասիկՙ Youtube-ը եւ Facebook-ը, վերջինն ասես այսօրվա խառնարանի սիմվոլը, նշանը լինի: Լրահոսքի խիստ բազմազանության, մարդկային նախասիրությունների ու պատկերների խայտաբղետ ֆոնին երբեմն հայտնվում է տարաշխարհիկ մտածողության մի անհատՙ իրենով մի պահ քանդում պղտոր հեղեղն ու անցնում: Անցնում, որովհետեւ մենակ է:
Մի անուղղելի իդեալիստ շարունակում է ազգափրկության գաղափարներիՙ կոնսերվատիվ հեղափոխության փորձը, նախ եւ ամենակարեւորըՙ մարդկանց գիտակցության մեջ. թվում է Ֆեյսբուքը ամենաճիշտ վայրն է: Արձագանքները, սակայն, բնավ չեն հավակնում կրիտիկական զանգված ապահովելուն: Բայց նա շարունակում է: Այս համբերությունըՙ Արծրուն Պեպանյանի, մի պատ կճեղքի, ու դա հուսադրում է:
Ֆեյսբուքում օրերս հայտնվեց լուրըՙ արձակագիր Լեւոն Խեչոյանի նախագահական շքանշանը մերժելու: Պատճառըՙ երկրում տիրող վիճակըՙ շարունակվող, օր-օրի աճող արտագաղթը, զինակիցՙ ազատամարտիկ ընկերների` սոցիալական կյանքին այլեւս չդիմացող բողոք-նստացույցն էր: Կյանքի, երկրի նկատմամբ իր վերաբերմունքը գրականությամբ Լեւոնն արդեն արտահայտել է, դա մեր ներկայի, մեր հոգսի, ցավի ճշմարտապատում արտացոլանքն է: Բայց ամենակարեւորըՙ իր ապրած կյանքով է հաստատում նա դաՙ պատերազմին կամավոր իր մասնակցությունից մինչեւ ստեղծագործելու կերպն ու մտածողությունը, ինքնակեղեքման հասնող շիտակ վերաբերմունքը, ամենօրյա կենսակերպը:
Դժվար է: Հետեւանքներըՙ ժամանակակից հասարակության մեջ ու երբեւէՙ ակնհայտ փորձված ու գիտակցված են: «Օ՜, փշոտ է ճանապարհդ»,- կասեր բանաստեղծը: Բայց, ինչ արած, երբ այլկերպ չես կարող, արմատներն այդ գիտակցության, շատ խորն են խրված:
«Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից, մի՞թե արտագաղթը նվազելու է», հուսահատվածի, կոմֆորմիստի, թե՞ օպտիմիստի հարցադրումը ականկնկալ չէր: «Նա իր վարքով արժանապատիվ ապրելու օրինակ է տալիս հոգսից կքած մեր հասարակությանը», լսվեց մի պատասխան: Դրսից մեկը գրեց. «Էդ անտեր ֆորպոստում դեռ այդպիսի՞ք կան», մեկ ուրիշըՙ «Գիտենքՙ լավ գրող է: Փաստորեն, ինչպես գրում, այնպես էլ ապրում է»»: «Բոլորը հիացած են իրենով, ինչպես պատերազմում կռվեց, այնպես էլ շարունակում է ապրել», ասացին մի քանի մտավորական:
Մի դպրոցի ուսուցիչ կայքերից մեկում նախապես կարդալով շքանշանի ներկայացվածների ցուցակըՙ տագնապել էրՙ մի՞թե նա կվերցնի այդ պարգեւը: Զարմանալի՞ է: Ո՛չ: Գրողն իր կերպարը այդպես է ձեւավորել իր ստեղծագործությամբ, հասարակական գործունեությամբ, իր կյանքով: Եվ պարտավոր է, ինչպես սփյուռքահայերն են ասում, որքան էլ դժվար է, մնալ «պատնեշին վրա»: Տագնապի պատճառն այդ մարդու նրա հանդեպ հավատը կորցնելու վախն էր իհարկե, այսինքնՙ պահպանել հույսը, թե այդպիսիք դեռ կան:
Կնշանակիՙ հասարակությունը պետք ունի արժանապատիվ ապրող մտավորականների: Նման անհատները գիտակցում են պատասխանատվության իրենց բաժինը, միաժամանակ եւ հասարակության անխուսափելի վերաբերմունքըՙ որեւէ շեղում իրենց չի ներվելու: Մյուսներինՙ այո, իրենցՙ ոչ: Ուստի եթե գրողն այդպես չվարվեր, կնշանակեր խաչ քաշել իր կենսագրության եւ ստեղծագործության վրա: Այսպես մտածելու համար կամք ու տոկունություն է պետք, որովհետեւ կյանքը «կատակ» չէ, եւ փորձություններն ավելի են կուտակվում այդժամ:
Արդյոք որեւէ դեր ունի՞ հասարակությունը, բացի հիանալ-հուզվելուց, կամ խոր հոգոց հանելուցՙ թե հույսերն արդարացան ու ինքը չսխալվեց, եւ որ պատնեշի վրա դեռ մնացողներ կան: Կամ էլ բութ վստահությամբ շարունակի նույն վերաբերմունքը, թե կդիմանան նրանք, ու փարիսեցիաբար սփոփվի, թե խոնարհներին Աստված է պահում (վաղուց անցել են այսպես մտածելու եւ այսպես ապրելու ժամանակները): Հասարակությունը, այնուամենայնիվ, իր ստացած բարոյական սնունդը փոխհատուցելու պարտք ու պատասխան ունի: Եթե բնության անհետացող տեսակները հայտնվում են ուշադրության կենտրոնում ու պահպանության տակ, ինչո՞ւ մարդկայինը անտեսվում է: Ժամանակն է, արդ, որ հասարակությունն իր պահպանության տակ առնի նաեւ մարդկային անհետացող հազվագյուտ հատկանիշները, պահպանելու դրանք նախ եւ առաջ իր համարՙ ամայության սարսուռը վերստին ու վերստին չապրելու…