Իրենց բնօրրանից արտագաղթելու հայերի հակվածությունը գերազանց հանգավորումով է բնութագրում ՀՅԴ քաղաքական վերլուծաբան Է. Ագնունին գրելով. «Հայն ամեն տեղ է փնտրում ապաստան, բացի այն տեղից, որը կոչվում է Հայաստան»:
Հակվածությունն ունի քաղաքական, զինվորական եւ տնտեսական արմատներ, բայց դարեր շարունակ հայերը կարծես ավելի հեշտությամբ են որոշում կայացրել արտագաղթի հոսանքին միանալ, քան լրջորեն պայքարել դրա դեմ: Մեր գրականությունն ու երգերը հագեցած են կարոտի, կարոտախտի, հայրենի երկրի, քաղաքի եւ գյուղի հանդեպ մեր ունեցած անսահման սիրո արտահայտություններով: Հազվագյուտ են իրականացումների, ապաքինման ու վերականգնման հորդորները:
Արտաքին պատճառների կողքին ստորադասության զգացումն է հայերի ենթագիտակցության եւ հոգեբանության մեջ, որ մղել է նրանց ծառայելու օտարներին եւ իրենց տերերին ապացուցելու, թե ինչպիսի գերազանց կարողությունների տեր են իրենք: Օրինակները շատ են: Հայկական ծագումով կայսրեր, իշխաններ եւ զորավարներ եղել են Բյուզանդական կայսրությունում, նույնիսկ այն ժամանակ, երբ բյուզանդական զորքերը հարձակվում էին հայկական թագավորությունների եւ պատմական մայր կենտրոնների վրա, ինչպիսին Անին էր, մրցակիցը իր ժամանակակից մյուս կենտրոններիՙ Դամասկոսի, Բաղդադի եւ Ստամբուլի: 9-րդ դարում հայ զինվորականությունը օժանդակել է Եգիպտոսը եւ հատկապես Ալեքսանդրիան նվաճող մահմեդական զորքերին: Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմը երեւան հանեց հայ զինվորականության հանճարներին, միշտ, անշուշտ, խորհրդային դրոշի ներքո: Մարշալ Հովհաննես Բաղրամյանի, ծովակալ Իսակովի, գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանի եւ Խ. Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հերոսություններով են նաեւ գրվել այդ պատերազմի փառավոր էջերը: Եվ չմոռանանք խորհրդային ժամանակաշրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանինՙ ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամին, Գերագույն խորհրդի նախագահության նախագահին:
Մի այլ ճակատում Միսաք Մանուշյանն ու իր թիմը գլխավորում էին Ֆրանսիայի ազատագրման դիմադրության շարժումը: Եվ վերջապես հիշենք հինգ հազար զինվորներով հայկական լեգեոնին, որը 1918-ի սեպտեմբերի 19-ին Արարայի (Պաղեստին) ճակատամարտում, դաշնակիցների հրամանատարության ներքո ճեղքեց գերմանա-օսմանյան ամրաշինությունները: Պոլ Իգնատիոսը Մ. Նահանգներում նավատորմի աչքի ընկնող քարտուղարներից (նախարարներից) մեկն էր:
Կարելի է շարունակել օրինակների այս թվարկումը, բայց այս պատմական տվյալների թվարկումն անգամ բավական է ապացուցելու վերոնշյալ տեսությունը, որ ընկերացել է մեր ճակատագրին պատմության ողջ ընթացքում: Մենք լավ ենք ծառայում օտարներին, բայց խուսափում ենք ինքներս մեզ ծառայելուց եւ խոչընդոտում ենք մեր առաջընթացին: Եթե դրան ավելացնենք նաեւ դավաճանության թեկուզ մեկ փաստ, պատկերն ավելի պարզ կդառնա: Այսպես, 1918 թվի փետրվարին, երբ պարտված օսմանյան բանակը փախուստի էր դիմել եւ ապաստան էր ման գալիս, իսկ նահանջող ռուսական բանակն էլ հսկայական քանակի ուտելիք եւ զինամթերք էր թողել իր հետեւում, արեւելահայ կամավորները, որոնք միացել էին ռուսական բանակին, մերժեցին Կարսի ամրոցը պաշտպանելու համար կռիվ մղել զորավար Անդրանիկի հրամանատարության ներքո: Եթե նրանք միանային եւ պաշտպանեին մեր ազգային հերոսին, շատ հավանական է, որ առնվազն Կարսն ու Անին Հայաստանի ներկա սահմանների մաս կազմած կլինեին:
Միեւնույն տրամաբանությունը իշխում է նաեւ այսօր: Հայաստանի ամեն մի քաղաքացի հավատացած է, որ ինքն ավելի լավ նախագահ կլիներ, քան ներկայիս գործող նախագահը: Ինչպես ասում ենՙ ղեկավարները շատ են, ծառայողըՙ գործ անողն է պակասում:
Հայերի ցիրուցան լինելը խոր արմատներ ունի, որն հասնում է մինչեւ միջին դարեր, երբ Անիի ծաղկուն մայրաքաղաքը ավերվեց եւ նրա բնակչությունը փախավ հեռավոր վայրեր:
Անիի վրա առաջինը հարձակվեցին մեր քրիստոնյա հարեւաններըՙ բյուզանդացիները 1044-ին: Այնուհետեւ սելջուկներըՙ 1064-ին: Իսկ 1579-ին քաղաքն անցավ օսմանյան տիրապետության տակ: Մի ժամանակ 100-200 հազար բնակչություն ունեցող քաղաքը հետզհետե դատարկվեց, ամայացավ եւ ավերակների վերածվեց 18-րդ-19-րդ դարերում: Բնակչությունը գաղթեց Ուկրաինա, Լեհաստան, Հունգարիա եւ Ռումինիա: Աստիճանաբար նրանք ձուլվեցին տեղացի ժողովուրդներին եւ անհետացան: Գաղթելու ավելի վաղ շրջանի միտումը, որ հայերին հասցրեց մինչեւ Կենտրոնական եւ Հարավային Փոքր Ասիա, նպաստեց կիլիկյան իշխանապետությունների ձեւավորմանը, որոնք այնուհետեւ վերաճեցին Կիլիկյան թագավորության (11-14-րդ դարեր): 1375-ին Կիլիկիան ընկավ մամլուքների ձեռքը եւ Լեւոն VI Լուսինյան թագավորը գերեվարվեց Եգիպտոս:
Գաղթը հայոց պատմության մեջ այնքան մեծ տեղ է զբաղեցնում, որ գիտական լուրջ աշխատություններ են նվիրված այդ թեմային: Խորհրդային Միությունում Աշոտ Աբրահամյանը, իսկ սփյուռքում Արշակ Ալպոյաճյանը այն հեղինակավոր պատմաբաններն են, որոնք խորապես ուսումնասիրել են հայերի գաղթի պատմությունը:
Երբ քննարկում ենք գաղթի պատճառները, տեսնում ենք, որ հիմնականում արտաքին ուժերն են եղել գլխավոր պատճառը: Չնայած տարբեր մեկնաբանություններին եւ այն փաստին, որ պատմությունը հնարավոր չէ փոխել, կարող ենք այնուամենայնիվ որոշ դասեր քաղել անցյալից, որպեսզի ավելի հստակ պատկերացնենք մեր ապագան: 19-րդ դարի վիպասան Րաֆֆին, օրինակ, նշել է, որ սկիհներ եւ այլ կրոնական իրեր պատրաստելու նպատակով ներդրված գումարները եթե հայերն օգտագործեին զինամթերք արտադրելու համար, ապա մենք չէինք կորցնի մեր պետականությունը:
Պատմականորեն Հայոց լեռնաշխարհի բնակչության նվազեցումը Հայաստան արշաված օտար նվաճողների բախման հետեւանք է եղել: Հայ ժողովուրդը 1375-ից 1918-ը երազել է ունենալ ազատ, անկախ Հայաստան: 1918-ին ստեղծվեց առաջին հանրապետությունը: 1920-1991 թվերի խորհրդայնացումը Հայաստանին տվեց պետականության որոշակի երեւույթ, եւ չնայած Խորհրդային Միությունում առկա մարդու իրավունքների խախտումներին եւ բռնությունների դրսեւորումներին, հայ ժողովուրդը, այնուամենայնիվ, վայելեց կայունության, ապահովության եւ արվեստների, գիտության եւ գրականության ասպարեզներում աննախադեպ զարգացման պտուղները:
Հեգնական կարող է թվալ, սակայն «երկաթյա վարագույրը», արտագաղթը սամհանափակելու իր քաղաքականությամբ, ադյուհանդերձ նպաստեց բնակչության աճին: Անկախության հռչակումով լայնորեն բացվեցին արտագաղթի դարպասները, եւ այսօր ոչ ոք չի համարձակվում ճշգրիտ տվյալներ տրամադրել, թե քանի հոգի է արտասահման մեկնել Հայաստանից:
Այս անգամվա արտագաղթի համար մենք այլեւս չենք կարող մեղադրել օտարներին: Գուցե մասամբՙ Թուրքիային միայն, քանի որ տնտեսությունը տուժում է շրջափակման հետեւանքով, եւ ժողովուրդը աղքատանում է: Բայց, զարմանալիորեն, այդ նույն շրջափակումը նպաստում է, որ հարուստներն է՛լ ավելի հարստանան:
Այսօր արտագաղթը Հայաստանի Հանրապետության համար առաջին մտահոգությունն է: Եթե, ինչպես ազերի նախագահն է հոխորտում, ազերիները ասպատակեն Հայաստանը, Ծիեռնակաբերդի հուշահամալիրն էլ չի մնալու, որպեսզի այցելենք եւ գլուխ խոնարհենք մեր զոհերի հիշատակի առաջ:
Ճիշտ է, արտաքին գործոնները չենք կարող անտեսել, բայց բնագավառներ կան, որտեղ մենքՙ հայերս, ընդհանուր առմամբ, կարող ենք բարեփոխություններ մտցնել: Կառավարությունը, մասնավորապես, կարող է կտրուկ միջոցներ ձեռնարկելՙ կանգնեցնելու համար «արյունազեղումը»:
Հայաստանում նախագահը վերընտրվեց, նոր կառավարություն կազմավորվեց: Տեխնիկապես, դա միակուսակցական իշխանություն է, քանի որ ընդդիմությունը ջախջախվեց ընտրությունների ընթացքում: Իսկ եթե հաշվի առնենք իշխանության կառուցվածքը Հայաստանում, ապա պարզ կդառնա, որ միակուսակցական իշխանությունը նույնն է, ինչ միանձնյա իշխանությունը: Այնպես որ, նախագահ Սերժ Սարգսյանն ամեն հնարավորություններն ունի կանգնեցնելու այդ միտումը, նույնիսկ եթե նա դրա համար ստիպված լինի հանդես գալ որպես միապետ: Վիճակագրություններում նշված տնտեսական աճի ցուցանիշները դեռեւս իրենց դրական ազդեցությունները չեն թողնում սովորական ընտանիքների ապրելակերպի վրա:
Օլիգարխները լավագույնս են օգտվում երկու աշխարհների ընձեռած հնարավորություններից: Նրանք իրենց գործարարությունն են առաջ տանում Հայաստանում ինչքան ժամանակ որ կարողանում են, բայց իրենց ֆինանսական կապիտալը ի պահ են դնում օտար երկրներում, որպեսզի Հայաստանում «նավը խորտակվելուց» հետո իրենք շարունակեն իրենց ապահով կյանքը վայելել:
Օտար ներդրումները խրախուսվում են միայն խոսքով, բայց գործնականում խոչընդոտվում կոռումպացված օրենքների եւ բյուրոկրատական քաշքշուկների միջոցներով: Նույնիսկ շատ հայրենասեր ներդնողներ, աշխարհի տարբեր վայրերից, չափազանց դառը փորձառություններ են ունեցել, երբ փորձել են գումար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Հետաքրքրական է իմանալ, քանի՞ սփյուռքահայ պետք է խաբվի, հուսալքվի, կամ սպառնալիքների ենթարկվի, որպեսզի իշխանությունները գլխի ընկնեն, որ անհրաժեշտ է օտար ներդրումների համար ստեղծել հանդուրժելի մթնոլորտ եւ պայմաններ:
Հայրենասիրության մասին կոչերն այլեւս չեն կարող խայծ դառնալ Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Դատարաններն իրենց կոռումպացված դատավորներով չեն նպաստում օրենքի իշխանության ձեւավորմանը, որն անհրաժեշտ է ստեղծելու համար հասարակության միջին խավը, որն էլ իր հերթին որեւէ երկրի տնտեսության ուղնուծուծն է:
Տոնախմբությունները, ցուցադրական հանդիսություններն ու օտար բարձրաստիճան անձնավորություններին տրված պատիվները խաբուսիկ արտաքին փայլ են տալիս լոկ, մինչդեռ կիսաքաղց ժողովուրդը լքում է երկիրը եւ հեռանումՙ թողնելով, որ հայրենիքը դեմ առ դեմ կանգնի «լինե՞լ, թե՞ չլինել» շեքսպիրյան հարցականի առաջ:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.