Ամառն ամենալավ շրջանը չէ քաղաքական ակտիվ, զանգվածային միջոցառումների համար, սակայն երբ կա կոնկրետ նպատակ և լուծում պահանջող խնդիր, արձակուրդային սեզոնն անգամ խոչընդոտ չի կարող լինել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ամռանն ընդառաջ Սրբազան շարժման մարտավարությանը։
«Ամեն ինչ շատ պարզ է այն առումով, որ Բագրատ սրբազանն իր վերջին ելույթում խոսեց շարժման ծրագրերի մասին՝ նշելով, որ այս ժամանակահատվածում պետք է վերադասավորումներ տեղի ունենան։ Ես կասեի՝ վերաֆորմատավորում։
Կարծում եմ՝ եթե խոսքը գնում է ոչ թե կարճաժամկետ ստրատեգիայի մասին՝ 24, 48, 72 կամ 96 ժամվա, այլ՝ միջնաժամկետ ստրատեգիայի մասին, ապա խոսքը գնում է շարժման՝ ավելի ինստիտուցիոնալիզացման մասին, այսինքն՝ շարժմանը կառուցվածքային բնույթ տալու, շարժման մեջ նոր կառույցներ և շրջանակներ ներգրավելու համար, որպեսզի շարժման զանգվածային բազան ընդլայնվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ այս ամբողջ ընթացքում մասնագիտական և փորձագիտական տարբեր շրջանակների հետ պետք է հանդիպումներ նախաձեռնվեն ։ Ըստ քաղտեխնոլոգի՝ պետք է կոնսուլտացիաներ անցկացվեն, որոնց նպատակը ոչ միայն կոնկրետ մարտավարություն որդեգրելը կլինի, այլև՝ առանձին կառույցներ ձևավորելը. կառույցներն իրենց հերթին պետք է ղեկավարեն նեղ ոլորտները։
«Ասենք, եթե դա բժիշկների ասոցիացիա է, ապա տվյալ կառույցը պետք է զբաղվի իր ոլորտով՝ մարդկանց հանել փողոցներ, այսինքն՝ որպեսզի ամեն ինչը ոչ թե կենտրոնացված արվի, այլ յուրաքանչյուր մասնագիտական կառույց պատասխանատու լինի իր ոլորտի համար։
Բացի այդ՝ շարժոսւմն այս ընթացքում պետք է փորձի հասկանալի և ընկալելի լինել արտաքին աշխարհի համար, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա ՀՀ իշխանությունն է վայելում Արևմուտքի աջակցությունը։ Նույն Արևմուտքի, որն աչք է փակում հունիսի 12-ին թափված արյան վրա։
Շարժումն էլ պետք է կարողանա պետք եղած ժամանակ դրսի որոշ ուժերի՝ գոնե որոշակի աջակցությունն ունենալ»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Վերջում քաղտեխնոլոգը շեշտեց՝ կլինի ամռանը կամ տարվա այլ եղանակին՝ միտինգային ռեսուրսը չպետք է չարաշահվի. հանրահավաքները պետք է օգտագործվեն միայն այն ժամանակ, երբ ուզում ես նոր որակ ստանալ կամ նոր փուլի սկիզբ կամ ավարատ ազդարարել։
«Այնպես որ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շատ գործ ունի անելու։ Իհարկե, անելիքներ շատ կան»,- ամփոփեց Վիգեն Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»:
Նա նաև հավելել էր, որ շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։