Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Իսրայելական բանակի գործողությունների հետևանքով իսրայելցի 3 պատանդ է զոհվել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները պնդում են, որ Գազայի հատվածի կենտրոնական Նուսեյրաթ փախստականների ճամբարում 4 իսրայելցի պատանդների ազատագրման հատուկ գործողության հետևանքով սպանվել է երեք իսրայելցի պատանդ.  համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական Telegram ալիքում։

Նշվել է, որ իսրայելական բանակը ազատ է արձակել մի քանի պատանդների, սակայն այս ճամբարում սպանել է երեք պատանդի, որոնցից մեկն ԱՄՆ քաղաքացի էր։

ՀԱՄԱՍ-ի հրապարակած տեսանյութում պատկերված են ենթադրաբար սպանված պատանդների մարմինները՝ փակված դեմքերով։

Նշենք, որ հունիսի 8-ին իսրայելական բանակը հայտարարեց Նուսեյրաթ շրջանում հատուկ գործողության մասին, որի արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատանդ վերցված 4 իսրայելցիներ ազատ արձակվեցին։

Գազայի հատվածում գտնվող բժշկական հաստատությունից հայտնել են, որ առնվազն 274 պաղեստինցի է զոհվել, 698-ը վիրավորվել է իսրայելական բանակի կողմից Նուսեյրաթ փախստականների ճամբարում չորս պատանդների ազատ արձակման գործողության ընթացքում։