Փորձը ցույց տվեց, որ 44-օրյա պատերազմից հետո՝ ռուսական զինուժը չկարողացավ հայկական սահմանը պաշտպանել ադրբեջանական ոտնձգություններից, և ՀՀ իշխանությունները ռուս սահմանապահների դուրսբերման թեման այժմ օգտագործում են՝ մեկ անգամ ևս ցույց տալու, որ փոխում են ռազմավարական ուղղությունը և վերանայում Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Դավիթ Հարությունովը՝ անդրադառնալով Սյունիքից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացին։
«Կարծում եմ՝ Ռուսաստանը մի կողմից կցանկանար, որ որպես ազդեցության ցուցանիշ՝ Հայաստանում իր անվերապահ ներկայությունը պահպանվեր, բայց կոնկրետ Սյունիքում տեղաբաշխումն իր իսկ համար ռիսկային է, որովհետև կարող է Ադրբեջանի հետ պոտենցիալ կոնֆլիկտ առաջացնել։ Իսկ ռուսներն աշխատում են խուսափել դրանից։
Կարծում եմ՝ կոնկրետ Սյունիքում տեղակայումը ռուսական կողմի համար հակասական էր։ Կրկնում եմ՝ մի կողմից ուժերի դուրսբերումը ցուցանիշ էր, որ նրանց ազդեցությունը Հայաստանում նվազում է, բայց մյուս կողմից սա այն դեպքը չէ, որ ռուսները կառչած լինեին դրանից՝ հաշվի առնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները»,- նշեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ներկայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները Ռուսաստանի համար գերակայություն են։
Անդրադառնալով վերջերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման գործընթացին՝ Դավիթ Հարությունովի նկատեց՝ այս քայլով ՀՀ իշխանությունները դեմոնստրատիվ կերպով ցույց տվեցին, որ վերանայում է ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները։
«Սակայն պաշտոնական Երևանը դա թիրախային է անում, այսինքն՝ Ռուսաստանի հետ անվտանգային ոլորտի մի քանի ուղղություններ շարունակում են անձեռնմխելի մնալ։ Խոսքը վերաբերում է և՛ տնտեսական հարաբերություններին (ինչպես տեսնում ենք, Հայաստանը ԵԱՏՄ-ի շրջանակներում ակտիվ գործակցություն է ծավալում), և՛ ռուսական 102-րդ ռազմաբազային։
Ռազմաբազան դուրս բերելը նախ տեխնիկապես է շատ բարդ՝ հաշվի առնելով դեռ չլրացած ժամկետները։ Բացի դրանից՝ չնայած հայկական կողմը խնդիր է դրել, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է բարելավվեն, և երրորդ երկրների ռազմական ներկայության կարիք չլինի, սակայն իրականության մեջ այդ հարաբերությունները դեռ չեն բարելավվել և հայտնի չէ՝ երբ կբարելավվեն։
Նույնիսկ բարելավման դեպքում Հայաստանին լավ կլիներ «страховка»-ի նման բան ունենալ։ Խնդիրն այն է՝ ՀՀ իշխանություններն ինչքանով այդ տրամաբանության մեջ դա կընկալեն»,- ասաց Դավիթ Հարությունովը՝ շեշտելով, որ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը շատ ավելի կվատացնի հայ-ռուսական հարաբերությունները, ինչին հայկական կողմը դեռ պատրաստ չէ։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր լրագրողներին տեղեկացրել էր՝ ռուս սահմանապահները դուրս են եկել Ներքին Հանդ գյուղից։