Եթե կարճ՝ ես ցավակցում եմ Անահիտ Մանասյանին, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանը պետք է գիտակցի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը ոչթե հասարակ աշխատանք է, այլ՝ առաքելություն։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ լրագրողների ներկայությամբ Բագրատ սրբազանին երեկ ընդունելու մերժմանը։
«ՄԻՊ-ը կարող էր իշխանությունների համար շատ դրական դեր խաղալ։ Այն, որ նա պետք է ընդուներ Բագրատ սրբազանին, դեռ մի բան էլ ինքը պետք է լրատվամիջոցներին հրավիրեր՝ ցանկություն հայտնելով, որ հանդիպումը լրագրողների ներկայությամբ ընթանա։ Դա դասական տարբերակն է։ Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ, կրկնում եմ, ցավակցության է արժանի։
Ես պարզապես ՄԻՊ աշխատակազմի աշխատողներին հորդորում եմ հստակ իմանալ՝ ՄԻՊ գրասենյակը ոչ թե իրենց աշխատաքային վայրն է, այլ իրենց տրված առաքելություն իրականացնելու ժամանակահատված»,- նշեց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ ՀՀ առաջին ՄԻՊ լինելն ինքը մինչև հիմա իր համար մեծ պատիվ է համարում։
Վերհիշելով իր՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան եղած տարիները՝ մեր զրուցակիցը նկատեց՝ 2004-2005 թվականները հիշող մարդիկ կփաստեն՝ դա ՄԻՊ գործունեության համար հեշտ շրջան չէր։
«Ի՞նչն էր այդ դժվար տարիներին ինձ օգնում. ես համոզված էի, որ իմ արած աշխատանքը շատ կարևոր է՝ այն է՝ թույլ չտալ, որ ոստիկանությունը կորցնի իր մարդկային դեմքը։ Դա մի ծանրագույն վիճակ է դաժան վերաբերմունքն իրականացնողների համար։ Նրանք այդ ժամանակ կորցնում են իրենց մարդկային կերպարանքը։
Հիմա այս պահին Անահիտ Մանասյանը հրաշալի հնարավորություն ուներ ցույց տալու, որ այս իշխանությունները, իրեն նշանակելով Մարդու իրավունքների պաշտպան, հանձինս իրեն՝ ունեն ոստիկանության մարդկային կերպարի համար պայքարող անձ։ Դա նույնն է՝ ինչ իշխանավորների օգտին պայքարողը։
Վերջապես մարդու իրավունքների պաշտպանը և ՄԻՊ գրասենյակն այն անձը և հաստատություն են, որոնք անաչառ կերպով պետք է կարողանան վերականգնել մարդու ոտնահարված իրավունքները։ Սա բարձր առաքելություն է»,- շեշտեց իրավապաշտպանը։
Լարիսա Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանում առավել կայացած ինստիտուտներից մեկը՝ ՄԻՊ գրասենյակը, փոխանակ հաստատեռլու «Ազատ մարդ, ազատ խոսք, ազատ երկիր» գաղափարախոսությունը, երեկ պարզապես իրականացրել է իշխանավորների հրամանը։
«Իսկ ցանկացած իշխանավոր, որը սխալ է գործում, ՄԻՊ-ն անմիջապես պետք է փորձի շտկել նրա ստեղծած վիճակը՝ հանուն ՀՀ ներքին անվտանգության։ Դա է, ի վերջո, ՄԻՊ-ի գործունեության մեծ մասը։ Եվ երկրորդ՝ մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում, պետք է հասկանան, որ ՄԻՊ-ն իշխանավորի իրավունքների պաշտպանը չէ։ Իսկ ՀՀ ՄԻՊ-ը երեկ իրեն դրսևորեց ոչ թե որպես ՄԻՊ, այլ ԻԻՊ՝ իշխանավորների իրավունքների պաշտպան»,-ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը երեկ հրաժարվել էր լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Սրբազանին, սակայն հայտնել էր, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և ևս 4 անձի։
«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ երեկ շարժվել էր դեպի ՄԻՊ գրասենյակ։ Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել էր, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցերին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլ բանի։
Ավելի վաղ Բագրատ սրբազանը նշել էր, որ առնվազն մի քանի լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։