Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, այժմ՝ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) աշխատող տիկինն անընդունակ է ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իմ կարծիքով՝ նա ամեն գործողություն կատարելիս խորհրդակցում է իր նախկին և ներկա վերադաս՝ գլխավոր դատախազուհու հետ։ Ի դեպ, խորհրդանշական է, որ կառավարության նիստերի ժամանակ ՄԻՊ-ը մտերմիկ նստած է գլխավոր դատախազի և հակակոռուպցիոն կոչվող կառույցի ղեկավարի կողքին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով ՄԻՊ Անահիտ Մանասյանի՝ այսօր լրագրողների ներկայությամբ Բագրատ սրբազանին հանդիպելու մերժմանը։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՄԻՊ-ի այսօրինակ գործելաոճը, մեր զրուցակիցը հիշեցրեց՝ նախ, պետք է արձանագրել, որ Հայաստանում ՄԻՊ թեկնածությունը միշտ որոշել է երկրի ղեկավարը։
«Սակայն Հայաստանը, չլինելով դասական բռնապետություն, մշտապես ՄԻՊ-ը հաշվի է առել հասարակության պահանջներն ու վերաբերմունքը մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և դրանց երբեմն մեղմ, երբեմն ավելի կոշտ արձագանքել է։ Եվ պատահական չէ, որ երկրի նախորդ երկու ղեկավարներն էլ դժգոհել են իրենց իսկ ՄԻՊ թեկնածուներից։
Սակայն ներկայիս ՄԻՊ աշխատող տիկինը էականորեն տարբերվում է իր նախկին գործընկերներից։ Առաջինը, որ նա ՄԻՊ նշանակվեց՝ մինչ այդ լինելով գլխավոր դատախազի տեղակալ, այսինքն պատժիչ հոգեբանությամբ անձ։
Երկրորդ, համոզված եմ, որ ինչպես բոլոր պաշտոնյաները, նա նույնպես հավատարմության երդում է տվել վարչապետ կոչեցյալին։ Այնպես որ, ի տարբերություն նախկին ՄԻՊ-երի՝ այսօրվա ՄԻՊ աշխատող տիկնոջից սպասելիքներ ունենալն անիմաստ է։
Օրինակ, նա չարձագանքեց ո՛չ ոստիկանական բաժանմունքներում փաստաբանների խոշտանգումներին, ո՛չ Սամվել Վարդանյանի ծեծին, ո՛չ էլ խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության վայրագություններին»,- նշեց Ավետիք Իշխանյանը։
Իրավապաշտպանից նաև հետաքրքրվեցին՝ ըստ իրեն՝ ինչո՞վ է պայմանավորված Անահիտ Մանասյանի մերժումը՝ Սրբազանի հետ հանդիպումն անցկացնել լրագրողների ներկայությամբ։ Ի պատասխան՝ մեր զրուցակիցը նկատեց՝դա նրա անձնական որոշումը չէ։
«Իսկ պատճառը, գոնե ինձ համար, շատ պարզ է։ Ի՞նչ էր նա պատասխանելու, ինչպես նշեցի , խաղաղ ցուցարարներին խոշտանգելու մասին հարցին։ Պատկերացնո՞ւմ եք, որ նա ժպտալով ասեր՝ «Ոստիկանությունը գործել է իր իրավասությունների շրջանակներում՝ կիրառելով օրենքով նախատեսված ուժ։ Հակառակ դեպքում Հայաստանը, լինելով իրավական, ժողովրդավարական պետություն, իրավապահ մարմինները գործեր կհարուցեին»։ Եվ այս խոսքերը հրապարակվեին»,- ամփոփեց Ավետիք Իշխանյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր հրաժարվել էր լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Սրբազանին, սակայն հայտնել էր, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և ևս 4 անձի։
«Տավուշը հանուն հայրենիքի շարժման» առաջնորդ Բագրատ սրբազանը շարժման մասնակիցների հետ այսօր շարժվել էր դեպի ՄԻՊ գրասենյակ։ Տավուշի թեմի առաջնորդը հայտարարել էր, որ իրենք այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի իրենց հարցերին պատասխան տան ու նաև ասեն՝ այս ողջ ընթացքում ՄԻՊ-ը ծառայել է մարդու իրավունքների՞ն, թե այլ բանի։
Ավելի վաղ Բագրատ սրբազանը նշել էր, որ առնվազն մի քանի լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա։