ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, բանասիրական գիտությունների թեկնածու
Ղազախստանի մայրաքաղաքի անվանումը հայերեն թարգմանվում է հենց պարզապես «մայրաքաղաք»: Վաղը, հուլիսի 6-ին, Ղազախստանի երիտասարդ մայրաքաղաքը նշում է իր տասնհինգամյակը: Ընդամենը տասնհինգ տարվա ընթացքում Աստանան հսկայական ճանապարհ է անցելՙ տափաստանից մինչեւ ժամանակակից մեգապոլիս, որն ունի մշտապես փոփոխվող, մեծացող, իր անկրկնելի տեսքն ու ոճը:
Թե ինչպես անհավանական թվացող ծրագիրը դարձավ զարմանալի իրողություն
Մարդկային չափանիշներով տասնհինգ տարին այդքան էլ տեւական ժամանակաշրջան չէ: Պատմության համար այդքան տարին լոկ ակնթարթ Է: Ղազախստանի պարագայում համոզվում ես, որ տասնհինգ տարին իսկական հրաշք կերտելու ժամանակամիջոց էր: Այդ հրաշքի շնորհիվ ինքնիշխան Ղազախստանի Հանրապետության խորհրդանիշը դարձավ նրա երիտասարդ մայրաքաղաքը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի 1997թ. հոկտեմբերի 20-ի հրամանագրով գավառական Աքմոլա քաղաքը 1997 թ. դեկտեմբերի 10-ից պաշտոնապես հայտարարվեց հանրապետության նոր մայրաքաղաք: Այդ որոշումը թելադրված էր քաղաքի կարեւոր աշխարհաքաղաքական դիրքով: Այն գտնվում էր Եվրասիայի ամենակենտրոնում, ուներ քաղաքի զարգացման համար բավականաչափ ազատ հողեր, ինչպես նաեւ անհրաժեշտ տրանսպորտային եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքներ:
Պետության ղեկավարի այս գաղափարին մարդիկ միանգամից չհավատացին: Թվում էր, թե երկիրը նոր-նոր է գլուխ բարձրացնում այն ճգնաժամից, որում գտնվում էին հետխորհրդային բոլոր պետությունները նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Չկային ոչ միայն ֆինանսական, այլ նաեւ մարդկային ռեսուրսներ նախագահի պլանների իրականացման համար: Ղազախստանի մայրաքաղաքը Աստանա տեղափոխելու որոշման ընդունման տասնհինգամյակին նվիրված իր ելույթում, 2012 թ. դեկտեմբերին Նուրսուլթան Նազարբաեւը նշել է. «Տասնհինգ տարի առաջ ես ստորագրել եմ հրամանագիր Աքմոլա քաղաքը Ղազախստանի մայրաքաղաք հայտարարելու մասին: Հիշելով այդ տարիները, կարելի է ասել, որ շատ հոռետեսներ կային, ովքեր կասկածում էին այդ քայլի ճշմարտացիության մեջ: Սակայն կային եւ մեծ թվով լավատեսներ, ովքեր առաջին օրվանից եկան նոր մայրաքաղաք եւ սկսեցին ակտիվ մասնակցություն ունենալ նրա զարգացման գործում: Իբրեւ քաղաքական գործիչ եւ պետության ղեկավար, ես գնացի ծայրահեղ ու վճռական քայլերի: Այլ կերպ այն ժամանակ հնարավոր չէր: Անհրաժեշտ էր ամբողջ միջազգային հանրությանը եւ ինքներս մեզ ցուցադրել, թե ինչի է ընդունակ մեր երկիրը: Եվ մենք ապացուցեցինք, որ ի վիճակի ենք լուծել մեծ խնդիրներ: Այսօր համոզված կարելի է ասել, որ դա ճիշտ որոշում էր, եւ գաղափարը ամբողջովին իրականություն դարձավ: … Աստանան Ղազախստանի ձեռքբերումների խորհրդանիշն է»:
Հայտնի են այսպիսի տվյալներ. Աստանայի կառուցման գործին մասնակցել են Ղազախստանի 71 քաղաք, 432 շինարարական ընկերություն, 135 գործարաններ շինարարությունը մատակարարել են անհրաժեշտ շինանյութերով: Ղազախական ընկերությունների հետ նոր մայրաքաղաքը կառուցել են Իտալիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների ընկերությունները: Հենց սկզբից նրանց առջեւ բարդ խնդիր դրվեց. կառուցել մի քաղաք, որը կխորհրդանշի ամենալուսավոր եւ ամենահամարձակ հեռանկարները: Եսիլ գետի ձախ կողմում կառուցվող գլխավոր բարդ կառույցների նախագծման վրա աշխատել են անվանի մասնագետներ Կիսե Կուրոկավան Ճապոնիայից եւ Նորման Ֆոստերը Եվրոպայից: Կուրոկավայի գլխավոր հատակագծի համաձայն, ճարտարապետական ոճի մեջ միատեղվել են ժամանակակից եվրոպական դիզայնը եւ ասիական ներդաշնակությունը, ինչի արդյունքում խորհրդանշվել է երիտասարդ մայրաքաղաքի դիմագիծն իբրեւ տնտեսության, քաղաքականության եւ մշակույթի կենտրոն: Աստանայի ճարտարապետական կտավին հայտնվեցին Խաղաղության եւ համերաշխության պալատը (Բուրգը), Խան-Շատըրը, Բայթերեկը եւ քաղաքի այլ խորհրդանիշներ: Իրականում, անշուշտ, քաղաքի գլխավոր ճարտարապետ կարելի է համարել նախագահ Նազարբաեւին, որը հաճախակի անձամբ է մասնակցում Աստանայի նորագույն ճարտարապետական նախագծերի մշակմանը եւ մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրերի բացման արարողություններին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի քաղաքը»ՙ աշխարհի «խելացի քաղաքներից» մեկը
1999 թ.ՙ իր շնորհանդեսից մեկ տարի անց, Աստանան արժանացավ ՅՈՒՆԵՍԿՈՅԻ մեդալին եւ «Աշխարհի քաղաք» պատվավոր կոչմանը: Արդեն 2003 թ. քաղաքը տեղ գտավ համաշխարհային Moodys Investor Service գործակալության ռեյտինգներում: Եվ ահա վերջերս Նուրսուլթան Նազարբաեւը քաղաքի առջեւ եւս մեկ խնդիր դրեց. մինչեւ 2017 թ. մտնել աշխարհի 50 «խելացի քաղաքների» շարքը: Այսօր այդ քաղաքների առաջին հնգյակում են Վիեննան, Տորոնտոն, Փարիզը, Նյու Յորքը եւ Լոնդոնը: Չնայած այս հայտարարությունը վերջերս է արվել, դրա իրագործումը սկսվել է դեռեւս 1998 թ.: Ղազախստանյան երիտասարդ մայրաքաղաքում բացված առաջին բուհը 1998 թ. դարձավ Եվրասիական ազգային համալսարանը: Այսօր Աստանայի եւ Ղազախստանի եւս մեկ առաջատար բուհ է «Նազարբաեւ» համալսարանը:
Բացի դրանիցՙ Աստանան երիտասարդության քաղաք է: Այստեղ են գալիս տաղանդավոր եիտասարդներ Ղազախստանի բոլոր անկյուններից, որպեսզի իրենց ավանդը բերեն մայրաքաղաքի զարգացմանը: Մայրաքաղաքի տեղափոխումը Ալմաթիից Աստանա հանգեցրեց նոր մայրաքաղաքի բնակչության սրընթաց աճի: Տասնհինգ տարվա ընթացքում մայրաքաղաքի բնակչության թիվը աճեց 2.5 անգամՙ 300 հազարից հասնելով մինչեւ 778 հազար մարդու (2013 թ. տվյալներով):
Ճիշտ է ասված, որ կատարելությանը սահման չկա: Նուրսուլթան Նազարբաեւն իր ելույթներից մեկում ասել է, որ պետք է ավարտին հասցնել իսկական մայրաքաղաքի վիճակը: Այս հայտարարության համաձայնՙ Աստանայում դեռ անելիք շատ կա:
Ղազախստանցիները չեն ծրագրում մայրաքաղաքի օրը նշել ցնցող արարողություններով, ինչպես դա անում են շատ այլ երկրներում: Եվ դա բոլորովին էլ պայմանավորված չէ քաղաքի երիտասարդ տարիքով: Ուղղակի այնտեղ կարծում են, որ ֆինանսական միջոցներն ավելի լավ է ծախսել քաղաքի բարեկարգման վրա, այլ ոչ թե մեկանգամյա զվարճանքների, ինչպիսիք են, օրինակ, համաշխարհային էստրադայի աստղերի մասնակցությամբ ընթացող շատ թանկ համերգները: Աստանայում ըմբռնումով ասում են, որ այդ ամենը կլինի, բայց շատ ավելի համեստ ծավալներով: Վաղվա արարողությունների մեծ մասն անցնելու է քաղաքի բաց հրապարակներում:
Այսօր Աստանան իրավամբ կարելի է համարել մշակութային, քաղաքական եւ հասարակական կյանքի պետական կենտրոն: Դառնալով Ասիայի ամենահյուսիսային մայրաքաղաքըՙ իր մեջ է առել մշակույթների, բարքերի եւ բնավորությունների բազմազանությունը: Գտնվելով Եվրասիական մայրցամաքի ամենակենտրոնումՙ Ղազախստանի երիտասարդ մայրաքաղաքն արդեն հասցրել է դառնալ համաշխարհային մասշտաբի բազմաբնույթ միջոցառումների կազմակերպման եւ անցկացման վայր: Արժե հիշել 2010 թ. անցած ԵԱՀԿ գագաթաժողովը, ինչպես նաեւ մշտական հիմունքներով այնտեղ անցկացվող համաշխարհային եւ ավանդական կրոնների համագումարները: Աշխարհում հայտնի են դարձել Աստանայի տնտեսական ֆորումները, որոնց մասնակցում են հանճարեղ, աշխարհահռչակ գիտնականներ ու հասարակական գործիչներ, ինչպես նաեւ տարբեր պետությունների ղեկավարներ: Աստանան ընտրված է EXPO-2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի իրականացման վայր, որտեղ գլխավոր թեման է լինելու «Ապագայի էներգիան»: Այս ամենը վկայում է Ղազախստանի միջազգային բարձր վարկի, մեզ բարեկամ այդ պետության, նրա ժողովրդի, ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւի նկատմամբ վստահության ու հարգանքի մասին: Ղազախստանի ապագան անքակտելիորեն կապվել է մայրաքաղաք Աստանայի ապագային: