Թուրքիայում ուշադիր հետեւում են առաջադրվող թեկնածուներին
Առաջիկա հոկտեմբերին Ադրբեջանում նախագահական ընտրություններն են: Հուլիսի 2-ին Բաքվում Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը ընդդիմության միասնական թեկնածու է առաջադրել վտարանդի Ռուստամ Իբրահիմբեկովին: Եթե Ադրբեջան վերադառնալու դեպքում իրավապահ մարմինները չձերբակալեն նրան, ապա նա կմասնակցի ընտրություններին:
Մինչ այդ, գործող նախագահ Իլհամ Ալիեւին թեկնածու առաջադրած իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունից հետո, «Ժողովրդավարական Ադրբեջանի երկիր» կուսակցությունը հունիսի վերջերին թեկնածու էր առաջադրել Ադրբեջանի նախագահի տիկնոջըՙ Մեհրիբան Ալիեւային: Հունիսի 25-ին «Ազգ»-ում Ալիեւայի առաջադրմանը հակիրճ, բայց բովանդակալից հոդվածով անդրադարձել էր Վահրամ Աթանեսյանը: Հունիսի 28-ին այդ հարցն արծարծել է «Դունյա բյուլտենի» լրատվական գործակալությունը:
Թերեւս կարիք չէր լինի վերարծարծելու հարցը, եթե այս գործակալությունը չլիներ թուրքական, նաեւ իշխանամետ եւ Ալիեւի առաջադրմանը չմոտենար Ադրբեջանում իշխող Ալիեւների կլանի մասնատման տեսանկյունից: Ի դեպ, «Դունյա բյուլտենին» հարցին նվիրված հոդվածը հրապարակել է հենց «Ալիեւայի թեկնածությունը կարող է մասնատել իշխանության ղեկին կանգնած ընտանիքին» վերնագրով:
Նախքան հոդվածի բովանդակությունը ներկայացնելը ասենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները սկզբունքորեն չպետք է հետաքրքրեն մեզ, որովհետեւ ինչպիսին էլ լինեն դրանց արդյունքները, միեւնույն հայատյացն է բազմելու նախագահի աթոռին: Հետաքրքրականը թերեւս թուրքական գործակալության հոդվածն է, որն արտահայտում է Ալիեւայի առաջադրման, Ալիեւների ընտանիքի եւ առհասարակ Ադրբեջանի նախագահական ընտրությունների նկատմամբ վարչապետ Էրդողանի կառավարության վերաբերմունքը:
Դա առանձնապես դրական չէ: Ոչ էլ եղել է: Այլապես 1995-ի մարտին Թուրքիան պետական հեղաշրջում չէր կազմակերպի Հեյդար Ալիեւի դեմ: Ի դեպ, չնայած հեղաշրջման թուրքական փորձին, որը կանխվել է վերջին պահին միայն, եւ Թուրքիայի անվերապահ աջակցությանը մուսավաթներին, «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը առաջ էր քաշել Հեյդար Ալիեւը:
Ինչ խոսք, նրա խնդիրը թուրքական դավադրությունը հանդուրժելը չէր, այլ հայատյացությունը, որն ընդհանուր է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Թուրքիայի համար: Ոչ էլ Թուրքիան Ադրբեջանի խնդիր ունի: Եթե նա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցում անվերապահ աջակցում է Ադրբեջանին, ապա դա անում է հիմնահարցը որպես ներքին խնդիր դիտելու, առավել եւսՙ Հայաստանի զարգացումը կանխարգելելու եւ հայկական պետությունը կազմալուծելու նկրտումներից չհրաժարվելու համար:
Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը ճանաչում է թուրքերին, որ համառորեն չի վերացնում վիզային ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ եւ նախընտրում է մերժել Անկարայի պահանջներըՙ փոխանակ համարժեք քայլով արձագանքելու: Այսինքնՙ տարաձայնությունները «Մեկ ազգի երկու պետության» միջեւ ակնհայտ են:
Այդ տարաձայնությունների մասին էլ գիտեն անկախ էթնիկ ծագումից հայի ազգանունով Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալող հայատյաց տականքները: Սակայն ղարաբաղյան պատերազմի հաղթանակը նսեմացնելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհեռանկարանության պատրանք ստեղծելու, ինչպես նաեւ պատվիրատու միջազգային կազմակերպությունների աչքին սիրունատես երեւալու համար սրանք առիթ բաց չեն թողնում թմբկահարելու Թուրքիա-Ադրբեջան անքակտելի միասնության մասին, որ հոգեբանական ճնշման ենթարկեն հայ հասարակությանը:
Համենան դեպս, «Դունյա բյուլտենին» Մեհրիբան Ալիեւայի առաջադրումը նախագահի թեկնածու համարում է կարեւոր զարգացում առաջիկա ընտրությունների տեսանկյունից, ապա շարունակում է.
«Ինչպես հայտնի է, իշխող կուսակցությունը արտակարգ նիստ էր գումարել եւ Իլհամ Ալիեւին առաջադրել էր նախագահի թեկնածու այն պահին, երբ ընդդիմությունը միացյալ թեկնածուի հարցն էր քննարկում: Սակայն «Ենի Ազերբայջան» կուսակցության այս արտակարգ համագումարը պատճառ էր դարձել, որ վերհիշվեն Իլհամի հորՙ Հեյդար Ալիեւի իշխանության վերջին տարիների քաղաքական զարգացումները: Թեեւ Հեյդար Ալիեւի օրոք Իլհամ Ալիեւը անընդմեջ հայտարարում էր, թե նախագահ դառնալու մտադրություն չունի, այդուհանդերձ, վարչապետ էր նշանակվել, ընդլայնվել էին վարչապետի լիազորությունները եւ Ադրբեջանի անկախացումից ի վեր առաջին անգամ ազդեցիկ դիրք էր գրավել երկրի վարչապետը: Հեյդար Ալիեւի մահից հետո նախագահի պաշտոնին նրա որդուՙ Իլհամ Ալիեւի գալը տարակուսանք էր առաջացրել:
Ուշագրավ է, որ պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Իլհամ Ալիեւը վերընտրվելու մտադրության մասին որեւէ հայտարարություն չի անում: Ավելին, նա «Ենի Ազերբայջան» կուսակցության վերջին համագումարի ելույթում նախընտրել էր չարծարծել իր թեկնածության հարցը: Սակայն Իլհամ Ալիեւի առաջադրումից հետո համագումարը Մեհրիբան Ալիեւային ընտրեց կուսակցության փոխնախագահ: Չնայած վերջին տարիներին շարունակ տարածվող խոսակցություններին ու մեկնաբանություններին, թե Իլհամ Ալիեւը պաշտպանում է իր տիկնոջՙ Մեհրիբան Ալիեւայի ընտրությունը նախագահի պաշտոնում, իշխանության թեւն առ այսօր լռություն է պահպանում:
Հեյդար Ալիեւի օրոք Մեհրիբան Ալիեւան առանձնապես աչքի չէր ընկնում: Սակայն նախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի հայտնվելուց հետո իրավիճակը փոխվել եւ Մեհրիբան Ալիեւան դարձել էր իշխանության ամենաազդեցիկ դեմքը: Ոչ միայն ինքը, այլեւ իր ընտանիքի անդամներն էլ սկսել էին կարեւոր դիրքեր զբաղեցնել իշխանության մեջ: Հեյդար Ալիեւի եղբորՙ Ջելալի հեռացումը իշխանության շարքերից, նաեւ հին նախարարների պաշտոնազրկումը պայմանավորվում է Մեհրիբան Ալիեւայի անվամբ»:
Այնուհետեւ թուրքական գործակալությունն ավելացնում է, որ հին գործիչները դեմ են Մեհրիբան Ալիեւայի առաջադրմանը, ոմանք նույնիսկ դա սադրանք ենք համարում, ոմանք էլ Ադրբեջանի առաջին տիկնոջ թեկնածությունը վերագրում են իշխանությունը մասնատելու ջանքերինՙ մեղադրելով այդ ջանքերի համար Մոսկվային: