Azg.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
-Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ կարծիք ունեք Տավուշյան շարժման և Բագրատ սրբազանի առաջնորդությամբ կայացած երթի մասին։
-Տեսնում եմ երկրի, պետության ճակատագրով մտահոգ մարդկանց համախումբ, որն ունի իշխանություններին հասցեագրվող հարցեր։ Հայաստանի համար այսօր ծառացող անվտանգային խնդիրներն այնչափ զգայուն, ծավալուն են ու աննախադեպ, որ մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, դրա խորացումը միանգամայն օրինաչափ երևույթ է։
Ինչ խոսք, այս տագնապի զգացողությունը նաև զանգվածների կառավարման գործիք է դիտարկվում թե՛ իշխանությունների, թե՛ տարբեր քաղաքական ուժերի, թե՛ արտաքին դերակատարների կողմից։ Ուստի, շարժման առաջնորդը կամ առաջնորդները մեծ պատասխանատվություն են առել իրենց ուսերին՝ իրենք պետք է ապահովեն շարժման ռացիոնալ ընթացքը։
-Ըստ Ձեզ՝ Հայաստանում այժմ ո՞ր ուժերի պայքարն է ընթանում, և հանուն ինչի՞ պայքար է սա։
-Ես տեսնում եմ շարքային մարդկանց, որոնք իրենց ապագայի հետ կապված խնդիրների լուծումն են ուզում, ուզում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր առանց պատերազմի ապահովել Հայաստանի անվտանգությունն ու զարգացումը, իսկ պատերազմի դեպքում՝ ինչպես լավագույնս կազմակերպել արդյունավետ դիմադրություն։
Իհարկե, նշված խնդիրների լուծումն ուղղակիորեն կախված կլինի նրանից, թե քաղաքացին որքանով կվստահի իշխանությանը, իսկ իշխանությունն էլ որքանով ունակ կլինի արդյունավետ համագործակցել սեփական ժողովրդի հետ։ Մարդկանց փողոց դուրս գալը հարմար առիթ է տարբեր քաղաքական ուժերի համար առաջնորդի դրոշը ձեռքներն առնելու փորձ կատարելու տեսանկյունից։ Կարող է անգամ գայթակղություն առաջանալ, որպեսզի այսօր ոչ-քաղաքական առաջնորդությունը ստանձնած եկեղեցու սպասավորներն ինչ-որ մի պահի որևէ մի քաղաքական ուժին կամ խմբավորմանը վերավստահեն շարժման քաղաքական առաջնորդությունը և հրապարակավ հայտարարեն այդ մասին։ Դա լուրջ վտանգներով հղի շրջադարձ կլինի։
-Պարո՛ն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ շարժման առաջնորդությունն իր վրա է վերցրել Հայ Առաքելական եկեղեցին՝ ի դեմս Տավուշի թեմի առաջնորդի, այլ ոչ՝ քաղաքական այս կամ այն ուժը։ Ինչո՞ւ պայքարի գլխին հենց Բագրատ սրբազանը կանգնեց։
-Կարծում եմ, որ հիմնական պատճառն այն է, որ հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերից և ոչ մեկն ընդունակ չէր ոչ-կուսակցական հիմքով ներազգային համախմբում ապահովել։ Եկեղեցին դեռևս այդ ներուժը գոնե առերևույթ պահպանել է։ Տավուշը ներկայումս ընթացող մտահոգիչ գործընթացների էպիկենտրոնն է, և հենց տեղի հոգևորականությունը պետք է ստանձներ համապատասխան նախաձեռնությունը և մարդկանց ուղղորդեր Երևան՝ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։
-Ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք ակնկալում առաջիկա օրերին։ Ստեղծված իրավիճակից ինչպիսի՞ հնարավոր ելքեր եք տեսնում։
-Եթե շարժման մասնակիցները սահմանափակվեն իշխանություններին հասցեագրվող իրենց մտահոգությունները փարատելու պահանջով, ապա վարչապետ Փաշինյանից ինչ-ինչ պատասխաններ կստանան։ Այդ պատասխանների մի մասը, գուցե, տրամաբանական կլինեն, մյուս մասն՝ անընդունելի։ Բայց տեսանելի է, որ հընթացս հասունացվում է իշխանափոխության անսակարկելի պահանջ։
Կարծում եմ, որ իշխանափոխությունը «փողոցով» հնարավոր կլինի միայն երկու դեպքում՝ եթե Փաշինյանն ինքը որոշի թողնել պաշտոնը կամ եթե ՀՀ ուժային կառույցները հրաժարվեն պաշտպանել Փաշինյանի կառավարությանը։ Առաջին տարբերակը հավանական չեմ համարում։ Երկրորդ տարբերակն իրագործելի կլինի, եթե ՀՀ ուժային կառույցների հակաիշխանական պահվածքը կողջունվի ու կքաջալերվի արտաքին ուժային որևէ կենտրոնի կողմից։
-Պարո՛ն Մելիքյան, ի՞նչ դիտարկումներ ունեք գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից Տավուշյան շարժման և անձամբ Բագրատ սրբազանի հասցեին հնչեցված ակնհայտ կեղծ լուրերի մասին։ Մասնավորապես հիշենք դաշտ նետված այն տեղեկությունը, որ Սրբազանն իբրև «բանակից ազատել է իր երկու որդիներին»։
-Արդեն վաղուց Հայաստանում կիրառվող քաղտեխնոլոգիաների շարքից է՝ հանրային ճանաչում ձեռք բերող մարդուն նսեմացնող տեղեկատվության տարածումը։ Օրենքի խախտումը օրենքով էլ պետք է պատժվի, հակառակ դեպքում՝ մարդուն վարկաբեկող հիմնազուրկ բամբասանք է։
-Ձեր կարծիքով՝ ռեժիմը և անձամբ Նիկոլ Փաշինյանը ռեալ վախեր ունե՞ն, որ շարժման՝ թափ հավաքելու պարագայում առաջիկայում կարող են կորցնել իշխանությունը։ Գնահատեք իշխանությունների՝ իշխանությունը պահելու և համազգային ծավալ ստացող պայքարի առաջնորդների՝ հաջողելու շանսերը։
-Առայժմ Փաշինյանի իշխանության համար ռեալ սպառնալիք դեռ չեմ տեսնում։ Գուցե այդպիսին հասունանա որոշ ժամանակ անց։ Դրան հակառակ՝ շարժման հնարավոր անհաջողությունը լուրջ հարված կլինի հատկապես ՀԱԵ, Էջմիածնի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Այդ անհաջողությունը ես դիտարկում եմ նաև որպես արտաքին ուժային կենտրոնների կողմից ծրագրվող, վերջիններիս համար ցանկալի ընթացք։
-Պարո՛ն Մելիքյան, եթե շարժումը մարի, ի՞նչ վտանգներով է դա հղի, և ի՞նչ հետևություններ պետք է անել։
-Եթե շարժումը մարի, ապա կարող է հանգեցնել Հայաստանում քաղաքական սերնդափոխության, երկու-երեք ազդեցիկ քաղաքական նոր ուժերի ձևավորմանը։ Կարևոր կլինի, որպեսզի ՀԱԵ հարվածի տակից դուրս բերվի։
– Որքա՞ն իրատեսական եք համարում դիտարկումները, որ ստեղծված իրավիճակում ճիշտ չկողմնորոշվելու պարագայում ՀՀ պետականությանը կարող է սպառնալ նույն ճակատագիրը, ինչ Արցախին։
-Այդպիսի վտանգ կա, և այն չպետք է անտեսվի։