Երթին միացած ուսանողների նկատմամբ ոչ միայն կարող են ճնշումներ լինել, այլև եղել են։ Կոնկրետ ԵՊՀ ուսանողները պատմել են, որ իրենց նկատմամբ ոչ ուղղակի, բայց որոշակի մեթոդներ են կիրառվել՝ փողոց դուրս չգալու համար. բուհի ադմինիստրացիան տեղեկացրել է, որ երթին մասնակցող ուսանողները բացականեր կստանան, կամ եթե գնում են՝ «մյուսների հետ գործ չունեն»։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը՝ անդրադառնալով ԵՊՀ-ի, Կոնսերվատորիայի և Բրյուսովի անվան համալսարանի ուսանողների՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին միանալու հանգամանքին։
«Ես սա այսօրվա մասին եմ ասում։ Ակնհայտ է, որ նման դասախոսներին ասում են ծառայամիտ։ Նույնիսկ կարող է բուհի ղեկավարությունից իրենց զգուշացրած չլինեն ուսանողներին նման բաներ ասել, բայց քանի որ ծառայամտությունը նրանց մեջ նստած է, իրենք վախենում են, և իրենց ազդեցությունը գործի դնելով՝ ուսանողներին հորդորում են երթերին չմասնակցել։
Բայց ասեմ՝ դա բնավ չի նպաստելու, որ ուսանողները հետ կանգնեն երթին մասնակցելու իրենց մտադրությունից։ Ուսանողները պետք է իմանան, որ իրենց կարծիք բարձրաձայնելը ոչ միայն իրենց խնդիրն է, այլ նաև կարող է լուծել հասարակությանն առաջնորդելու խնդիրը. նրանց նայում է ողջ հասարակությունը»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Մեր զրուցակցի խոսքով՝ անչափ կարևոր է, որ առաջադեմ երիտասարդները, ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որովհետև շատ երկրներում հենց երիտասարդներն են դառնում փոփոխությունների առաջամարտիկները։
«Ուսանողների՝ փողոց դուրս գալը պետք է շատ դրական գնահատել, որովհետև նրանք արտահայտում են իրենց քաղաքացիական կեցվածքը՝ կոչ անելով այլ ուսանողների ևս միանալ իրենց։
Ինչ վերաբերում է նրան, թե ինչու մյուս բուհերի ուսանողները չեն միացել երթին, ապա կարող եմ ասել, որ դեռևս չեն միացել։ Ես շփվում եմ տարբեր ուսանողների հետ և վստահ եմ, որ նրանք ևս մտածում են իրենց կարծիքը բարձրաձայնելու մասին։ Ուղղակի մեզ մոտ երիտասարդության շրջանում որոշակի թերահավատություն և անկազմակերպվածություն կա, որն էլ դեռևս խանգարում է երիտասարդներին փողոց դուրս գալ։ Մեր այժմյան ուսանողները կազմակերպվածության մակարդակով զիջում են 5-6 տարի առաջվա ուսանողությանը»,- ասաց Ատոմ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ և Բրյուսովի անվան համալսարանների 200-ից ավելի ուսանողներ այսօր հայտնեցին, որ միանում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։
Ուսանողները ստորագրահավաք են իրականացրել, որով իշխանություններից պահանջում են կասեցնել սահմանազատման գործընթացը և գործել Սահմանադրությանը համապատասխան։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած քայլերթին միացել էին նաև Կոնսերվատորիայի ուսանողները։