Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով և անթաքույց ստով: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա մեջբերեց հայտարարության առաջին կետը՝ «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա», ապա ընդգծեց, որ սա բացարձակ սուտ է:
«Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից:
Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսիյանը: Արձանագրությանը կցված է եղել 182 սահմանազատման քարտեզ, որը վերաբերում էր 975 կմ սահմանի երկայնքին: Ընդ որում քարտեզները շատ ճգրիտ էին` մեկ սանտիմետրում արտացոլված էր 250 մետր:
Արձանագրության և քարտեզների բնօրինակը հանձնվել է Մոսկվային, իսկ երեքական պատճե տրվել է Հայաստանին և Ադրբեջանին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր:
«Օրինակ, թեկուզ այն պատճառով, որ նույն Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։
Կարծում եմ, որ բոլորին էլ պարզ է, թե ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները: Մեր ձեռքի տակ է պաշտոնական փաստաթուղթ, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում:
Միաժամանակ մեր ձեռքի տակ է նաև մեկ այլ պաշտոնական փաստաթուղթ, որ այդ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: Փաստորեն` 2 տարի առաջ առկա փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:
Եվ եթե փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն, ապա հարց է առաջանում, թե ինչով է առաջնորդվում ներկայումս Հայաստանի կառավարությունը, օրինակ` ստրատեգիական անչափ մեծ կարևորություն ունենցող Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս։
Նաև այս հանգամանքն է, որ համոզմունք է ձևավորում, որ սահմանների ճշգրտման անվան տակ սեփական իշխանությունը երկարաձգելու համար ընդամենը միակողմանի զիջումներ են իրականացնում, որոնք ուղիղ սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը»,- ասաց Տ.Աբրահամյանը։
Նա նշեց, որ կադաստրի ենթակայության տակ գտնվող պետության համար կարևորություն ներկայացնող քարտեզները կա´մ ոչնչացվել են, կա´մ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել:
«Երկու դեպքում էլ խոսքը գնում է առանձնապես ծանր քրեական հանցագործության մասին:
Դատախազությանը պետք է այս հայտարարությունը ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: