«Արմենպրես»
Նրա «ԱՍԱԼԱ-ի դատը Փարիզում» պիեսը բեմ կբարձրանա հաջորդ տարի
Հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս եւ թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը հուլիսի 18-ին նշում է իր ծննդյան 75-ամյա հոբելյանը: Անվանի մտավորականը 75-ը պատասխանատու տարիք է համարում: «Ծննդյան տարեդարձս պատրաստվում եմ նշել բարեկամներիս հետ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց դրամատուրգը: Նրա խոսքով` տոնը նշելու առանձնակի մոտեցումներ եւ պահանջներ չունի, քանի որ այդ դեպքում կնշանակի, որ շատ է կարեւորում այն, մինչդեռ ծննդյան տարեդարձն իր համար առաջին հերթին ընկերներին հանդիպելու լավ առիթ է:
Անդրադառնալով ստեղծագործական գործունեությանը` Զեյթունցյանը տեղեկացրեց, որ 2014 թվականի գարնանը «ԱՍԱԼԱ-ի դատը Փարիզում» սցենարի հիման վրա Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա նոր ներկայացում: «Բեմադրությունը կիրականացնի Արմեն Խանդիկյանը, ով վերջին 25 տարիներին իմ բոլոր պիեսների բեմադրություններն է իրականացնում»,- նշեց նա` հավելելով, որ պիեսի վրա աշխատել է 8 ամիս:
Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948թ. հայրենադարձվել է Հայաստան: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-1964թթ սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում: 1965-1968թթ եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-75թթ` հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի գլխավոր խմբագիրը: 1975-86թթ եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղարը: Մի շարք գրքերի հեղինակ է` «Ամենատխուր մարդը», «Նրա առաջին ընկերը», «20-րդ դարի լեգենդը», «Փարիզի համար», «Մեր թաղի ձայները»: 12 պիեսների հեղինակ է` «Աստվածների կանչը», «Լեգենդ ավերված քաղաքի մասին», «Հիսուս Նազովրեցին եւ նրա աշակերտները», «Կանգ առ, երկրագունդ», «Ոտքի, դատարանն է գալիս», «Մի նայիր հայելուն» եւ այլն, որոնք բեմադրվել են Երեւանի տարբեր թատրոններում: «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով նկարահանել է «Երեւանյան օրերի խրոնիկա» ֆիլմը: Նրա գրքերը թարգմանվել են 11 լեզուներով: 1991-92թթ եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: Դարձել է Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավՍ ր անդամ, ՀԽՍՀ Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր: Արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, «Հայ արվեստի ասպետ», «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումների: 2007թ. արժանացել է հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանի:
«Ազգի» խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է տաղանդավոր գրողին 75-ամյակի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, ստեղծագործական նվաճումներ: