2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում կա ավելի քան 193 հզր հաշմանդամություն ունեցող անձ, որոնց թիվը շարունակում է աճել՝ կախված երկրի պատերազմական վիճակով եւ Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակով:
Հաշմանդամություն ունեցող անձինք ամեն օր բախվում են տարբեր տեսակի խնդիրների, որոնցից ակնառուն քաղաքի թեքահարթակներն են:
Կառուցված թեքահրաթակների մոտ հնարավոր է կոշիկ նորոգել, ծաղիկ վաճառել, գումար մուրալ, բայց նպատակին ծառայեցնելը մի փոքր անհնար է:
«Եթե որոշեմ օգտվել Զորավար Անդրանիկ մենտրոյի գետնանցումային թեքահարթակից, ապա դա կանեմ միայն կյանքիս վերջ տալու դեպքում: Այն անհարմար է ու տպավորություն է ստեղծվում, որ էքստրեմալ ատրակցիոնից եմ օգտվում»,- մեզ հետ զրույցում նշում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիներից Մերին:
Հենաշարժողական խնդիր ունեցող քաղաքացիները կարծում են՝ ժամանակն է, որ կառավարությունը լուրջ վերաբերմունք ցույց տա այս խնդիրներին, քանի որ ժամանակները փոխվում են եւ միջազգային հանրությունը այլ կերպ է դիտարկում այս «անտարբերությունը»:
«Ինչպես բոլորը, այնպես էլ մենք ունենք ՀՀ-ում ազատ տեղաշարժի իրավունք, եւ այդ ամենը ամրագրված է Սահմանադրությամբ: Ակնկալում եմ պետությունից ապահովել իմ ազատ տեղաշարժի սահմանադրական բոլոր իրավունքները»,- մեզ հետ զրույցում ասում է 32-ամյա Գայանեն եւ ավելացնում է, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք տարիներ շարունակ սպասում են իրենց տեղաշարժը հեշտացնելու համար նախատեսվող բարեփոխումներին, բայց այդ ծրագրերն ու նախագծերը մնում են թղթի վրա կամ էլ իրագործվում են, բայց պետքական չեն լինում:
25-ամյա Անահիտը մեզ հետ զրույցում նշում է. «Ավտովթարի պատճառով գամվել եմ սայլակին ու մոռացել եմ մշակութային կառույցներ այցելելու մասին, դա կլինի կինո, թատրոն, թանգարան կամ պատկերասրահ: Ինչքան էլ կառավարությունը փորձում է միջոցներ կիրառել հաշմանդամների տեղաշարժը հեշտացնելու համար, միեւնույն է՝ չի ստացվում: Հուսով եմ կգա ժամանակ, երբ մենք էլ կկարողանանք տեղաշարժվել ինչպես ուրիշները»:
Թեքահարթակներն իրենց կառուցվածքով չեն համապատասխանում որեւէ չափանիշի, իսկ դրանց կիրառումը բավականաչափ վտանգավոր է, դրանք նախատեսված են ինչպես անվասայլակներով, այնպես էլ մանկասայլակով անձանց համար, սակայն ոչ առաջին կատեգորիային, ոչ էլ երկրորդին չեն ծառայում:
29-ամյա Մարլենան, որը բախվում է այս խնդրին ամեն անգամ, երբ երեխայի հետ մանկասայլակով դուրս է գալիս զբոսանքի, մեզ հետ զրույցում ասում է, որ. «Երիտասարդական մետրոյի տարածքում գտնվող «Մենտրոնոմ» առեւտրի կենտրոն տանող գետնանցումում տեղադրված թեքահարթակները շատ անհարմար են բալիկի հետ միայնակ անցնելու համար, եթե ցանկանում ես հայտնվել գետնանցումում, ապա անցորդներից որեւէ մեկի օգնությունը պարտադիր է»:
Թե քանի՞ թեքահարթակ կա կառուցված եւ թե քանի՞սն են կարողանում իրականացնել իրենց գործառույթը ՀՀ-ում, անհնար է ասել, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամություն ունեցողների թիվը կտրուկ աճել է, եւ խնդրին օր առաջ լուծում տալը կարող է զգալիորեն հեշտացնել բազմաթիվ քաղաքացիների ազատ տեղաշարժը:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ