Քաղաքական, պետական կառույցները՝ Բաքվի սպառնալիքներին տուրք են տալիս
Ինչպես ծանուցել էինք «Ազգ»ի նախորդ համարում, մարտի 6-ին Բեռլինում «Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի շնորհանդեսն ու դրա վտանգված լինելու պատճառները վեր հանող քննարկումը ադրբեջանական ճնշման եւ սպառնալիքների պատճառով միայն հեռավար zoom տարբերակով անցկացվեց: Առցանց «Ազգ»-ում նույն օրը՝ մարտի 6-ի ուշ երեկոյան, երբ ավարտվեց zoom միջոցառումը, ծանուցեցինք դրա մասին՝ շեշտելով կարեւորը, որ ի հեճուկս Ադրբեջանի ֆաշիստական հարձակման, այն անցկացվեց՝ առանց բովանդակային ձեւափոխման: Մեր նախորդ հրապարակման մեջ նկատել ենք, որ անընդունելի է, որ Բեռլինում Բաքուն Արցախ բառը շրջանառողների հանդեպ է արդեն վախի մթնոլորտ ստեղծում, իսկ հայերիս անվտանգությունը դժվարանում են ապահովել նույնիսկ գիտական բանավեճի ժամանակ: Սակայն ընկալելի չէ, որ հայկական ԶԼՄ-ները մինչ մարտի 12-ը շրջանառում էին թերի մի վերնագիր՝ «Գրքի շնորհանդեսը չի կայացել՝ Ադրբեջանի ճնշումների պատճառով»: Հիշեցնենք՝ միջոցառման կազմակերպիչները՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցությունը (ԳԱՔԸ) օրեր ի վեր ադրբեջանական սպառնալից նամակների ճնշմամբ, միջոցառման մասնակիցների անվտանգության նկատառումներից ելնելով, իրավիճակը սրելու արկածախնդրությունից հրաժարվել էին, առաջարկելով Արցախի ժառանգության պահպանման մասին ժամը 18.30-20 նախատեսված միջոցառումը միայն առցանց անցկացնել: Թեեւ ԳԱՔԸ-ի շենքի առջեւ ադրբեջանցիների նախօրոք հայտարարված հանրահավաքը պիտի հսկեր դաշնային ոստիկանությունը, որ սովորաբար իր պարտականության մեջ չի թերանում, սակայն վերջինս միջոցառման մասնակիցների անվտանգությունը պաշտպանել չէր երաշխավորել, քանի որ այն որակել էր մասնավոր՝ ԳԱՔԸ -ի միջոցառում:
Նույն օրը՝ մարտի 6-ին ադրբեջանական լկտի վարքագծի վրա X-ի հարթակում ուշադրություն բեւեռեց Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը (IGFM): ԳԴՀ գյուղնախարար Չեմ Էոզդեմիրն անմիջապես արձագանքեց դրան: « Անշուշտ, ինքնըստինքյան պետք է որ հնարավոր լիներ ԼՂ վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջոցառումը տեղում ներկաների մասնակցությամբ անցկացնելը: Այն հանգամանքը, որ ավտոկրատների սպառնալիքներն այստեղ խանգարեցին դա իրականացնել, պիտի ցնցող լինի: Ոչ միայն, այլեւ՝ Գերմանիայի պատասխանատվությունից ելնելով»: Առայժմ որեւէ գերմանացի քաղաքական գործիչ, կամ՝ պաշտոնյա ԳԴՀ գյուղնախարարի օրինակին չի հետեւել, չի արձագանքել: Չի հիշում նաեւ այդ պատմական պատասխանատվության մասին:
Բեռլինում նախապես հայտարարած ադրբեջանցիների բողոքի հանրահավաքը չկայացավ: Փոխարենը ոչ մեծաթիվ հայ եւ գերմանացի մասնակիցներ, նրանց թվում նաեւ գրքի հեղինակներից Թեսա Հոֆմանը, Արցախի դրոշով փողոցում սատարեցին միջոցառման անցկացումը:
Միջոցառման ժամանակ բողոքի իր հստակ պատճառաբանված շարադրանքը նախ ներկայացրեց գրքի հեղինակներից դոկտոր Հարություն Հարությունյանը, որի հետ հաջորդող օրերին Հանրային ռադիոն հարցազրույց հրապարակեց, ուստի չկրկնեք այն՝ տեղի սղության պատճառով: Հաջորդող օրերին գրքի հեղինակները՝ դոկտոր պրոֆեսորներ Անդրեաս Մյուլլերը, Մարտին Թամքեն, դոկտորներ Հարություն Հարությունյանը, Դագմար Հելլերը բողոքի հայտարարություն տարածեցին՝ շեշտելով, թե « գիտական հանրության համար հրապարակային միջոցառումը ազատ ժողովրդավար երկրում» սպառնալիքի տակ է:
Ադրբեջանի դեսպան Աղաեւը այժմ կարծես ուրիշ մտահոգություն ունի: Գիտնականների բողոքին էլ չի արձագանքում, քանի որ զբաղված է գերմանական հեռուստատեսության մարտի 6-ին Ադրբեջանի մասին հեռարձակած հետաքննության պայթյունը խլացնելով: Մանավանդ որ այն ցուցադրվել է նաեւ Բունդեսթագում, տարբեր հարթակներում շարունակում է աղմուկը, իսկ դրա հետեւանքը եղավ այն, որ մարտի 6-ին Բաքվում փակվեց Խադիջա Իսմայիլովայի գլխավորած վերջին ազատ հեռուստաընկերությունը՝ Toplum TV -ն, 12 լրագրողները կալանավորվեցին: (Ֆիլմի մասին գրել ենք «Ազգ»ի մարտի 7-ի համարում-Ան.Հ.): Այս ճկուն, երիտասարդ դիվանագետի ջանքերով փետրվարի 26-ին ադրբեջանական համայնքը Քյոլնի Մայր տաճարի առջեւ հանրահավաք էր գումարել՝ ի հիշատակ՝ իրենց ձեւակերպմամբ «Խոջալուի ցեղասպանության» զոհերի եւ պահանջում էր, ուշադրություն՝ արդարադատություն: Սա դահիճից զոհի դեր ստանձնելու շարունակվող խաղն է, եւ Ադրբեջանն այն միշտ հիշում, օգտագործում է, երբ վտանգ է տեսնում: Այդ վտանգն այս անգամ «Արցախի մշակութային ժառանգություն» գրքի շնորհանդեսն ու քննարկումն էր Բեռլինում, այսինքն՝ հայոց ինքնության գիտական հաստատումը: Կազմակերպիչները՝ Կոնրադ Ադենաուր հիմնադրամը, Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցությունը, կարծում ենք, ծանոթ էին դեսպան Աղաեւի՝ հատկապես Արցախ տեղանվան կիրառության դեմ ալերգիկ ժառանգական ախտին: Դեսպանն իր ելույթներում նույն կազմակերպություններին, նաեւ Հայնրիհ Բյոլ հիմնադրամին անցյալ սեպտեմբերին մեղադրել էր Ադրբեջանին դեմոնացնելու, նրանց հայամետ լինելու մեջ, չմոռանալով դեմոկրատական երկրում գլխավոր գործիքը՝ «նրանք փորձում էին լռեցնել իմ խոսքը»… գրել էր՝ ի բողոք: Արցախի գրքի շնորհանդեսի պարագայում իբրեւ սպառնալիք ջանում էր այս կազմակերպությունների ֆինանսական աջակիցներին ապակողմնորոշել:
Ո՞ւր են Ջորջ Սորոսի հայ «զավակները»
Դեսպանն իհարկե շատ զգույշ է, հատկապես Իսրայելին քննադատելու, Գազայում կատարվողի, Համասի վերաբերյալ որեւէ դիրքորոշում չի արտահայտել, նույնիսկ այն դեպքում, երբ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցին կողմ էր արտահայտվել Ադրբեջանը՝ լինելով Իսլամական երկրների միավորման անդամ: 2024-ի հունվարին դեռ նա զբաղված էր հայերին եւ հրեաներին թշնամացնելու իր զուգահեռ առաքելությամբ (հիշեցնում էր Երեւանում հրեական միակ սինագոգի դեմ կատարված ոտնձգությունը), մասնակցում էր Ադրբեջանից Գերմանիա տեղափոխված հրեական համայնքի 10-ամյակի հանդիսություններին, շեշտում էր հրեաների հետ ադրբեջանցիների բարեկամության խոր արմատների մասին, սակայն իր հարթակում տեղադրած «բացահայտումների» մեջ մի փաստ կարող է ապագայում խնդիրներ հարուցել: Գերմանա-ադրբեջանական խորհուրդ կազմակերպությունը, որ X-ի հարթակում դեսպան Աղաեւի աջ թեւն է, մինչեւ միջոցառումն անընդհատ զբաղվում էր պատմության կեղծարարությամբ, մարտի 4-ին միջոցառման կազմակերպիչներին նորից «հուշել էր», թե իրականում հայերն են ոչնչացրել Ադրբեջանի մշակութային ժառանգությունը՝ մզկիթները հիմնահատակ քանդելով, ախոռի վերածելով, դրանից ավելի առաջ՝ մարտի 2-ին ցույց տվել, որ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների բողոքի բաց նամակը տպագրել է պետական լրատվական գործակալությունը՝ «Ազերթաջը», ավելի վաղ՝մարտի 1-ին ներկայացրել այն «բացահայտումը», թե Արցախի ժառանգության պահպանության քննարկման կազմակերպիչներից մեկը՝ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցությունը սնվում է Սորոսի հիմնադրամից: «Հանելուկ. Գերմանական ո՞ր ուղեղային կենտրոնն է 100 000 եվրո ստանում Բաց հասարկության հիմնադրամից՝ իր չսիրած երկրներին կանոնավոր թիրախավորելու համար», գրել էր հիշյալ խորհուրդն իր էջում՝ տեղադրելով Սորոսի լուսանկարին կից ԳԱՔԸ ներկայացուցիչների լուսանկարները, կից՝ ֆինանսավորման վկայությունը: Այդ հարթակում տեղադրված այս «բացահայտումը» հակահրեական կարելի է գնահատել, քանի որ Գերմանա-ադրբեջանական խորհուրդը շեշտում է Ջորջ Սորոսի ծագումը: Ադրբեջանական կազմակերպությունները Արցախի ժառանգության պահպանման միջոցառման վերաբերյալ շեշտում էին իսլամաֆոբ եւ ռասիստական որակումները, Բաքվում նույնանուն վտանգներից պաշտպանվելու գիտաժողովներ են գումարում՝ պետական հովանավորությամբ եւ մասնակցությամբ, իսկ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս նույն ստնտուի՝ Ջորջ Սորոսի հայ «զավակներն» ինչո՞ւ այս փաստը չեն շրջանառում:
Գերմանիայում ճանաչված հրապարակախոս, ծագումով հրեա Հենրիկ Մ. Բրոդերը (Henryk M. Broder), որ երբեք անտարբեր չի մնում հայ ժողովրդի դեմ թուրք- ադրբեջանական ոտնձգություններին, ինչի մասին բազմիցս գրել ենք «Ազգում», մարտի 7-ին անդրադարձավ Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ միջոցառման կազմակերպիչների եւ մասնակիցների հանդեպ Ադրբեջանի 20 հասարակական կազմակերպությունների բաց նամակին, որով սպառնում էին «հայկական քարոզչական միջոցառումը չեղարկել»: Բրոդերի քննադատությունն ուղղված էր նաեւ գերմանական երկու հաստատություններին՝ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամին եւ Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերակցությանը, որ իրադրությունը չսրելու համար նախընտրել էին չեղարկել սրահում հյուրերի եւ մասնակից բանախոսների ներկայությունը՝ այն փոխադրելով միայն առցանց տիրույթ:
Ադրբեջանցիների «բաց նամակում հզոր Հայաստանը ներկայացվում է որպես ագրեսոր, որ սպառնում է փոքր Ադրբեջանին եւ նրա մշակութային ժառանգությանը: Այժմ գիտենք, թե վերջին խոսքն ով է ասում՝ Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների անդամները եւ «Բաքվի քաղաքագետների ակումբը» պիտի որոշեն, թե ո՞ր գիրքը, ի՞նչ շրջանակում պետք է ներկայացվի Գերմանիայում», գրեց Բրոդերը Achgut.com կայքում:
telepolis.de հարթակում մարտի 12-ին Հարալդ Նոյբերը, անդրադառնալով Գերմանիայում գիտական աշխատանքի վրա Ադրբեջանի հսկողությանը՝ Արցախի ժառանգության մասին գրքի հեղինակների բողոքին, ներկայացրեց նրանցից Քիիլի համալսարանի աստվածաբան Անդրեաս Մյուլլերի հետ զրույցը: Գերմանացի գիտնականը բացատրում է, որ գիտական հետազոտությունը հրապարակային պիտի ներկայացվի, քննարկվի, նույնիսկ երբ կարծիք կա, թե միակողմանի է: Լրագրողի այն հարցին, թե «նման խոչընդոտող դեպքեր էլի եղե՞լ են», Մյուլերը պատասխանում է, որ Հայաստանին առնչվողի պարագայում՝ այո, օրինակ բերելով թուրքերի՝ Հայոց ցեղասպանության թեմայով միջոցառումներին անընդհատ խանգարելու փորձերը: Հաջորդ՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպանության դերակատարման մասին հարցին պատասխանելով՝ Մյուլլերը վստահ է, որ ողջ համակարգված աշխատանքը հենց այդ կառույցն է կատարել: Գլխավոր փաստարկն էլ պարտադրել է՝ պիտի խոսել նաեւ հայերի՝ Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման մասին: Մյուլլերը քննադատում է ԳԴՀ ԱԳՆ-ին, ԵԽ-ին, որոնց համար տնտեսական կապերն առավել կարեւոր են, քան Արցախի բնակիչներն ու մշակութային ժառանգության պաշտպանությունը: «Արցախը գազի եւ նավթի եվրոպական պահանջի զոհ դարձավ», նկատել է տալիս Մյուլլերը՝ հիշեցնելով գերմանացի, եվրոպացի քաղաքական գործիչների Ադրբեջանից կաշառառության բազմաթիվ փաստերը: Մյուլլերը սակայն նշում է, թե պիտի շարունակեն իրենց գործը՝ Արցախի մշակութային ժառանգության մասին գիրքն այլ վայրերում ներկայացնել, ինչպես նաեւ բողոքի նամակներ տարբեր կառույցների ուղարկելը, քանի որ «Արցախում արդեն գերեզմաններն են բուլդոզերներով քանդում»: Մյուլլերը շարադրում է, որ Բաքվի նպատակը հայկական հետքը Արցախում իսպառ վերացնելն է եւ կոչ է ուղղում միջազգային հանրությանը՝ հայացքը Հայաստանին հառել, քանի որ Ադրբեջանի հետագա հարձակումներից ՀՀ-ն պաշտպանված չէ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարը՝ Թեսա Հոֆմանի ֆբ էջից. Մարտի 6-ին բողոքի հանրահավաք չարեցին ադրբեջանցիները, փոխարենը Բեռլինում Արցախի եւ Հայաստանի դրոշները «խոսեցին»: