Վ. Ա.
«Թուրան» գործակալությունը, վկայակոչելով անանուն, բայց «միանգամայն վստահելի աղբյուրներ», տեղեկացնում է, որ Ադրբեջանի Լենքորան քաղաքում «մի քանի օր գտնվում է «Մոսադի» հատուկ ստորաբաժանումը»: Այո, խոսքը Իսրայելի հետախուզական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման մասին է:
Ադրբեջանի պատկան մարմիններն այդ տեղեկատվությունը ոչ հաստատել, ոչ հերքել են: Միայն հայտնի է, որ մոտ օրերս Լենքորանում տեղի կունենա ադրբեջանական «Խազար-Լենքորան» եւ իսրայելական «Մակկաբի» ֆուտբոլային թիմերի մրցախաղը, որին ներկա է գտնվելու ֆուտբոլի ադրբեջանական ֆեդերացիայի եւ Socar պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը:
Այդ ֆուտբոլային խաղի կապակցությամբ modern.az-ի թղթակիցը Լենքորանից տեղեկագրել է, որ «քաղաքում ձեռնարկվում են հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման արտակարգ միջոցառումներ»: Մասնավորապես, Լենքորանում ստեղծվել է «օպերատիվ շտաբ, որտեղ ներգրավված են ուժեր ոստիկանությունից, ՆԳՆ ներքին եւ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, իսկ խաղադաշտն ամբողջությամբ արգելափակված է մետաղացանցով, որպեսզի ֆանատները մարզիկների վրա վտանգավոր փաթեթներ չնետեն»:
Ըստ haqqin.az-ի` իսրայելցի ֆուտբոլիստների անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու պայման առաջադրվել է Իսրայելի կողմից: Բացատրությունը մեկն է եղել` «Իրանից ձեռքդ պարզես` Լենքորան կհասնես», ինչից հասկացվում է, որ «Մոսադի» հատուկ ստորաբաժանումն ադրբեջանական տարածք է մտել` «կանխելու իսրայելցի ֆուտբոլիստների դեմ Իրանից ակնկալվող սպառնալիքները»:
Կողմերն Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները որակում են «վստահ-գործընկերային», երբեմն օգտագործվում է նույնիսկ «ռազմավարական դաշնակցություն» ձեւակերպումը: Այս համատեքստում միանգամայն արտառոց է, որ իսրայելական կողմն իր ֆուտբոլիստների անվտանգության ապահովումը չի վստահել Ադրբեջանին: Կամ` ինչո՞ւ չի ընտրվել ֆուտբոլային խաղը Բաքվում անցկացնելու տարբերակը, որտեղ, ամենայն հավանականությամբ, իրանական կողմի ձեռքը չէր հասնի:
Իսկ եթե ֆուտբոլային խաղը եւ իսրայելցի մարզիկների «անվտանգության պահպանման անհրաժեշտությունը» սոսկ պատրվա՞կ են: Ի՞նչ երաշխիք, որ մի անգամ պաշտոնապես մուտք գործելով Լենքորանՙ «Մոսադը» ֆուտբոլային խաղի ավարտից հետո «կազմակերպված ձեւով» լքելու է Ադրբեջանի հարավային տեղաշրջանը:
Այդպիսի երաշխիք ոչ ոք չի կարող տալ: Ուստի բացառված չէ, որ «Մոսադն» արդեն իսկ Իրանի դեմ ծրագրած քայլերը դարձնում է իրականություն, եւ իրանա-ադրբեջանական լարվածության «շուտափույթ հաղթահարման» մասին ադրբեջանական որոշ քաղաքագետների հավաստիացումներն ընդամենը «օդի տատանումներ» են:
Մանավանդ երեկ հայտնի է դարձել, որ օգոստոսի 3-ին նախատեսված` Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Բաքվից ներկա կգտնվի չափազանց համեստ պատվիրակություն` Միլլի մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի գլխավորությամբ: Թեեւ իրանական կողմից պաշտոնական հրավերն ստացվել է «նորին գերազանցություն նախագահ» Իլհամ Ալիեւի անունով: