Եվ ոչ մի էմոցիա: Հասկանալի է, Ադրբեջանը անընդհատ զինվում է, ինչը բնականաբար մեզ անհանգստացնում է: Հասկանալի է, որ բոլորը համերաշխ լռում են, երբ Ադրբեջանը զինվում է, իսկ խոսողներն էլ պարտադիր գուժում են, որ «Ադրբեջանը պատրաստվում է երկրորդ ղարաբաղյան պատերազմին», հասկանալի է, որ նման կարծիքներ հնչում են հիմնականում Արեւմուտքից, իսկ զենք Ադրբեջանը հիմնականում գնում է Ռուսաստանից:
Այսինքն, ռուսական զենքով զինվող Ադրբեջանին Արեւմուտքը ոչ միայն չի քննադատում, այլեւ փորձում է օգտագործել ռուս-ադրբեջանական զինական գործարքը` Հայաստանին Ռուսաստանից վերջնականապես կտրելու համար: Հենց այդ պատճառով էլ հիմնականում Արեւմուտքից մենք լսում ենք, որ եթե Մոսկվան Բաքվին զենք է վաճառում, ուրեմն Բաքուն պատրաստվում է հարձակվել Ղարաբաղի վրա:
Այո, ադրբեջանական բանակը վերջերս գնեց «դաշտային հոսպիտալներ», ինչը անմիջականորեն ցույց է տալիս, որ Բաքուն պատերազմի է պատրաստվում, բայց, նախ, «դաշտային հոսպիտալները» կարող են ծառայել նաեւ քաղաքացիական բնակչությանը: Եվ հաշվի առնելով, որ ադրբեջանական շրջաններում քաղաքացիական հիվանդանոցներ շատ չկան, հետեւաբար «դաշտային հոսպիտալները» առավելաբար հենց քաղաքացիական բնակչությանն են ծառայելու: Պարզապես ինչո՞ւ ավելորդ ծախս անել եւ քաղաքացիական հիվանդանոցներ կառուցել Բաքվից հեռու, միեւնույն ժամանակ, ինչո՞ւ հերթական անգամ պատերազմի նախապատրաստվողի կեցվածք չընդունել:
Իրականում ոչինչ միանշանակ չէ: Հասկանալի է, որ զենք կուտակելով Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, գոնե սպառնում է պատերազմով, խնդիրն այն է, թե ո՞ւմ դեմ եւ ո՞ւմ: Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն լրջորեն հետաքրքրված է Ադրբեջանի տարածքներով, մասնավորաբար` Իրանի դեմ հավանական գործողություններ ձեռնարկելու նպատակով: Մյուս կողմից, Բաքուն պաշտոնապես չի հերքում, որ մոտ ժամանակներս հնարավոր է ռազմական բախում Թուրքմենստանի հետ` կապված Կասպից ծովի նավթային ռեսուրսների հետ (հիշենք, որ ադրբեջանական բանակը համալրվում է նաեւ արդիական ռազմական նավերով, իսկ վերջիններս հաստատապես ղարաբաղյան պատերազմի համար չեն նախատեսված): Այսինքն, կուտակվող սպառազինությունը, «դաշտային հոսպիտալները», արդիականացող (եթե արդիականանում է, իհարկե) ողջ ռազմական համակարգը Ադրբեջանին անհրաժեշտ է ամեն պարագայում, եւ ամենեւին ոչ միայն Հայաստանի դեմ նոր հավանական պատերազմում: Գուցե Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելը առհասարակ վերջի՞ն հերթին է դիտարկվում Բաքվի ռազմական պլաններում…
Հենց սրանով էլ հիմնավորվում է Արեւմուտքի լռությունը` ադրբեջանական բանակի տարեցտարի աճող սպառազինության հետ կապված: Բանն այն է, որ անգամ ռուսական զենքով Բաքուն կարող է օգտակար լինել ՆԱՏՕ-ին, եթե Իրանի դեմ ի վերջո որոշվի ձեռնարկել հենց ռազմական գործողություններ, ինչը, նկատենք, նաեւ Ադրբեջանին է ձեռնտու, հաշվի առնելով «ադրբեջանցիներով բնակեցված հարավային Ադրբեջանի վերջնական միացումը մայր Ադրբեջանին»: Այս վերջին համատեքստում են դիտարկելի նաեւ թուրք-ադրբեջանական զորավարժությունները Նախիջեւանում: Հայաստանում դրանց վերաբերվում են որպես Հայաստանի դեմ ռազմական գործողությունների պատրաստվող զույգ թուրքական պետությունների բացահայտ սպառնալիքի, այնինչ կոնկրետ Նախիջեւանում, շատ հարմար է թուրք (ՆԱՏՕ-ական) եւ ադրբեջանական զորախմբավորումների համար համատեղ նախապատրաստվել սահմանակից Իրանի շուրջը հնարավոր զարգացումներին:
Ինչ վերաբերում է ռուսական զենքին` Ադրբեջանում: Այս կապակցությամբ արդեն առիթներ ունեցել ենք խոսելու, սակայն Հայաստանում շարունակվում են խոսակցությունները, որ Մոսկվան Բաքվին զենք է վաճառել, քանի որ այդ կերպ «պատժել է Երեւանին»: Հարց է առաջանում, ինչի՞ համար, գուցե` 49 տարով Գյումրում տեղակայված եւ անվճար հիմքունքերով գործող ռուսական բազայի՞: Կամ այդ պարագայում, ինչո՞ւ Մոսկվան չպատժեց Ադրբեջանին, քանի որ վերջինս փաստորեն, մերժեց ռուսներին երկարաձգել Գաբալայի կայանի վարձակալման ժամկետը:
Իրականում, ռուս-ադրբեջանական այս վերջին` 1 մլրդ դոլարի համաձայնագրի պայմանավորվածություններ ձեռք են բերվել դեռեւս մի քանի տարի առաջ, ընդ որում այս խմբաքանակը, որ մտել է Ադրբեջան, հիշյալ համաձայնագրի մի մասն է ընդամենը. ռուսական զենք, ըստ համաձայնագրի, դեռ մտնելու է Ադրբեջան: Ուշագրավ է, որ ռուս փորձագետ Իգոր Դմիտրեւը ադրբեջանական Vesti.az-ին հայտնել է. «Այս տարվա ապրիլին ռուս-ադրբեջանական պայմանագիրը սառեցվեց, խոսակցություններ կային անգամ դրանից հրաժարվելու մասին»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ռուս-ադրբեջանական հարաբերությունները փայլուն չէին, մասնավորաբար խոսակցություններ կային, որ ռուսները «չեն մարսելու» Գաբալայի հարցով Բաքվի մերժումը, երկու երկրներն ունեին լուրջ տնտեսական անհամաձայնություններ: Հետեւաբար, քանի որ համաձայնագրով նախատեսված զենքի մի մասն այդուհանդերձ մտավ Ադրբեջան, նշանակում է, որ Մոսկվան ու Բաքուն հաղթահարել են իրենց միջեւ եղած լարվածությունը, հետեւաբար այս պայմանագիրը Մոսկվայի ու Բաքվի երկկողմ հարաբերությունների տվյալ մակարդակի արդյունքն է, ոչ թե, ինչպես Հայաստանում է ներկայացվում, «Հայաստանին պատժելու միջոց»:
Մյուս կողմից, եթե անգամ ռուս-ադրբեջանական հիշյալ պայմանագիրը գործում է, ու ռուսական զենքը մտնում է Ադրբեջան, դա չի նշանակում, որ Բաքվի ու Մոսկվայի միջեւ այսօր ամենեւին լարվածություն չկա, պարզապես դրանք այնքան չեն, որ խանգարեն երկկողմ համագործակցությանը տվյալ ոլորտում: Ավելինՙ Ադրբեջանում շատ վերլուծաբաններ երկրում ի հայտ եկած «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդի» մեջ տեսնում են «ռուսական հետք»: Գուցե Մոսկվան «անձամբ» չի ձեւավորել Ադրբեջանի «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» (ԺՈւԱԽ), բայց փաստ է, որ դրա մեջ եւ ստեղծման ակունքներում են Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: ԺՈւԱԽ-ն առավել ակտիվ գործունեություն էր ծավալում Ադրբեջանում հենց ռուս-ադրբեջանական ոչ բարվոք հարաբերությունների համապատկերում, եւ երբ Բաքուն ու Մոսկվան փոխադարձ համաձայնության եկան` վերականգնելու ռուս-ադրբեջանական զենքի վաճառքի վերաբերյալ վերոհիշյալ համաձայնագիրը, «ժողովրդավարները» պասիվացան, իսկ նրանց միասնական թեկնածու Իբրահիմբեկովը «կձերբակալվի, երբ ժամանի Ադրբեջան»: Այսինքն, հնարավոր է, որ Ադրբեջանն ամենեւին էլ շահագրգռված չի եղել Ռուսաստանից ձեռք բերելու 1 մլրդ դոլարի զենք, համենայն դեպս ավելի շատ, քան Ռուսաստանը, որն էլ հնարավոր միջոցներով ճնշել է նախընտրական Ադրբեջանին` վերականգնել պայմանագրային պարտավորությունները: Սա նշանակում է, որ Մոսկվային պետք է զենք ունենալ Ադրբեջանում, ինչը նրան հնարավորություն է տալիս ոչ թե «հայերին պատժել» (հայերին Մոսկվան նաեւ Հայաստանում կարող է պատժել կամ հենց Մոսկվայի փողոցներում), այլ որոշակիորեն պահպանել ուժերի հավասարակշռությունը, ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի, այլ Ադրբեջանում` իր ու ՆԱՏՕ-ի:
Ուրեմն զենքը պահանջում է սառնասրտություն, ինչն ամենեւին էլ զգոնության կորուստ չի նշանակում: