Այսպես փետրվարի 19-ին գրել էր Կ. Պոլսո «Հայ Թերթ» կայքէջը՝ արտապելով «Ենի Աքիթ» թերթի համանուն հոդվածը՝ ընդգծելով, որ դրա բովանդակության համար պատասխանատուն ինքը չէ, այլ թուրքական պարբերականը:
«Ճողոպրելու» պարագային «Ենի Աքիթ»-ը նկատի ունի Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանին, իսկ փողի՝ ԱՄՆ-ի Կոնգրեսին, որտեղ կոնգրեսականները նրան ընդունել են, իսկ Կոնգրեսի պաշտոնաթերթ «National Journal»-ը հարցազրույց է վերցրել նրանից:
«Ենի Աքիթ»-ը շրջանցում է այս հանգամանքը և անստորագիր կերպով նախարար Բեգլարյանին մուրացկան անվանում, ընդ որում, մոռանալու գնով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2022 թ. մայիսի 1-ին Ռիյադ կատարած այցը:
Անդրադառնալով այցին՝ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV»-ն, որին միացել էին «Oda TV» հեռուստաալիքն ու «Ջումհուրիյեթ», «Սյոզջու», «Էվրենսել» և «Բիրգյուն» թերթերը, նշել էր, որ այն պահին, երբ Էրդողանը հանդիպում էր Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզին, երկրի պետական հեռուստատեսությունը բացահայտում էր Էրդողանի՝ Անկարայում իր այցը պաշտոնական հրավերով պայմանավորելու սուտը՝ նշելով, թե «նրան իրենք չեն հրավիրել, այլ ինքն է եկել», ապաև ավելացնում. «Եկել է, որ փող ուզի»:
Թուրքիայի նախագահի այցը նույն կերպ էր մեկնաբանվել արաբական մյուս երկրների լրարվամիջոցներում: Այլ կերպ՝ եթե թուրքական թերթը մուրացկանի կարիքն ունի, ապա ավելի նպատակահարմար կլիներ նրան Անկարայում որոնելը: Ի դեպ՝ Էրդողանը, ի տարբերություն Բեգլարյանի, դեռևս 2020 թ. Վաշինգտոն այցելելու խնդրանքով, ինչպես բազմիցս նշել են վերոհիշյալ թուրքական լրատվամիջները, դիմել էր ամերիկյան վարչակարգին, բայց նրա դիմումը մնացել է անարձագանք: Նույնիսկ լոբբիստական կազմակերպությունների միջնորդությունը ի զորու չի եղել դասավորելու Էդողանի ընդունելությունը Սպիտակ տանը կամ Կոնգրեսում:
Համենայն դեպս «Ենի Աքիթ»-ը իսլամամետ թերթ է և համանման թերթերի պես նաև ազգայնամոլ, ինչպես Էրդողանի «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը: Թերևս այդ առումով պատահական չէ Թուրքիայի ազգային մեծ ժողովում վերջինի հետ «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության կազմած դաշինքը, ինչը փաստորեն կանխորոշել է հայերի նկատմամբ Թուրքիայում որդեգրված թշնամական դիրքորոշումը:
Ահա թե ինչ է գրում շատ բարեպաշտ, նույնքան էլ ազգայնամոլ մահմեդականների խոսափող «Ենի Աքիթ»-ը, որ այս հանգամանքի բերումով հայատյացությամբ է տառապում. «Բնիկ ադրբեջանական Ղարաբաղում ավազակային պետություն ստեղծելու հույսեր փայփայող հայ անջատողականներն իրենց նպատակին հասնելու համար միջազգային կառույցների, հայկական սփյուռքի և Երևանի ֆինանսական աջակցության կարիքի մեջ էին, ուստի սկսեցին փող աղերսել: Անջատողական այս հայերը Խանքենդին, որն իրենք Ստեփանակերտ են անվանում, ենթադրվող պետության մայրաքաղաքը դարձնելու մտադրություն ունեին: Սակայն Ադրբեջանի՝ անցյալ տարվա սեպտեմբերին իրականացրած «հակաահաբեկչական» գործողություններից հետո, առանց հետ նայելու, ճողոպրեցին Երևան: Ճողոպրողների մեջ էր նաև ադրբեջանական անվտանգության ուժերի կողմից հետախուզվող Արցախի, այսպես կոչված, պետնախար Արտակ Բեգլարյանը: Նա գիշերով զգեստափոխվելուց հետո Խանքենդիից ճողոպրեց, անցնելով սահմանը՝ շնչակտուր հասավ Երևան, որտեղից էլ աջակցության ակնկալիքով շտապեց Վաշինգտոն:
ԱՄՆ Կոնգրեսում հակաթուրքական քարոզչության առաջադրանքով կոնգրեսականների հետ հանդիպումներ անցկացրած Բեգլարյանը դեռ հարցազրույց էլ տվեց «National Journal» պարբերականին: Այս հայ գրոհայինը թղթակցուհի Cristina Maza-ի հարցերին պատասխանելիս գանգատվեց, որ փող չունեն և ավելի շատ աջակցության կոչ արեց սփյուռքին և միջազգային կառույցներին: Թեև հայերը Ղարաբաղից հեռացել էին իրենց կամքով և հեռանալու ժամանակ որևէ մեկի գլխից մազի գեթ մեկ թել չէր պակասել, բայցևայնպես, Բեգլարյանը Ղարաբաղում հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրեց թուրքերին (նկատի ունի ադրբեջանցիներին, քանի որ նրանք Թուրքիայում թուրք են համարվում)»:
Թեև մեզ համար նորություն չէ, որ Թուրքիայում հայերին սևացնելու, հատկապես արցախցիներին անվանազրկելու հատուկ քաղաքականություն է տարվում, և «Ենի Աքիթ»-ի հոդվածը դրա ապացույցներից մեկն է, բայց Հայաստանում պե՛քտ է իմանան, թե ինչ են գրում թուրքական լրատվամիջոցները մեր մասին, որպեսզի հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե թուրքը փոխվել է, իբր այսօրվա թուրքը հայ ժողովրդին ցեղասպանած ու նրանից Հայրենիք խլած թուրքը չէ (խմբ.)։
«Ցեղասպանություն» ասաց և փող ուզեց
Թուրքական լրատվամիջոցն այնուհետև գրել է՝ Արցախի երբեմնի պետնախարար Արտակ Բեգլարյանը շարունակեց . «Առհասարակ մեզ աջակցում են Հայաստանի կառավարությունն ու սփյուռքահայ կառույցները: Թեև Հայաստանի կառավարությունը 6 ամսով բնակարան վարձելու համար մեզ գումար է հատկացրել, սակայն դա շուտով կսպառվի: ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն կոմիսարիատը խոստացավ 97 մլն. դոլար տրամադրել: 11 մլն. էլ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն է խոստացել: Սակայն 11մլն. չնչին գումար է 150 հազար փախստականի կարիքները հոգալու համար: Հույս ունենք, որ ԱՄՆ վարչակարգը, ՄԱԿ-ը և միջազգային կառույցները հաշվի կառնեն այդ հանգամանքը և կավելացնեն մեզ հատկացվող օգնության ծավալները»:
Ապա նա ավելացրեց. «Ադրբեջանը հաշտության բանակցություններն օգտագործեց ցեղասպանություն իրագործելու համար: Այդ ցեղասպանությունը կանխելու ուղղությամբ ԱՄՆ-ն ոչինչ չի ձեռնարկել: Նա նույնկերպ է վարվել շրջափակման, սեպտեմբերյան ագրեսիայի և տեղահանության օրերին: Մենք ԱՄՆ-ին համարում ենք Ադրբեջանի հանցակիցը: Ադրբեջանը Ղարաբաղում մեզ ակնհայտ ցեղասպանության է ենթարկել: Ադրբեջանը հաշտվելու նպատակ չունի, պատրաստվում է նոր պատերազմի»։
ՄԱԿ-ից պահանջեց խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում
Շրջափակման ժամանակ Ստեփանակերտում էինք: Հետո մի գիշեր կարողացա փախչել: Ինձ չնկատեցին: Ներկայում ընտանիքով բնակվում ենք Երևանում և բախվում բազում խնդիրների: Ներկայում մեր իշխանությունները վտարանդի կառավարության կարգավիճակով գործում են Հայաստանում, սակայն զուրկ են նյութական միջոցներից: Ադրբեջանը ճնշում է գործադրում՝ ցրելու համար այս կառավարությանը, որը մեր ժողովրդի, խորհրդարանի, գործադիր իշխանության օրինական ներկայացուցիչն է: Մենք ամեն կերպ ձգտում ենք պահպանել նրա գոյությունը, բայց արի տես, որ Երևանում ոչ ոք մեր կածիքը չի հարցնում:
Որքան էլ միջազգային կազմակերպություններն ու օտարերկրյա իշխանությոինները բացահայտ պաշտպանեն Ղարաբաղ վերադառնալու մեր իրավունքը, բայց վերադարձի պայմանների մասին մեզ հետ չեն խոսում: Վերադարձը մեր վերջնական նպատակն է, արժանապատիվ կյանքի համար ՄԱԿ-ից Լեռնային Ղարաբաղում պահանջում ենք և՛ խաղաղապահ ուժեր, և՛ միջազգային երաշխիքներ»:
Իհարկե, Azg.am-ին, մեղմ ասած, տհաճ է թարգմանաբար ներկայացնել թուրքական լրատվամիջոցի հայատյաց ու թշնամական հայտարարությունները, բայց սա է իրական Թուրքիան՝ արցախցի բռնագաղթած պետնախարարի՝ ամերիկյան աղբյուրին տված հարցազրույցն օգտագործող, հայի բաց վերքի վրա աղ լցնող, հայի անօգնական վիճակից օգտվող հավերժ թշնամի երկիրը։ Ու այս հոգեբանությա՞մբ է Թուրքիան Հայաստանին համոզում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ թշնամու պարտադրած պայմաններով։
Արցախը բռնազավթելու, արցախցուն իր Հայրենիքից բռնի տեղահանելու հանցանքի մեջ Ադրբեջանին սատարած ու դրանով հպարտացող Թուրքիան հեգնում ու ծաղրում է Հայրենիք, տունուտեղ, ամեն ինչ կորցրած արցախցի պետնախարարին ու բռնագաղթած, պատերազմով անցած արցախցիներին հորդորում «Ղարաբաղ» վերադառնալ Ադրբեջանի առաջարկած կանոններով ու պայմաններով։
Պետք է ամեն օր հետևել, թե ինչ են գրում, ինչ են մտածում թուրքերը մեր մասին, որպեսզի հանկարծ զգոնությունը չկորցնենք ու իրազեկ լինենք՝ ինչ նոր դավեր է նյութում թշնամին մեր դեմ (խմբ.)։
Հակոբ Չաքրյան