ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ, ԼՂՀ
«Այն, ինչ տեսել եք, գրեք» առաջին գիծ այցելած լրագրողներիս հորդորում է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` հավելելով, որ ԼՂՀ ՊՆ հիմնական խնդիրը եղել եւ մնում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումը, որն իրականացվում է զինադադարից հետո:
«Զինադադարը հարաբերական է բանակի համար, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Այս պահին ոչ ակտիվ պատերազմի մեջ ենք հակառակորդի հետ», ասում է Հակոբյանը` հավելելով, որ հակառակորդը դիվերսիոն խմբերի միջոցով շարունակում է իրավիճակը լարված պահել: «Սակայն այս տարի սադրանքների թիվը նվազել է: Դիվերսիոն հետախուզության երկու փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ է շպրտվել: Երկու հազարով կրակոցների թիվը նվազել է», ասում է նախարարը` շեշտելով, որ դիպուկահարների գործողություններին ի պատասխան հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել, ինչից հետո, ըստ նախարարի, հակառակորդը դեռ շոկից դուրս չի գալիս:
Նախարարի գնահատմամբ` առաջնագծում լուրջ աշխատանք է կատարվել, որպեսզի զինվորի ծառայությունն անվտանգ լինի, ու լիարժեք տիրապետի իրավիճակին առանց իր կյանքը վտանգելու: Դիրքերի շրջակայքում որոշակի ինժեներական կառույցներում ապահովական գործընթաց է կատարվում, նաեւ հակահետեւակային ականներ են տեղադրվում այն ուղղություններում, որտեղից կարող է թափանցել թշնամին:
Իրավիճակն այսօր այլ է նաեւ սպառազինման տեխնիկայի համալրման հարցում: «Պահեստների հետ կապված խնդիրներ կան, անցյալ տարի երկու պահեստ հանձնվել է շահագործման, սակայն եւս մեկ պահեստի կառուցման անհրաժեշտություն է նկատվում»: Մովսիսյանը հավաստիացնոմ է, որ նոր կառուցվելիք պահեստը կարդարացնի բոլոր սպասելիքներն ու իր չափերով ավելի մեծ կլինի, քան բոլոր պահեստները միասին:
«Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսելու եւ հաղթելու: Մտահոգիչ է եւ մտածելու տեղիք տալիս է Ադրբեջանի սպառազինությունը, եւ այդ հարցում մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում», «Ազգ»-ի հարցին ի պատասխան ասաց Մովսիսյանը` հավելելով, որ պատերազմի ժամանակ հայկական կողմը շատ քիչ քանակությամբ տանկ ուներ, իսկ պատերազմից հետո տանկերի թիվն անցնում էր մի քանի տասնյակը: «Գուցե Ռուսաստանից գնած սպառազինության մեծ մասը ձեռք են բերել նաեւ մեզ համար,- կատակում է հրամանատարը` շարունակելով,- կասկած մի ունեցեք, մեր զինատեսակներն էլ կհամալրվեն»:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանըՙ Մովսիսյանն ասաց, որ վերջին շրջանում ադրբեջանական դիվիզիան չորս հրամանատար է փոխել, որովհետեւ հայկական թռիչքների մասին տեղեկանում էին Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժներից: «Մենք անընդհատ թռչում ենք, եւ արգելք չկա: Մենք օրական 280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջան եւ կարող ենք բոլորն էլ խոցել, բայց մենք դա չենք անում»:
Խոսելով բարեփոխումների մասինՙ Մովսիսյանն ասաց, որ մարտական հերթապահության նոր ձեւն արդեն ուժի մեջ է. այժմ դիրքում կանգնած զինվորը հանգստանում է ոչ թե երկու, այլ չորս ժամ: Փորձը կիրառելուց հետո նախարարը ինքն իրեն անընդհատ այդ հարցն է տալիս. «Ինչու դա վաղուց չենք արել կամ ինչու մեզ չեն հուշել այդ մասին», ասում է նա` հավելելով, որ դրական արդյունքն ակնհայտ է, լարվածությունն առաջնագծում իջեցվել է:
«Առանց քեզ հնարավոր չէ պատերազմը հաղթել»: Այս ուղերձը Մովսիսյանը հղել է բոլոր հրամանատարներին` պահանջելով բարձրացնել զինվորների դերը բանակաշինության գործում եւ անընդհատ շեշտել նրանց կարեւորությունը: Նախարարը հավաստիացնում է, որ այսօր նորակոչիկի աչքերում էլ է փայլ նկատում, փորձում են հնարավորության սահմաններում առավել հեշտ ներգրավել նորակոչիկին զինվորական կյանք: Զինվորին ընդունել որպես հարազատի եւ սկզբնական շրջանում միայն թեթեւ գործեր հանձնարարել. սա նախարարի հրամանն է, որ սպաները կատարում են բարեխղճորեն: Նախարարի խոսքերով` մահվան ելքով դեպքերը երկու անգամ կրճատվել են, վիրավորման դեպքերը` 22-ից հասել 15-ի:
«Սակայն սա գոհացուցիչ չէ, եղել են արտառոց դեպքեր` զինվոր է զինվորի սպանել, հակառակորդի կրակից երկու զինվոր են մահացել` երկուսն էլ խախտել էին անվտանգության կարգը, եղել են նաեւ ինքնասպանության դեպքեր: Ինքնասպանության պատճառները դեռ չեն բացահայտվել, սակայն հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ վերացնենք խախտումները, արտակարգ պատահարներն ու մահվան ելքերը հասցնենք նվազագույնի»: Մովսիսյանը հավելում է, որ բանակում անպատժելի մթնոլորտ չկա, կատարվում են ծառայողական քննություններ, մեղավորներն անպայման պատժվում են: «Այս կիսամյակում 18.000 զինվոր խրախուսվել է, այդ թվում եւ շարքային զինծառայողներ եւ սպաներ, իսկ կարգապահական տույժ ստացել է շուրջ 4500 զինծառայող»:
«Հրամանատար Արտակ Բուդաղյանն այսօր էլ մեր հպարտություններից է»
«Ազգ»-ի հարցին ի պատասխան Մովսես Հակոբյանն ասաց, որ ԼՂՀ ՊԲ հրամանատար Արտակ Բուդաղյանն այսօր էլ համարվում է բանակի հպարտություններից մեկը: «Զորամասը, որտեղ նա ծառայում է, այս տարի էլ համարվեց լավագույնը: Նա բարեխիղճ եւ գրագետ հրամանատար է: Քննությամբ չեմ զբացվում, քննչական մարմինն իր գնահատականը տալու է, կասկած չպետք է լինի, որ արդարադատությունն իրականանալու է»: