Ադրբեջանը, չհաշված Թուրքիան, Եգիպտոսը, Հորդադանն ու Միջին Ասիայի խորհրդային թյուրքալեզու հանրապետությունները, այն բացառիկ մահմեդական երկրներից է, որի հետ տնտեսական եւ քաղաքական երկկողմ սերտ հարաբերություններ է զարգացրել Իսրայելը: Դրանք սկզբնավորվեցին 1991թ., երբ ԽՍՀՄ-ի փլուզոմով խորհրդային մյուս հանրապետությունների պես անկախացավ նաեւ Ադրբեջանը: 1991 թ. դեկտեմբերի 25-ին Իսրայելը Թուրքիայից հետո երկրորդը ճանաչեց նրա անկախությունը: 1992 թ. ապրիլի 7-ին Իսրայելն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, իսկ 1993-ին Բաքվում բացվեց Իսրայելի դեսպանատունը: Սակայն ադրբեջանական իշխանությունները, տարածաշրջանում «հավասարակշռություն» պահպանելու նկատառումով, մերժեցին երկրում դեսպան նշանակելու իսրայելական կողմի առաջակը: Նույն թվին ադրբեջանական AZAL ավիաընկերությունը սկսեց Բաքու-Թել Ավիվ չվերթները:
1998 թ. Բաքու այցելեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հանդիպեց Հեյդարին՝ ավագ Ալիեւին: Այցը խթանեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը: Դրան նպաստելու մղումով 2004-ի հունվարին Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, «Սահմանդրություն» հիմնադրամի փոխնախագահ Ալիմամեդ Նուրիեւը մինչեւիսկ հայտարարեց, որ Ադրբեջանում վերաբերմունքը մշտապես բարեհաճ է եղել հրեաների նկատմամբ, հակասեմականություն երբեք չի եղել երկրում, ապա Իսրայելի հետ քաղաքական, տնտեսական եւ ռազմական համագործակցությունը զարգացնելու կոչ արեց Բաքվի ղեկավարությանը:
Նուրիեւից շատ առաջ, դեռեւս 1994-ին Ալիեւ ավագը`Հեյդաը, ի պատասխան լրագրողների հացերին, հայտարարել էր, որ ինքը Իսրայելի հանդեպ առանձնահատուկ քաղաքականություն է որդեգրելու: 2003-ին, գալով իշխանության, Հեյդարին հավելեց կրտսեր Ալիեւը, Իլհամը: Ինչպես թուրքական մամուլն է վկայում, նա ոչ միայն Իսրայել պետության, այլեւ Ռուսաստանի, Եվրոպայի, առավել եւս Միացյալ Նահանգների հրեական լոբբիների հետ հարաբերություններն առավելագույն մակարդակի բարձրացնելու մեկնարկ տվեց, ինչը դրականորեն անդրադարձավ ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանի վարկանիշի վրա:
2009-ի հունիսին Ադրբեջան այցելեց Իսրայելի վարչապետ Շիմոն Պերեսը: Նրա այցին, որը մնաց անպատասխան, հաջորդեց արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի 2010 թ. փետրվարի 9-ի առաջին այցը Բաքու: Դա 2013-ի ապրիլին փոխադարձեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Մինչ այդ՝ 2012-ին, երբ Լիբերմանը երկրորդ այցն էր կատարում Ադրբեջան, Բաքվում հայտարարել էր. Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարեւոր են, քան Ֆրանսիայի»:
Մամեդյարովին Թել Ավիվում ընդունեցին Իսրայելի նախագահ Պերեսն ու Քնեսեթի նախագահ Յուլի-Յոել Էդելշտեյնը, ապա վարչապետ Նեթանյահուն: Սակայն Ադրբեջանի իշխանությունները, խուսափելու համար իսլամական երկրների, մասնավորապես Իրանի հնարավոր հակազդեցությունից, անպատասխան թողեցին Պերեսի այցը: Նրանք պաշտոնապես աջակցելով հանդերձ Թել Ավիվի «հակաահաբեկչական» գործունեությունն ընդդեմ պաղեստինցիների, այնուամենայնիվ զգուշավորությամբ շարունակեցին խնամքով քողարկել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, նույնիսկ Բաքվում Լիբերմանի հայտարարությունը կամ Մամեդյարովի այցը Թել Ավիվ, չհանգեցրեցին դրանց հրապարակայնացմանը:
Այս ամենի հետեւանքով Բաքվում դեռեւս 1993-ին բացված Իսրայելի դեսպանատունը այդպես էլ չգործեց: Այս իրավիճակը երկու երկրների հարաբերություններում պահպանվել է մինչեւ 2016 թ., երբ նույն թվի հունվարի 21-ին Շվեցարայում Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում նախագահ Ալիեւը հանդիպեց վարչապետ Նեթանյահուին: Այս հանդիպումը կողմերին տվեց փոխադարձ այցելություններն աշխուժացնելու հնարավորություն: Շնորհիվ դրա Իսրայել-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունները վերաճեցին քաղաքական հարաբերությունների, որոնց հետագա զարգացումը հանգեցրեց կողմերի միջեւ քաղաքական, տնտեսական, էներգետիկայի բնագավառներում սերտ համագործակցության հաստատմանը, ինչը առավելագունս դրսեւորվում է ռազմական, ռազմարդյունաբերության եւ ռազմավարության ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում:
Քաղաքական հարաբերություններ
Դավոսյան վերոհիշյալ հանդիպումից հետո հենց 2016-ի դեկտեմբերի 13-ին աշխատանքային այցով Ադրբեջանում եղավ վարչապետ Նեթանյահուն, այցի ընքացքում Ադրբեջանն ու Իսրալելը ստեղծեցին միջկառավարական հանձնաժողով, ինչը թափ հաղորդեց փոխայցելություններին: 2017-ի հուլիսին Ադրբեջանի պահանջով Մինսկում ձերբակալվեց ծագումով հրեա Ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որին հանձնեցին ադրբեջանական իշխանություններին: Վերջիններս նրան մեղադրում էին Լեռնային Ղարաբաղ այցելելու եւ Արցախի անկախության ճանաչման օգտին կոչերով հանդես գալու մեջ: Իսրայելի, Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մարդու իրավունքների պաշտպանության միությունների ճնշման տակ Ալիեւը նույն թվականի սեպտեմբերին ներում շնորհեց Լապշինին եւ միջադեպը հարթվեց, առանց լրջորեն վնասելու իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին: Նույն թվի սեպտեմբերին Իսրայել այցելեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
2022 թ. նոյեմբերին Ադրբեջանի խորհրդարանն որոշեց Իսրայելում դեսպանատուն բացել: Որոշմանը գոհունակությամբ արձագանքեց Իսրայելի վարչապետ Յաիր Լապիտը եւ շնորհակալություն հայտնեց Ալիեւին, որը 2023 թ. հունվարի 11-ին Իսրայելում Ադրբեջանի դեսպան նշանակեց Մուխթար Մամեդինովին: Նույն թվի մարտի 29-ին Թել Ավիվում բացվեց Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը, մասնակցությամբ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի: Կողմերն այս իրադարձությունը որակեցին ռազմավարական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պատմական քայլ: Այդպիսով՝ Ադրբեջանն աշխարհում դարձավ Իրանի վաղեմի հակառակորդ Իսրայելում դիվանագիտական առաքելություն ունեցող միակ շիա երկիրը:
Թուրքական աղբյուրներն Իսրայելում դեսպանատուն բացելու Բաքվի որոշումը պայմանավորում են 2022 թ. հոկտեմբերի 21-ին Կապանում հյուպատոսարան բացելու Իրանի նախաձեռնությամբ: Համենայն դեպս՝ Թել Ավիվում Ադրբեջանի ներկայացուցչության բացումը լիարժեք բնույթ հաղորդեց երկու երկրների դիվանագիտական հարաբերություններին, իսկ դա ինքնաբերաբար խթանեց պաշտոնական այցելությունների աշխուժացումը: Թերեւս այդ առումով պատահական չէին 2023 թ. ապրիլի 19-ին Իսրայելի արտգործնախարար Էլի Կոհենի, մայիսի 30-ին նախագահ Իցհակ Հերցոգի, հուլիսի 12-ին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնական այցերն Ադրբեջան: Երկօրյա այցի ընթացքում Կոհենը հայտարարեց, որ Իսրայելն ու Ադրբեջանը «ընդհանուր դժվարությունների դեմ միասնական եւ հզոր ճակատ» են ստեղծում եւ ինքը հենց այդ նպատակով է այցելել Բաքու: Ալիեւի մոտ ընդունելությանը նա վստահություն հայտնեց, թե իր երկրում Ադրբեջանի դեսպանատան բացումը կնպաստի երկու բարեկամ պետությունների միջեւ ռազմավարական հարաբերությունների հաստատմանը:
Ըստ երեւույթին դրանք արդեն հաստատվել էին, այլապես, ինչպես ապրիլի 19-ին վկայել էր «Ազատություն» ռադիոկայանը, 2005-2009 թթ. Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը, Կոհենի այցը մեկնաբանելիս հարկ չէր համարի ընդգծել, որ Ադրբեջան-Իսրայել համագործակցությունն այլեւս ստվերում չէ, ինչպիսին եղել է տարիներ շարունակ, ոչ էլ կհայտարարեր. «Այս հարաբերություններում հետաքրքրականն ու դրականն այն է, որ մենք Ադրբեջանի համար անում ենք այն, ինչը ոչ ոք չի կարող անել, եւ նույն բանն էլ նրանք՝ մեզ համար»: Դրանով կողմերը, հրաժարվելով հարաբերությունների թերեւս հաստատման օրից որդեգրած «լռակյաց» դիվանագիտության մարտավարությունից, անցան ռազմավարական բաց համագործակցության մարտավարությանը:
Ի դեպ՝ իսրայելցի դիվանագետ Լենկի ակնարկն Ալիեւի 2009-ին արած հայտարարության մասին էր: Նա երկու երկրների հարաբերությունները նմանեցնելով սառցաբեկորին՝ ասել էր, որ դրանք ավելի քան խորն են, երեւացողն ընդամենը ջրի վրայի հատվածն է: Թե նա որտե՞ղ է արել այդ հայտարությունը, հայտնի չէր: Միայն գիտենք, որ Ալիեւի այս խոսքերը հայտնի են դարձել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի Վաշինգտոն ուղարկած հեռագրի միջոցով, եւ դրանք, ինչպես Gazete Duvar -ի 2021 թ. մայիսի 18-ի համարում գրել է թուրքական թերթի հեղինակ Մյուհդան Սաղլամը, բացահայտվել են Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի շնորհիվ, ինչն Ալիեւը չի հերքել:
Տնտեսական հարաբերություններ
Երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունների զարգացումը, ինչ խոսք, դրականորեն անդրադարձավ Ադրբեջանի հետ Իսրայելի տնտեսական հարաբերությունների վրա: Հատկանշական է, որ դրանք հատկապես զարգացան 2009-2015 թթ. Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների առավել խնդրահարույց ժամանակահատվածում: 2006թ. հունիսին Կասպյան երկրների էներգետիկ համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բաքու մեկնեց Իսրայելի ենթակառուցվածքների նախարար Բենիամին Բեն-Էլիեզերը: Վերջինս, բացի համաժողովի աշխատանքներին մասնակցելուց, հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտաքին գործերի եւ էներգետիկայի նախարարների հետ: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվեցին Իսրայելին ադրբեջանական նավթի եւ գազի մատակարարման խնդիրները: Բանակցությունները տվեցին ցանկալի արդյունք, եւ ընդամենը մեկ շաբաթ անց Իսրայելը Բաքու-Ջեյհան նավթամուղի գործակումով սկսեց ադրբեջանական նավթ ներմուծել Հայֆա: Շուտով հրեական պետությունը, չհաշված Թուրքիան, Իտալիայից հետո դարձավ ադրբեջանական նավթի 2-րդ գնորդն աշխարհում:
2008-ին Էլիզերը նոր այցելություն կատարեց Բաքու եւ հայտարարեց, որ իրենք այժմ աշխատում են ադրբեջանական գազը Իսրայել տեղափոխելու նախագծի վրա: Հաջորդ տարի հունիսի 29-ին Բաքվում տեղի ունեցավ ադրբեջանա-իսրայելական բիզնեսֆորումը, որին մասնակցեցին Ալիեւն ու Իսրայելի նախագահ Պերեսը: 2016-ի դեկտեմբերին Բաքու այցելող վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ իրենք այսօր Ադրբեջանից սոսկ նավթ չեն գնում, այլ վերջինի հետ քննարկում են նաեւ ադրբեջանական գազը ներկրելու հնարավորությունները:
2017 թ. ապրիլին երկու երկրների միջեւ չեղարկվեց ապրանքների կրկնակի հարկումը, երկու տարի հետո՝ 2019-ի հուլիսին կողմերը ստորագրեցին համագործակցության հուշագիր:
2019-ին երկու երկրների միջեւ ապրանքափոխանակության ծավալները 200 միլիոն դոլարից հասել էին 5 մլրդ դոլարի:
2021 թ. հուլիսի 29-ին, երբ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Ջաբարովն այցելում էր Իսրայել, Թել Ավիվում բացվեց Ադրբեջանի առեւտրային ներկայացուցչությունը, մասնակցությամբ Իսրայելի զբոսաշրջության նախարար Իոել Ռազվոզովի: Դրանով, ինչպես նշել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի հարաբերությունները Իսրայելի հետ թեւակոխեցին նոր փուլ:
2023 թվի մարտի 29-ին Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման առթիվ Թել Ավիվում էր, հայտարարեց, որ 2022-ին երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալն ավելացել է 87 %-ով, իսկ Ադրբեջանում գործող իսրայելական ընկերությունների թիվը հասել՝ 140-ի: Գալով Իսրայելում ներդրում կատարված ադրբեջանցիներին, որոնց մեջ իր տիկնոջ՝ Մեհրիբանի հետ առաջնակարգ տեղ է գրավում Իլհամ Ալիեւը: 2017-ին «Hareetz»-ը գրել էր, որ վերջիններիս ներդրումն Ադրբեջանում կազմում է 600 մլն դոլար: Ներկայումս Իսրայելն Ադրբեջանի առաջնակարգ առեւտրատնտեսական գործընկերների առաջին տասնյակում է:
Շարունակությունը` հաջորդ համարում
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ