Փետրվարի 9-ին այդ մասին գրել է Կ. Պոլսո«Հայ Թերթ» կայքէջը՝ արտատպելով «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպության՝ Ազգայնական շարժում կուսակցության երբեմնի խոսափող «Ենի Չաղ» թերթի նույն օրը հրապարակած համանուն հոդվածը, որտեղ պարզվում է, որ «1915-ին հայկական խժդժությունների ժամանակ բազմաթիվ թուրքեր սպանվել են՝ ողջակիզվելով և անխնա գնդակոծվել են նրանց աղոթատները»:
Ակամա հարց է ծագում՝ ինչպե՞ս:
Հարցին ահա թե ինչպես է պատասխանում թուրքական թերթը. «Այցելուների առջև բացվել են այն փռերը, որտեղ հայերը ողջակիզման են ենթարկել անմեղ թուրքերին, որպեսզի մոռացության չտրվեն հայկական չարագործություններն ու կանխվեն հայերի կողմից մեզ վերագրվող կոտորածների վերաբերյալ զրպարտությունները»:
Ի դեպ՝ խնդրո առարկա փռերը Ադանայի շրջաններից Կոզանում են՝ պատմական Սիսում, որը եղել է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաքը:
Դրանք, ըստ «Ենի Չաղ»-ի, այցելուների առջև բացվել են այն ժամանակ, երբ «ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը 1915-ի իրադարձությունները բնութագրեց որպես Հայերի ցեղասպանություն»:
Դրա առնչությամբ Կոզանի քաղաքապետ Քյազիմ Օզքանը թուրքական թերթին ասել է, որ իրենք այդ փռի մուտքի մոտ թուրքերեն և անգլերեն ցուցանակներ են տեղադրել՝ իրազեկելու այցելուներին հայերի բռնությունների մասին, ապա և շարունակել է. «Սա այցելուների առջև բացված վերջին միակ փուռն է, որն այսօր ունենք: Ողջակիզման համար հայերն ու ֆրանսացիները հավասարապես և՛ մեղավոր են և, չգիտես ինչու, նաև իրավացի»:
Քաղաքապետն այնուհետև հավելել է. «Հայկական լոբբիստական կազմակերպությունները, համագործակցելով խաչակրաց համանուն կառույցների հետ, մոռացության են մատնում Խոջալուի ջարդերը, որ մեզ ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրեն: Ի պատասխան հանիրավի մեղադրանքներին՝ մենք էլ փաստագրել ենք թուրքերի ողջակիզման դեպքերը, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուն (Թուրքական պատմական ընկերության նախկին նախագահ, ապա Ագայնական շարժում կուսակցության պատգամավոր), դրանց համար տեքստ գրեց, որի հիման վերա ձևավորեցինք նշված ցուցանակները»:
Իրադարձությունները, ըստ այդ տեքստի, զարգացել են հետևյալ կերպ. «Առաջին աշխարհամարտի ավարտին, երբ քեմալական շարժումը դեռ սկզբնավորված չէր, Լիբանանն ու Սիրիան գրավելուց հետո ֆրանսացիները «ներխուժում են Անատոլիա» և օկուպացնում Ադանան, Հաթայը (Անտիոք), Մերսինը: Սակայն նրանք, չունենալով բավարար ուժեր, հայերից լեգեոններ են կազմում: Մինչ Աշխարհամարտն ավազակությամբ զբաղվող այս հայերը՝ ծարավի թուրքի արյան, կամավորականներ են կոչվում: Քանի որ նրանք անասելի դաժանությամբ էին աչքի ընկնում, Ադանան ու Կոզանը գրավելուն պես թուրք բնակիչներին ողջ -ողջ նետում են փռի մեջ և այդ օրից փուռը դադարում է հաց թխել»:
«Ենի Չաղ» թերթի վերոհիշյալ զազրակությունները մեկնաբանության կարիքը չունեն, դրանք պարզապես մեզ հերթական անգամ հիշեցնում են, որ հայկական դավադրության որոնումներից բխող հայատյացությունը Թուրքիայում անբուժելի հիվանդություն է:
Հակոբ Չաքրյան