Այդ մասին փետրվարի 5-ի համարում նշել էր Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի խոսափող «Հայ թերթ» կայքէջը՝ վկայակոչելով որպես սկզնաղբյուր «turkus.com»-ին: «Հայ թերթ»-ի «Ռուսաստանում եկեղեցին պատրաստվում է ուղղափառ թուրքերի կոնգրեսին» հոդվածը, «turkus.com»-ի նույն օրը, միևնույն խորագրով հրապարակած հոդվածի արտատպությունն է: Ի դեպ՝ հենց փետրվարի 5-ին «Ռուսական եկեղեցին «ուղղափառ թուրքերի կոնգրես է հրավիրում» վերնագրով հոդված էր հրապարակել նաև «haberrus.ru»նը: Այս երկու կայքերն էլ ռուսական են, որոնցից առաջինը հավանաբար «turkus.com»-ի թուրքական ծառայությունն է, իսկ երկրորդը՝ «haberrus.ru»-ի թուրքերեն տարբերակը: Նախքան հոդվածի բովանդակությունը ներկայացնելը, նշենք որ այսպես կոչված «ուղղափառ թուրքեր» կան նաև Թուրքիայում, որոնք քրիստոնեություն դավանելով հանդերձ՝ երկրում սերտորեն համագործակցել են թուրքական «խորքային պետության» մութ կառույցների հետ:
Ահա թե ինչ է գրել «turkus.com»-ի թուրքական ծառայությունը. «Մոսկվայի պատրիարքարանը պատրաստվում է կազմակերպել «ուղղափառ թուրքերի կոնգրես» թեմայով մի միջոցառում: Անդրադառնալով այդ հարցին՝ «Nezavisimaja gazeta»-ն տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված շրջաններում և նախկին ԽՍՀՄ-ի թյուրքական հանրապետություններում ծառայող ռուս ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսության (թեմ) ներկայացուցիչները հանդիպել են Մոսկվայում՝ քննարկելու «ուղղափառ թուրքերի կոնգրես»-ի նախապատրաստական աշխատանքները:
Հանդիպմանը մասնակցել են Ալթայի երկրամասից, Հյուսիսային Կովկասից, Յակուտիայի և Թաթարստանի հանրապետություններից, Ուզբեկստանից ու Ղազախստանից ռուս եպիսկոպոսներ: (Դա, ըստ «haberrus.ru»-ի, հրավիրվել է Ռուսաստանի հոգևոր մայրաքաղաք Սերգիև Պոսադում (Զագորսկ), որը ռուս ուղղափառ եկեղոցու կենտրոնն է, ինչպես նաև Ռուսաստանի պատրիարքի նստավայրը):
«Nezavisimaja gazeta»-ն միաժամանակ ուշադրություն է հրավիրել Խորհրդային իշխանությունների՝ տարիներ շարունակ մահմեդական թյուքալեզու ժողովուրդներով բնակեցված վայրերում Ռուս ուղղափառ եկեղեցու միջոցով տարած միսիոներական աշխատանքների վրա և մատնանշել, որ հետխորհրդային շրջանում արդեն Ռուսաստանի Դաշնությունը նախկինում ԽՍՀՄ-ի մաս կազմող Միջին Ասիայում իր ազդեցությունն ամրապնդելու առաջադրանքով ձեռնամուխ է եղել բարձրացնել եպիսկոպոսությունների կարգավիճակը:
Վերոհիշյալ թերթը ընդգծում է, որ վերջին երկու տարում ռուսական պետության տարբեր էթնիկ խմբավորումների աջակցությանն ապավինելու կարիքը նկատելի աճել է, այս իսկ պատճառով երկրի բաձրաստիճան ղեկավարները ելույթներում սկսել են հաճախակի ընդգծել էթնիկ խմբավորումների և դավանանքների միջև համերաշխության հաստատման անհրաժեշտությանը:
Ըստ ռուսական թերթի՝ ՌԴ ղեկավարությունն այսպիսի մոտեցման է հանգել Բաշկիրիայի և Յակուտիայի բողոքի վերջին ցույցերի, ինչպես նաև Մախաչկալայի օդակայանի դեպքերի ազդեցության տակ, գնահատելով դրանցում առկա ապստամբության, ազգայնամոլության և ծայահեղականության դրսևորումները»:
Հակոբ Չաքրյան