Փետրվարի 6-ի երեկոյան բազմահազար հայեր, հայրենիքում թե դրսում, ցնցվեցին ու պապանձվեցին՝ առնելով Հայի, Հայրենասերի, Մարդու, Արվեստագետի հանկարծամահ լինելու գույժը…
Ծանրագույն սրտով, սեղմված կոկորդով ու անզուսպ արցունքներով եմ գրում այս մի քանի խոսքս Ընկերոջ, Համախոհի, Պարապետի… տակավին չեմ կարողանում գրել «հիշատակին» բառը…
Նրա մասին դեռ կգրեն ու կգրեն, կհիշեն ու կհիշեն… քանզի նրա ցանած սերմերը՝ Հայաստանում թե Սփյուռքում, դեռ երկար ծիլեր ու ծաղիկներ կտան՝ վասն Հայրենիքի, վասն առողջ ազգասիրության եւ հայրենասիրության…
Նրա կյանքը ամենօրյա, ո՛չ, ամենվայրկյանյա պայքար էր հանուն ազգային ոգու ամրապնդման, հանուն ազգային հավերժական արժեքների հաստատման, հանուն հայու տեսակի պահպանման… եւ ընդդեմ հակահայ ամեն մի դրսեւորման, ընդդեմ հայրենիքի շահերին ամենաչնչին իսկ դավաճանողների…
Նա ռազմիկ էր՝ կոչումով, գործով, կյանքում, արվեստում… Ասում էր՝ ես պարող չեմ, եւ պարն էլ ընդամենը միջոցներից մեկն է՝ ազգին իր ինքնությանը վերադարձնելու, ազգային արժանապատվություն ներշնչելու…
Արցախյան առաջին պատերազմի հերոսը հարաբերական խաղաղության պայմաններում իր կյանքի նպատակը դարձրեց ազգային պարերի միջոցով սերունդների մեջ հայրենասիրություն սերմանելը: Ու առնվազն ամիսը մեկ անգամ աշխարհի տարբեր անկյուններում իր կազմակերպած պար-երեկոներին իր անսպառ էներգիայով նա հայրենասիրության անդադրում դասեր տվեց՝ նորից ու նորից քարոզելով գիտակցել հայ լինելու, ամեն օր արժանապատիվ հայրենիք կերտելու առաքելությունը… Ու ամեն անգամ ոգեկոչում էր իր ներշնչանքի անսպառ աղբյուրներին՝ Կոմիտաս եւ Կոստան Զարյան, Գարեգին Նժդեհ եւ Հայրիկ Մուրադյան, Լեոնիդ Ազգալդյան եւ Եռաբլուրում ննջող մեր սուրբ նահատակներ…
Թեթեւ էր, հումորով, ընկերասեր, միշտ լավատես… «Հիրուր խե՛դ»,- միշտ բացականչում էր նա՝ ազգային միասնության անդուլ քարոզիչը: «Անզոր եմ զորեղ չլինել, երբ Ձեզ նման հարազատ հոգիներ ունեմ»,- ասում էր իր ընկերներին:
Բայց ցավալի են մեր ժամանակները, անպակաս են կորուստները… եւ որքան էլ զորեղ լինես, մի օր դավաճանում է մարդկային սիրտը…
Նա հենակետ էր ու խարիսխ, որի թողած անկրկնելի դասերն արդեն իսկ ճյուղավորված ինքնուրույն կյանքով են ապրում Հայաստանի զանազան վայրերում եւ Սփյուռքում գործող ամենատարբեր պարախմբերում եւ այլ նախաձեռնություններում… եւ դեռ շարունակելու են այդ առաքելությունը՝ պահելով գինոսյանական ոգին այնքան ժամանակ, որքան ունենք ազգային արժանապտվությամբ ապրելու կամք եւ փափագ…
Գագի՛կ եղբա՛յր, դու հավատացյալ չէիր… բայց ես համոզված եմ հոգու անմահության մեջ ու գիտեմ, որ այսուհետ քո ոգին շարունակելու է սատար լինել հող հայրենիին… Ուստիեւ, միեւնույնն է, ընդմիշտ՝ «Հիրուր խե՛դ»…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ