Փետրվարի 19-ին լրանում է Գուրգեն Մարգարյանի սպանության 20 տարին
«Հունգարիան այսօր» գերմանալեզու լրատվական պորտալը փետրվարի 7-ին զետեղել է «Հայաստանն ու Հունգարիան միասնական են՝ հանուն քրիստոնեական արժեքների» վերնագրյալ հոդվածը, որով անդրադարձել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցին՝ առավելաբար ներկայացնելով դրա առթիվ իրենց նախագահ Կատալին Նովակի խոսքի շեշտադրումները:
«Հայաստանն ու Հունգարիան Եվրոպային եւ աշխարհին ուղղված միասնական ուղերձ ունեն՝ կամենում ենք ասել, որ քրիստոնեական արժեքները գոյության իրավունք ունեն», ընդգծել է Հունգարիայի նախագահ Նովակը փետրվարի 6-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: Վերոհիշյալ լրատվականը հիշեցնում է, որ նույն օրն առավոտյան Նովակը բանակցություններ է վարել պաշտոնական այցով Հունգարիա ժամանած ՀՀ նախագահի հետ, այնուհետ երկու նախագահները մասնակցել են Հայաստանի պետական մանկավարժական (ՀՊՄՀ) եւ Պազմանի կաթոլիկ համալսարանների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: «Հունգարիայի նախագահը հիշեցրել է, որ Հունգարիայի եւ ՀՀ-ի հարաբերությունների միջեւ եղել է մի ժամանակաշրջան, երբ դիվանագիտական կապը չի գործել, սակայն վերջերս հաջողվել է հաղթահարել տարաձայնություններն ու դժվարությունները»: Կատալին Նովակն ասել է, թե ապագա սերունդներին ուղերձ են հղում՝ փոխանցելով հետեւյալը՝ Հունգարիան եւ Հայաստանը փոխադարձ հանձնառություն ունեն եւ պատասխանատվություն են կրում միմյանց հանդեպ: Երկու երկրները կապված են միմյանց ոչ միայն քրիստոնեական արմատներով, այլեւ՝ Եվրոպային եւ աշխարհին ուղղված ընդհանուր ուղերձով»: Լրատուն շարունակում է ընդգծել իրենց նախագահի խոսքը՝ «միասին ուզում ենք ասել, որ քրիստոնեական արժեքներն այսօր գոյության իրավունք ունեն Եվրոպայում եւ աշխարհում, եւ որ դրանք պիտի պաշտպանվեն»:
«Հունգարիան այսօր»-ի համաձայն, համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո, երկու երկրների նախագահները ներկա են եղել «7-13-րդ դարերի հայկական եկեղեցիների որմնանկարչություն» անվանյալ լուսանկարչական ցուցահանդեսին:
Փետրվարի 6-ի հետմիջօրեին ՀՀ նախագահն այցելել է կաթոլիկ համալսարան, որտեղ 2016-ից ի վեր գործում է հայագիտական ամբիոն: Նրա ղեկավար Բալինտ Կովաչին ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գեւորգյանի ձեռամբ հանձնվել է պատվո դոկտորի աստիճան: Կովաչը 7 գիտական կոնֆերանս եւ 3 միջազգային ցուցահանդես է կազմակերպել», հոդվածն այսպես է եզրափակում «Հունգարիան այսօր» լրատուն:
Բալինտ Կովաչի գործունեությունն անշուշտ արժանի է ուշադրության: «Մեր ամբիոնի շնորհիվ հայագիտությունը շուտով ավելի տեսանելի կլինի միջազգային գիտական կյանքում», փոխանցել էր պատմաբան Կովաչը՝ համաեվրոպական «Օրեր» ամսագրի 2023-ի «Հայագիտությունը Եվրոպայում» բացառիկ համարում ընդգրկված հարցազրույցում: «Օրեր»-ի նույն հրապարակումից տեղեկանում ենք, որ «դոկտոր Կովաչը հայ-հունգարական հարաբերությունների զարգացման նվիրյալներից: Նրա ակտիվ մասնակցությամբ է նաեւ ադրբեջանական կողմն ազատել 44 -օրյա պատերազմից հետո Բաքվում պահվող հայ գերիներից հինգին»:
«Հունգարիան այսօր» լրատվականը շեշտել էր նախագահ Կատալին Նովակի խոսքը, դրանով ընդգծել նրա քրիստոնեական արժեքներին հավատարմությունն ու դրանց պաշտպանությանն ուղղված հանձնառությունը: Փորձեցինք 2022-ից Հունգարիայի առաջին կին նախագահի գրառումներում որեւէ հիշատակություն գտնել Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման, էթնիկ զտումը, քրիստոնեական հուշարձանների պղծումն ու եղծումը դատապարտող որեւէ տողի, ապարդյուն: Նրա X-ի հարթակն էլ փաստում է, որ վարչապետ Օրբանի կուսակից նախագահը Ադրբեջանին, հատկապես էներգետիկ տեսանկյունից, դիտարկում է որպես ռազմավարական մեծ դեր ունեցող գործընկերոջ: Հունգարիայի նախագահը 2022-ին դատապարտել էր «անկախ ինքնիշխան պետության՝ Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիան», 2023-ին՝ Համասի հոկտեմբերի 7-ի ագրեսիան Իսրայելի դեմ, սատարել այդ երկրին՝ ինքնապաշտպանության իրավունքը վկայակոչելով, այնուհետ նոյեմբերին անձամբ մեկնել Իսրայել՝ ի նշան համերաշխության: Քաղաքական ակտիվության այս ծիրում կարող էր Հայաստանը «չլինել», եթե Հունգարիայի նախագահը երեքշաբթի չհիշատակեր քրիստոնեական արժեքներին իր հավատարմության մասին, իսկ «Հունգարիան այսօր»-ը հիշեցներ, որ դրանց մեջ առաջնայինը զղջումն է, ապաշխարությունը: Նախագահ Նովակն ակնարկել է ՀՀ-ի հետ «դիվանագիտական ուղիների խզման», «տարաձայնությունների հաղթահարման մասին»: Բարոյազուրկ լինելո՞ւ, թե՞անբարո լինելու նշան է քաղաքական գործչի, երկրի նախագահի համար մեղքն ու ոճիրն այսպես կոծկելը: Հունգարիայի նախագահն ի դեպ Ռամիլ Սաֆարովի տարեկիցն է՝ ծնվել է 1977-ին, բժիշկները չեն արձանագրել, թե տառապում է հիշողության կորստով: Նա չէր կարող չիմանալ, որ մի քանի օր հետո լրանում է այդ ոճրի 20 տարին: Ուրեմն՝ ինչպիսի արհամարհանք կամ՝ հանդգնություն՝ շոշափել մեր բաց վերքը՝ առանց զղջման, առանց ներում հայցելու:
Հիշեցնենք՝ Բուդապեշտում 2004-ի փետրվարի 19-ին է եղել ոճիրը, Սաֆարովը կացնի 16 հարվածով քնած Գուրգեն Մարգարյանի գլուխն անջատել է մարմնից: Հիշեցնենք՝ հունգար դատավորն էլ ոճրագործության դաժանությունից ազդված՝ մեղսունակ Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարին առանց ներման իրավունքի, իսկ «քրիստոնեական արժեքներին կառչած» նախագահ Նովակի կուսակից վարչապետ Օրբանի որոշմամբ՝ 2012-ին Սաֆարովն արտահանձնվեց Ադրբեջանին, ներում շնորհվեց նրան, պարգեւատրվեց: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառը սա է:
Հիշենք եւ հիշեցնենք, որ քրիստոնյա, մարդ լինելու, այդ կոչումը պահպանելու համար հիշողությունը առողջ եւ բանական լինելու ուղեգիր է: Կեղծ բարեպաշտությունը մեղք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա