Վերջին շրջանում աննախադեպ ակտիվանում են քաղաքական զարգացումները Հարավային Կովկասում: Զուգահեռ դրան կազմակերպվում են միջազգային մաշտապի համաժողովներ եւ տարածաշրջանային նշանակության հանդիպումներ: Համաժողովի պարագային խնդրո առարկան հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում հրավիրված «Մետաքսի ճանապարհ» համաժողովն է, որին 60 երկրի կառավարությունների ղեկավարների թվում մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախագծով: Մյուսը՝ հոկտեմբերի 23-ին Թեհրանում հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումն էր, մասնակցությամբ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների, որոնք միջոցառման ավարտին հանդես են եկել ընդհանուր հայտարարությամբ:
Համաժողով, թե հանդիպում, երկու միջոցառումներում էլ առաջնահերթ նշանակությամբ քննարկվել են «3+3» ձեւաչափով հարթակի ու «Զանգեզուրի միջանցքի» խնդիրները: Դրանք հավասարապես խնդրահարույց են Հայաստանի համար, նաեւ սերտորեն կապակցված: Այն առումով, որ հարթակը նախնական հաշվարկներով գալու էր Արցախի հարցում փոխարինելու ԵԱՀԿ Մինսկի խմբին, որն արդեն 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի ջանքերով փաստացի չի գործում, իսկ «Զանգեզուրի միջանցքը», ունենալով առանցքային նշանակություն Հարավային Կովկասում, տարածաշրջանի տարանցիկ ուղիները վերահսկելու հնարավորություն էր տալիս շահագրգիռ պետություններին՝ Ռուսաստանին, Թուրքիային եւ իրանին, որոնք Հարավային Կովկասում ընդհանուր շահեր ունեն, աշխարհաքաղաքական ծրագրեր, ինչպես նաեւ լուրջ տարաձայնություններ, պայմանավորված հարավկովկասյան տարածաշրջանն ազդեցության տակ վերցնելու իրենց հավակնություններով:
Այդ հավակնությունների բացահայտման առումով կարեւոր էր հոկտեմբերի 23-ին Թեհրանում Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարների մասնակցությամբ հրավիրված Հարավային Կովկասի տարածաշրջանային խորհրդակցական հարթակի «3+3» ձեւաչափով հանդիպումը: Հանդիպումից երկու օր անց, հոկտեմբերի 25-ին, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հերքել են այն պնդումները, թե իրենց երկիրը կարող է ուժ կիրառել Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար: Այդ ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը Politico-ին ասել է, որ իրենք մտադիր չեն հարձակվել Սյունիքի վրա, որովհետեւ «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը եւ հավելել` «Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի տարածքով»: Բայցեւայնպես նա շեշտել է. « Հարցը օրակարգից հանված չէ եւ դա սեղանին է, պարզապես Հայաստանը պետք է ցույց տա, որ ինքը շահագրգռված է դրանում»:
Ակամա հարց է ծագում, եթե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է գրավչությունը, ապա ինչո՞ւ է մնում սեղանին, կամ Հայաստանը ի՞նչից ելնելով պետք է «շահագրգրված լինի» դրանում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններով բացառել է «Հայաստանի ինքնիշխան տարածքում որեւէ միջանցքի տրամադրումն մեկ այլ պետությանը»: Ըստ երեւույթին Հաջիեւի իրարամերժ եւ հակասական մտքերը պայմանավորված են Թեհրանի վերոհիշյալ հանդիպումից հետո հրապարակված ընդհանուր հայտարարության ոգուն չհակադրվելու մտահոգությամբ, որի տեքստը հոկտեմբերի 23-ին հրապարակել էր Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը:
Մինչ 9 կետից բաղկացած համատեղ հայտարարության մեջ խոսվում է տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու մասին, ընդգծելով տարածաշրջանային երկրների միջեւ կառուցողական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության հաստատման կարեւորությունը, Ադրբեջանն ու Թուրքիան Նախիջեւանի ու Արցախի օկուպացված շրջաններում՝ ինքնիշխան Հայաստանի սահմանների երկայնքով համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Թե դրանք որքանո՞վ են համապատասխանում համատեղ հայտարարության ոգուն, հավանաբար գիտի Հաջիեւը, մեկ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որովհետեւ նա, ի տարբերություն վերջինի, չի թաքցրել միջանցքի առնչությամբ Թուրքիայի նկրտումները: Նախքան դրանց անդրադառնալը, ներկայացնենք «Անադոլու» գործակալության սեպտեմբերի 25-ի դիտարկումը, համաձայն որի «Զանգեզուրի միջանքի» հարցը 2020 թվին «ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո համատեղ ջանքերով բարձրացրել են Թուրքիան եւ Ադրբեջանը, որը, ըստ թուրքական աղբյուրի, պետք է անցներ Հայաստանի տարածքով, քանի որ դա ինքը չէր վերահսկելու, ուստի Հայաստանը հակադրվում է միջանցքի բացմանը, առաջարկելով փոխարենը հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակը»:
Գալով Էրդողանին, նա այս հարցը վերջին անգամ բարձրացրել էր սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ, ապա սեպտեմբերի 25-ին` Նախիջեւանում, ուր մեկնել էր շնորհավորելու Ալիեւին սեպտեմբերի 19-20-ի «հակաահաբեկչական գործողություններում» ձեռք բերած «հաջողության» համար, որտեղ նա, ըստ թուրքական «Էվրենսել»-ի, ասել է. «Մենք ի սկզբանե պաշտպանել ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցային գործընթացի ծավալումը, սակայն Հայաստանը չկարողացավ օգտվել պատմական այս հնարավորությունից: Այդ իսկ պատճառով անշուշտ սպասում ենք, որ Հայաստանը կատարի իր տված խոստումները, հատկապես «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում»:
Էրդողանի ելույթի առումով «Էվրենսել»-ին լրացնում է արդեն պաշտոնական «Անադոլու» գործակալությունը, ըստ որի Թուրքիայի նախագահը Նախիջեւանում մատնանշել է. «Այս (Զանգեզուրի) միջանցքի օր առաջ բացումն ապահովելու համար ամեն ջանք գործադրելու ենք: Թուրքիայի եւ Ադրբեջանի տեսանկյունից խիստ կարեւոր այս միջանքի բացումը մեզ համար ռազմավարական խնդիր է, ուստի դրա բացումը պարտադիր պիտի ապահովվի: Դրանով Թուրքիա-Ադրբեջան եղբայրությունը շատ ավելի կհզորանա: Ողջունելի են միջանցքի առնչությամբ Իրանից մեր ստացած ազդակները»:
Որքան էլ Էրդողանն ողջունի դրանք, Իրանը Թուրքիային միջանցք չի տրամադրում, այլ ընդամենը տարանցիկ ուղի, որը բաց է բոլոր երկրների առջեւ, որտեղ երթեւեկությունը կարգավորում է մաքսային ռեժիմը, ինչը Ատրպատականում անցուդարձը վերահսկելու հնարավորություն է տալիս Թեհրանին, ընդ որում առանց անցուղում ինքնիշխանությունն այլ երկրի փոխանցելու:
Այս ամենի առումով հատկանշական է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Ջումհուրիյեթ» թերթի հեղինակ դոց. Գյոքթուրք Թույսուզօլուի «Իրանը կարո՞ղ է այլընտրանք լինել Զանգեզուրի միջանցքին» խորագրով հոդվածը, որը հոկտեմբերի 18-ին արտատպել է Կ. Պոլսո պատրիարքրանի «Հայ Թերթ» կայքէջը: Թեեւ Հայաստանի հարցում թուրք ընդդիմադիրների դիրքորոշումն առանձնապես չի տարբերվում իշխանությունների դիրքորոշումից, տարբերությունն ընդամենը ձեւակերպումների մեջ է, այնուամենայնիվ Թույսուզօլուի հոդվածը կարեւոր ենք համարում միջանցքի հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին մեր պատկերացումներն ամբողջացնելու առումով: Ահա թե ինչ է գրել հեղինակը.
«Իրանն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել Զանգեզուրի միջանցքին այլընտրանք մեկ այլ երթուղու շուրջը: Այս նոր երթուղին, որ Իրան-Ադրբեջան սահմանին Արաքսի վրա կառուցվող կամուրջով ինտեգրվելու է նախագծին, նախատեսում է Նախիջեւանը միացնել Իրանի Արեւելյան Ադրբեջան նահանգի հետ: Թուրքիայի աջակցությունը վայելող այս երթուղին կողմերի առջեւ ինքնիշխանության փոխանցման որեւէ խնդիր չի դնում: Դրա գործարկումը ինքնաբերաբար օրակարգից հանելու է Հայաստանով (Սյունիք/Զանգեզուրով) անցնող «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը: Սակայն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի գրավումից հետո Հայաստանում ծայր արած ներքաղաքական գործընթացը, ծանր կացության մեջ դնելով Փաշինյանին, զգալի թուլացրել է «Զանգեզուրի միջանցքի» հանդեպ պահանջարկը: Որքան էլ ներկա պահին Զանգեզուրում որեւէ զարգացում չնշմարվի, միջանցքի առումով, ետնաբեմում որոշակի քայլեր, այնուամենայնիվ, կատարվում են»:
Իրանական անցուղին համարժեք չէ «Զանգեզուրի միջանցքին», հետեւաբար միջանցքը շարունակելու է պահպանել իր դերն ու նշանակությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի աշխարհաքաղաքական ծրագրերում: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա ավանդաբար ռուսական գերազդեցության տարածք համարվող Հարավային Կովկասը նրան որպես յուրատեսակ կամուրջ է ծառայում Մերձավոր եւ Միջին Արեւելք ներթափանցելու ճանապարհին, որտեղ ԱՄՆ-ի ու Եվրոպական միության հարաճուն ակտիվությունը սպառնալիքի տակ է դրել նրա ռազմաքաղաքական ներկայությունը: Թերեւս դրա չեզոքացման հրամայականը գործարման առումով Հայաստանի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանի համար ավելի «կենսական» է դարձնում, քան Նախիջեւանը Ադրբեջանին կապող իրանական անցուղին:
Այս հանգամանքը նկատել է նաեւ թուրքական վերոհիշյալ թերթի հեղինակ Թույսուզօլուն, որ գրում է. «Ղարաբաղը վերադարձնելուց հետո, երբ Ադրբեջան-Իրան սահմանն անցավ Բաքվի վերահսկողության տակ, Ռուսաստանը, նախապատվությունը տալով Բաքվին` հավանություն տվեց «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, պայմանով, որ դա ինքը վերահսկի»: Ինչպես երեւում է, Արցախի Հանրապետության լուծարումից հետո Ռուսաստանը սկսել է նաեւ Արցախում տեղակայված ռուս խաղապահներին Զանգեզուր տեղափոխելու հաշվարկներ անել, որ սեպտեմբերի 11-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Եթե ՌԴ խաղաղապահները հեռանան Լեռնային Ղարաբաղից, նրանք չեն կարող տեղափոխվել Հայաստան, այլ պետք է տեղափոխվեն Ռուսաստան»:
Ակնհայտ է, որ 5 կմ լայնություն ունեցող, 44 կմ երկարությամբ «Զանգեզուրի միջանցքի» գործարկման պարագային, այն էլ ՌԴ վերահսկողության ներքո, այնտեղ կհաստատվի ո՛չ թե մաքսային, այլ ռազմական ռեժիմ, դրանով Հայաստանը կզրկվի Իրանի հետ առանց այդ էլ ռուս սահմանապահների իրավազորությանը ենթակա ընդհանուր սահմանից եւ ակամա կվերածվի կամազուրկ պետության: Հատկանշական է, որ այս հանգամանքը ոչ թե չի հետաքրքրում Ռուսաստանին, այլ` չափազանց շահագրգռում, որովհետեւ մեր, այսպես կոչված, ռազմավարական դաշնակիցը Հայաստանը տնտեսապես կազմալուծված տեսնելուց զատ, ուզում է նաեւ արտաքին աջակցությունից զուրկ եւ միջազգայնորեն մեկուսացված տեսնել, ընդ որում այդ ուղղությամբ չի հրաժարվում համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, որքան էլ, թուրք հեղինակի բնութագրությամբ, վերջինի դիրքերի ամրապնդումը Ադրբեջանում շարժի ռուսական կողմի նախանձը:
Այս համագործակցունը ենթադրում է «Զանգեզուրի միջանցքի» ռուս-թուրքական համատեղ գործարկումը: Դրա նախադեպը դեռեւս 2020 թին ստեղծվել էր Սիրիայում, երբ նույն թվի մարտի 5-ին Մոսկվայում նախագահ Էրդողանը ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեց Հալեպը Լաթաքիային կապող եւ Իդլիբով անցնող M4 մայրուղու վրա միջանցք ստեղծելու համաձայնագիր, որ նույնպես 5 կմ լայնություն ունի:
Այդ համաձայնագրով միջանցքում սահմանվեց պարեկություն, հյուսիսային հատվածի իրավազորությունը ստանձնեցին թուրքական, իսկ հարավայինի՝ ռուսական զորքերը: Որքան էլ Իդլիբը լինի Սիրիայի տարածք, միջանցքը լիովին փակվեց սիրիական զորքերի առջեւ, ավելին` ռուս-թուրքական պարեկազորին տրվեց «միջանցքի վրա ոտնձգության» դեպքում սիրիական զորքերին հակահարված տալու իրավունք: Մարտի 15-ին ռուս-թուրքական զորքերն անցան պարեկության պարտականությունների կատարմանը: Դրանով թերեւս ոտնահարվեց Սիրիայի ե՛ւ անկախությունն ու ինքնիշխանությունը, ե՛ւ տարածքային ամբողջականությունը, էլ չենք խոսում սիրիական զորքերի դեպի Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ առաջխաղացումը կասեցնելու մասին:
Ի դեպ՝ նախնական տարբերակով Իդլիբում նախատեսվում էր երկու միջանցք, ինչի մասին 2020 թ. մարտի 14-ին մամուլում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար գեներալ Հուլիսի Աքարը: Նրա վկայությամբ, մոսկովյան համաձայնագրով Պուտինն ու Էրդողանը որոշել էին M 4 մայրուղու հյուսիսում եւ հարավում 6-ական կմ խորությամբ «անվտանգության» երկու միջանցք անցկացնել: Ըստ ամենայնի, ռուսական կողմը, զգալով որ դա էլ ավելի կամրապնդի Թուրքիայի դիրքերը Սիրիայում, մանավանդ որ 2016-17 թթ. Ջերաբլուսի, Ազազի, Ալ Բաբի եւ Աֆրինի գրավումից հետո Թուրքիան այս քաղաքներում կառավարիչներ նշանակելուց, դատարաններ հիմնելուց, թուրքական համալսարանների մասնաճյուղեր բացելուց զատ, շրջանառության մեջ դնելով թուրքական լիրան, սկսել էր յուրացնել գրավյալ տարածքը, հրաժարվեց զույգ միջանցքից, եւ կողմերը սահմանափակվեցին 5 կմ լայնությամբ մեկ միջանցքով:
Իդլիբի օրինակը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ «Զանգեզուրի միջանցքի» գործարկմամբ այնտեղ եւս համատեղ պարեկությունը իրականացնեն ռուսական եւ թուրքական զորքերը, դրա մուտքը փակվի հայկական զորքերի առջեւ, մանավանդ որ Ռուսաստանը հետզհետե դուրս է մղվում Հարավային Կովկասում ընթացող գործընթացներից, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների նախաձեռնությունն անցնում է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին, իսկ Միրզոյան-Բայրամով հանդիպումներինը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններիի նորմալացման գործընթացինը՝ նմանապես:
Դա Մոսկվայի տեսանկյունից ենթադրում է Հարավային Կովկասից Ռուսաստանի վտարումը, որից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը, թերեւս, ամուր դիրքեր ստեղծելու համար Զանգեզուրը ռուսական զորանոցի վերածելն է, ինչի մասին Ռուսաստանը երազում է, իսկ Թուրքիան Մեղրին Հայաստանից պոկելու հույսեր է փայփայում: Այդ մասին, ի դեպ, դեռեւս 1993թ., երբ թուրքական սահմանը փակվեց Հայաստանի առջեւ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում արտահայտվել էր Ձախ ժողովրդավարական կուսակցության առաջնորդ, «Կիպրոսի նվաճող» Բյուլենթ Էջեւիթը, պայմանավորված Նախիջեւանից Մեղրիի տարածքով Ադրբեջանի հետ ցամաքային ուղիղ կապ հաստատելու դեռեւս անցյալ դարի սկզբներին Օսմանյան կայսրությունում շրջանառության մեջ դրված վաղեմի ծրագրով:
Եթե մենք Զանգեզուրում ամուր դիրքեր ստեղծելու Մոսկվայի երազանքը համադրելու լինենք Անկարայի Մեղրին Հայաստանից պոկելու հաշվարկների հետ, ապա կարող ենք փաստել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը միանշանակ հարվածի տակ է դնելու Մեղրին: Թեեւ ռուսական կողմը 44-օրյա պատերազմից հետո ստորագրված նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարությունից հետո խուսափում էր տալ Մեղրիի անունը, սակայն Սյունիքում, «Զանգեզուրի միջանցքից» զատ նախատեսում էր նաեւ երկրորդ միջանցքը: Պարզապես հայտնի չէր, թե դա ո՞րտեղով է անցնելու: ԱՄՆ նախագահ Բայդենի` «Մեղրիում միջանցք չկա» հայտարարությունը հուշեց մեզ, որ դա անցնելու է Մեղրիի հյուսիսով, որպեսզի Մոսկվան երկու միջանցքները միավորելու միջոցով Սյունիքը վերածի ռուսական զորանոցի:
Որքան էլ դաշնակցի կարգավիճակով Իրանը Հարավային Կովկասն արտատարածաշրջային երկրների ներթափանցումից պաշտպանելու հարցում համամիտ լինի Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ իրանցի պաշտոնյաները, դեռեւս եռակողմ հայտարարության ստորագրման պահին այդ փաստաթուղթը Իրանի ազգային շահերին հակասող դրույթներ պարունակելու պատճառով խիստ քննադատել են: Այս հարցը «Ազգ»-ի դեռեւս 2021 թ. հունիսի 17-ի համարում «Իրանական հայացք Զանգեզուրին» խորագրը կրող հոդվածով բարձրացրել էր իրանագետ Գրիգոր Առաքելյանը, որտեղ իրանցի պաշտոնյաները, մեր թերթի վերլուծաբանի վկայությամբ, արել են հետեւյալ դիտարկումը. «Իրանի տեսանկյունից, եռակողմ փաստաթղթի հրապարակման ժամանակ, թեեւ հաշվի են առնվել Իրանի որոշ «կարմիր գծեր», սակայն այն էականորեն հակասության մեջ է Իրանի ազգային շահերի հետ: Իրանի շահերին հակասող դրույթներից են հատկապես Մեղրիի անորոշ կարգավիճակը, Հայաստանի ու Իրանի միջեւ հաղորդակցության հնարավոր սահմանափակումներն ու այս իրավիճակի Իրանի համար անցանկալի հետեւանքները»:
Ինչպես երեւում է, հարցը սոսկ Մեղրիի կարգավիճակի անորոշությամբ չի սահմանափակվում, այլեւ դրա ուղղակի առնչությունը քաղաքի պատկանելիության հետ: Այլապես Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին, ինչպես armlur.am -ն է նշել, 2021թ. ապրիլի 22-ին հենց Սյունիքի մարզում չէր հայտարարի. «ԱՄՆ-ն չի կարող անտարբեր մնալ Սյունիքի մարզին: Այստեղով անցնում է Հայաստանի ու Իրանի սահմանը, այստեղ է կտրվում «թյուրքական աշխարհը»: Այստեղ է պատրաստվում «Մեղրիի միջանցքը» Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայություն վերահսկողությանը փոխանցելու ծրագիրը, ինչը համազոր է Հայաստանի հարավային սահմանի եւ ինքնիշխանության կորստին»:
Թեեւ «Մեղրիի միջանցքը» չի փոխանցվել ՌԱԴԾ-ի վերահսկողությանը, սակայն Ռուսաստանն այստեղ դեռեւս 2020-ին ռազմաբազա է տեղակայել, ինչի մասին նույն թվի դեկտեմբերի 11-ին նշել էր թուրքական M SAK- MillՏ Strateji Ara t rma Kurulu կայքի հեղինակ Բայքալ Յորուքլուն, ընդգծելով. «Մեղրի քաղաքի մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ դրա մոտակայքում է տեղակայված Հայաստանում գործող ռուսական 3 ռազմաբազաներից մեկը»: Սա նշանակում է, որ Զանգեզուրում «միջանցքի» տրամադրումը Ռուսաստանին նաեւ Մեղրիով, Սյունիքի մարզում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստին հանգեցնելուց զատ, հայաստանյան իշխանություններին կկանգնեցնի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից վերահսկվող հայկական տարածքների ռուսական կամ ռուս-թուրքական համատեղ յուրացման փաստի առջեւ, ինչպես ասենք Թուրքիան է յուրացնում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում օկուպացրած սիրիական Ջերաբլուս, Ազազ, Ալ Բաբ եւ Աֆրին քաղաքաները:
Մանավանդ որ Ռուսաստանը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի սահմանները պաշտպանելու պատրվակով Իջեւանի եւ Տավուշի մերձակայքում եւս զորքեր էր տեղակայել, որոնց աչքի առջեւ ադրբեջանցի հրոսակը Տավուշում բռնազավթեց հայկական 6 գյուղ: Հետեւաբար Զանգեզուրը մեզ համար լոկ «միջանցք» չէ, որովհետեւ այնտեղ է կանխորոշվում իբրեւ պետություն Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, կենսունակությունն ու քաղաքական ճակատագիրը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ