ՄԱՐԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ, www.mkhitar.com
Մեր սովորական կյանքն այնքան անակնկալներ է մեզ մատուցում, որ տարիներ անց հետադարձ հայացք նետելով համոզվում ես` ոչինչ բան պատահական չէ: 2007թ. աշնանը Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Հայաստանի հույները» խորագրով դասախոսություն կարդացի: Ներկայացվող նյութերն ամբողջական ներկայացնելու համար այցելեցի Հայաստանի գրեթե բոլոր քաղաքներն ու գյուղերը, որտեղ բնակվում էին եւ բնակվում են հույները: Մի քանի հազար լուսանկար հավաքվեց իմ լուսանկարչական գանձարանում: Այսպես էլ հղացավ մի միտք, որը բավական մեծ ազդեցություն ունեցավ ստեղծագործական ուղուս վրա:
2009թ. նոյեմբերին Հայաստանում Հունաստանի դեսպանատանը բացվեց իմ առաջին լուսանկարչական ցուցահանդեսը` հույն մայրիկիս հիշատակին: Ցուցահանդեսը նվիրված էր Հայաստանի հույներին: Երախտապարտ եմ Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան պարոն Իոաննիս Կորինսիոսինՙ գաղափարն իրականություն դարձնելու եւ աջակցելու համար: Շնորհիվ Հայաստանում Հունաստանի ներկա դեսպան պարոն Իոաննիս Տակիսին եւ դեսպանատան գործերի կառավարիչ տիկին Վասիլիկի Դիկոպուլուին` լուսանկարները մինչ օրս ցուցադրված են Հունաստանի դեսպանատանը:
2011թ. մայիս ամսին Նյու Յորքում Հունաստանի հյուպատոսարանում բացվեց իմ երկրորդ լուսանկարչական ցուցահանդ»սըՙ նվիրված Հայաստանի հույներին եւ մայրիկիս 80-ամյակին: Միջոցառումը հովանավորցեց Դոկտոր Վիրջինիա Դեւիսի (Նյու Յորք, ԱՄՆ), ԱԳԱՊՈ (AGAPW Association of Greek American Professional Women, նախագահ` Դոկտոր Օլգա Ալեքսակոս) կազմակերպության, ԱՄՆ-ի եւ Կանադայի Համապոնտական ֆեդերացիայի կողմից: Այս կարեւոր իրադարձության կազմակերպման համար երախտապարտ եմ նաեւ Նյու Յորքում Հունաստանի նախկին գլխավոր հյուպատոս տիկին Ագիա Բալտային եւ Նյու Յորքում Կիպրոսի գլխավոր հյուպատոս տիկին Կուլա Սոֆիանուին: Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց ներկայությամբ նույնպես պատվեցին ցուցահանդեսի բացման արարողությունը, որի ընթացքում համառոտ դասախոսություն կարդացի Հայաստանի հույների մասին: Առանց չափազանցության կարելի է նշել, որ ԱՄՆ-ում սիրով ընդունեցին եւ ողջունեցին իմ ցուցահանդեսը: ԱՄՆ-ի տեղական հունական թերթերը նույնպես անդրադարձան իմ ցուցահանդեսին:
http://www.greeknewsonline.com/?p=16002
Իհարկե, հիշելով ընտանիքիս պատմական արմատները, բնականոն կերպով հունական թեմատիկայից անցա հայկականի: Վերհիշելով մանկությունսՙ մտաբերեցի պապիկիս պատմածը: 1915թ…14 ամյա մշեցի տղան մի խումբ որբերի հետ գաղթում է Հայաստան: Հայրենի լեռները ներշնչեցին մխիթարություն: Այսպես օրհնվեց Մխիթարյանների տոհմը: Հպարտությամբ եւ երախտագիտությամբ եմ գրում այս տողերը` հայրենիքում ապրելը նրա համար մխիթարություն դարձավ:
2013թ. մայիս ամսին Շուշի քաղաքում բացվեց իմ երրորդ ցուցահանդեսը «Իմ սիրտը լեռներում» խորագրով` տիկին Վիրջինիա Դեւիսի (Նյու Յորք, ԱՄՆ) հովանավորությամբ ու Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հովանու ներքո: Ցուցահանդեսի լուսանկարների հավաքածուն նվիրաբերվեց Շուշի քաղաքի Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնին, որտեղ եւ տեղի էր ունեցել հիշյալ միջոցառումը:
Տիկին Վիրջինիա Դեւիսի հովանավորությամբ վերանորոգվել է Արցախի Քաշաթաղ շրջանի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին, վերականգնվել գյուղի ջրի մատակարարման համակարգը:
http://www.tufenkianfoundation.org/?laid=1&com=module&module=static&id=332
Սիրով ներկայացնում եմ գալիք ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվելու են հայտնի հայ լուսանկարչուհի Իդա Քարի Հայաստան այցելության ընթացքում լուսանկարած ժապավենները, ինչպես նաեւ հեղինակի լուսանկարչական հավաքածուից ֆոտոներ, նվիրված Հայաստանին:
Իդա Քարը (Քարամյան) ծնվել է 1908 թ. ապրիլի 8-ին, Տամբովում (Ռուսաստան), հայազգի Անահիտ եւ Մելքոն Քարամյանների ընտանիքում: 1928 թ. մեկնել է ուսանելու Փարիզում եւ մեծ ազդեցություն կրել ժամանակի ավանգարդիստական հայացքներից: 1933թ. տեղափոխվել է Կահիրե, որտեղ հանդիպել եւ ամուսնացել է իր առաջին ամուսնու հետ, ով կառավարական պաշտոնյա էր: Կահիրեում հիմնել է «Իդաբել» լուսանկարչական ստուդիան: 1945 թ. երկրորդ ամուսնու` նկարիչ եւ քննադատ Վիկտոր Մուսգրեյվի հետ տեղափոխվել է Լոնդոն: Վերջինս Լոնդոնի Սոհո թաղամասում բացեց իր առաջին ցուցասրահը:
Քարը մասնագիտացել էր ժամանակի հայտնի նկարիչների եւ գրողների դիմանկարների պատկերման գործում: 1960թ. անհատական ցուցահանդեսը դարձավ նրա հաջողության բարձրակետը: Իդա Քարը Հայաստան է այցելել 1957 եւ 1962 թթ.: Նրա լուսանկարները հրատարակվել են «Թեթլեր» ամսագրում` «Վերադարձ Հայաստան» խորագով: 2011թ. Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահը մի ցուցահանդես է նվիրում Իդա Քարի ստեղծագործություններին` «Իդա Քար` բոհեմյան լուսանկարիչ» խորագրով:
2012թ. Իդա Քարի «Վերադարձ Հայաստան» լուսանկարների ցուցահանդեսը կազմակերպվեց Տորոնտոյի հայկական երիտասարդական կենտրոնում` ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակվող Դր. Վիրջինիա Դեւիսի հովանավորությամբ: Նկարները վերցված էին նրա անհատական հավաքածուից:
Դր. Վիրջինիա Դեւիս հովանավորն է «Ես իմ անուշ Հայաստանի» լուսանկարչական ցուցահանդեսի, որտեղ կցուցադրվեն Իդա Քարի լուսանկարների օրինակները Դր. Դեւիսի անհատական հավաքածուից:
Ոգեշնչման պահեր, որոնք արտացոլված են երկու տարբեր կանանց լուսանկարներում, 60 տարիների կտրվածքով, երկու տարբեր ժամանակաշրջանների ժանրով: