1940-ականներին լուսանկարիչԳեղամ Ճղալյանը Գազա քաղաքում բացեց առաջին լուսանկարչական ստուդիան: Նրա լուսանկարները ցուցադրում են քաղաքի կյանքը` նախքան պատերազմը կվերափոխեր այն:
Սուրբ Երկիրն ավելի քան 1700 տարի հանդիսանում է տուն փոքրաթիվ հայ համայնքի համար: Չորրորդ դարում հայ քրիստոնյաներն ու վանականները դեպի Երուսաղեմ ուխտագնացություններ կատարելիս հաստատվել են այստեղ: Ժամանակի ընթացքում նրանք ձեւավորել են իրենց սեփական թաղը, որն այսօր հայտնի է որպես Հայկական թաղամաս: Երուսաղեմում պաղեստինահայ համայնքը ընդարձակվեց Հայոց ցեղասպանության հետեւանքով, որի ընթացքում 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը սպանեց մոտ 1,5 միլիոն հայի:
Երուսաղեմում բնակվող լուսանկարիչ Գեղամ Ճղալյանը, որը Հայաստանից գաղթել էր Ցեղասպանության ժամանակ, 1940-ականներին տեղափոխվեց Գազա, որն այն ժամանակ պարզապես պաղեստինյան քաղաք էր Միջերկրական ծովի ափին: Ութսուն տարի անց, բազմաթիվ պատերազմներից հետո, Գազան եւ նրա շրջակայքը դարձել են բնակության համար ամենաանպիտան վայրերից մեկը երկրագնդում: Տեղի բնակիչների մեծամասնությունը գործազուրկ է եւ ջրի, էլեկտրականության, սննդի ու դեղորայքի սահմանափակ հասանելիություն ունի: Բացի այդ, նրանք, իհարկե, չեն կարող հեռանալ:
Բայց մինչ յոթնամյա շրջափակումը ծնկի կբերեր Գազան, մինչ «Համասը» կստանձներ իշխանությունը, քաղաքն ուներ բոլորովին այլ մշակութային ինքնություն եւ մթնոլորտ, որը որսացել է Ճղալյանի տեսախցիկի ոսպնյակը: Նրա 36-ամյա թոռը՝ Գեղամ Ճղալյան-կրտսերը, որ Ֆրանսիայում բնակվող արտ-տնօրեն է, վիզուալ նկարիչ եւ նորաձեւ ոճաբան, վերջերս Եգիպտոսում գտնվող իր հայրական տանը հայտնաբերել է երեք տուփ, որոնց մեջ իր պապի որոշ սեւանկարներն էին (նեգատիվ) եւ հին լուսանկարները:
Նրա մահից 40 տարի անց Ճղալյանի աշխատանքներն այժմ ցուցադրվում են Կահիրեի «Ըքսես Արտ Սփեյս»-ում, այն քաղաքում, որտեղից Ճղալյանների ընտանիքի մի մասը գաղթել է 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ: Ավագ Ճղալյանը նախընտրեց մնալ իր սիրելի քաղաքում: Նրա լուսանկարները ներկայացնում են 1940-ականներից մինչեւ 1970-ականները Գազայի բնակիչների համեմատաբար անհոգ կյանքի հազվագյուտ պատկերները: «Լուսանկարների կատարման տարեթվերը հանված են, որպեսզի Գազան ներկայացվի «կանգ առած ժամանակի» տարբերակով»,- ասում է Գեղամ-կրտսերը:
VICE մեդիահարթակի թղթակից Դանա Ալ-Շեյխը ցուցահանդեսում հանդիպել է կրտսեր Գեղամին եւ զրուցել Գազայի հատվածի հետ նրա ընտանիքի բարդ հարաբերությունների, գաղթի եւ ինքնության մասին:
–Ի՞նչ նշանակություն ունի այս ցուցահանդեսը ձեզ համար՝ անձնական տեսանկյունից:
– Այն ունի շատ յուրահատուկ, գրեթե թերապեւտիկ բնույթ: Երբ ես հայրական տանս գտա այս արխիվը, ինձ զգացի պատմական կարեւոր գտածո հայտնաբերած մի հնագետ: Այս պատկերների կարեւորությունն ինձ համար միանգամից պարզ չդարձավ, բայց ես գիտեի, որ դրանցում ինչ-որ բան կա:
Ես շատ էի ուզում ճանաչել պապիկիս. լուսանկարչության հանդեպ կիրքը նրանից եմ ժառանգել: Ահա թե ինչու ես նախաձեռնեցի «պեղումները», ու ինչպես տեսնում եք, նրա լուսանկարները հիանալի բացահայտում են: Նա փաստագրեց Գազայի այն կողմը, որը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ մենք այսօր տեսնում ենք:
Տուփերը ես գտա 2018 թվականին: Այդ ժամանակից ի վեր բախվել եմ բազմաթիվ խնդիրների, որոնցից է լուսանկարների պահպանման փորձի բացակայությունը: Հենց հիմա ես փորձում եմ հետ բերել պապիկիս այն արխիվները, որոնք մնացել են Գազայում, որպեսզի դրանք համատեղեմ Կահիրեում գտածի հետ: Հուսով եմ, որ կկարողանամ դա իրականացնել:
–Ինչպիսի՞ն են եղել ձեր հարաբերությունները պապիկի հետ:
-Ես երբեք չեմ հանդիպել նրան: Նա մնաց Գազայում եւ կյանքից հեռացավ 1980-ականների սկզբին: Բացի տեսողական արվեստների հանդեպ մեր ընդհանուր կրքից, ես նաեւ շատ կուզեի ճանաչել նրան՝ նկատի ունենալով, թե ինչպես են Գազայում մարդիկ արձագանքում, երբ ես նրանց ասում եմ, թե ում թոռն եմ: Նա քաղաքում հիմնեց առաջին լուսանկարչատունը, եւ նրա անվան հիշատակումը մինչ օրս ուժեղ հույզեր է առաջացնում այն մարդկանց հոգում, որոնք այդ ժամանակ ապրում էին այնտեղ:
Հայրս նախկինում երբեւէ չի հիշատակել տուփերը. լրիվ մոռացել էր դրանց մասին: Դրանց հայտնաբերումը փոխեց իմ կյանքը. ես ավելին իմացա իմ ընտանեկան ժառանգության մասին եւ առավել խորությամբ գիտակցեցի իմ ինքնությունը: Ամենից առաջ այս լուսանկարները Գազային մեր տուրքը հատուցելու միջոց են. քաղաքն արժանի է, որ իր պատմությունն այլ կերպ պատմվի:
–Ի՞նչ եք իմացել ձեր պապիկի մասին՝ շնորհիվ այս լուսանկարների:
-Ինձ համար այս լուսանկարներն ավելի շատ հարցեր են առաջադրում, քան պատասխաններ տալիս: Դիտում եմ դրանք ու զարմանում, թե ինչո՞ւ է հայ գաղթականը որոշել հաստատվել Գազայում, այլ ոչ թե Երուսաղեմում: Զարմանում եմ, թե ինչպես է արաբերեն հազիվ խոսող մարդն այդքան բարձր վստահության եւ սիրո արժանացել մարդկանց կողմից:
Պապս իր երեխաներին ուղարկեց արաբական դպրոցներ, որտեղ նրանք նաեւ իսլամական կրոն եւ Ղուրան են ուսանել: Դրա հետ նա երբեք խնդիր չի ունեցել, չնայած քրիստոնյա էր: Նա նույնիսկ հետեւել է Աքիքայի [կենդանի զոհաբերելու] իսլամական ավանդույթին, երբ ծնվել է իր որդին: Պապս սիրում եւ պատկանում էր Գազայի հատվածին ու նրա ժողովրդին: Նա փաստագրել է նրանց կյանքի մանրամասները թե՛ իր ստուդիայի ներսում, թե՛ դրանից դուրս:
–Կարծում եք՝ ձեր հայրն իրականում մոռացե՞լ էր տուփերի մասին, թե՞ խուսափում էր դրանցից:
-Կարծում եմ՝ գործ ունենք նաեւ որոշակի տրավմայի հետ: Իմ ընտանիքը սովորաբար խուսափում է նման հիշողություններից: Հորս համար հեշտ չի եղել: Չնայած որ 50 տարուց ավելի ապրում է Եգիպտոսում, նա դեռեւս գործածում է պաղեստինյան ճամփորդական փաստաթղթեր: (Միլիոնավոր պաղեստինցիներ քաղաքացիություն չունեն. նրանք չունեն անձնագրեր, այլ միայն սահմանափակ իրավունքներ տրամադրող անցաթղթեր):
Պապս վերապրել է Ցեղասպանությունը: Ըստ ընտանեկան պատմությունների՝ նա Հայաստանից գաղթել է աղջկա հանդերձանքով, քանի որ օսմանցիներն առաջինը սպանել են տղաներին: Պատանեկության տարիներին նա տեղափոխվել է Գազա, որպեսզի ստուդիա բացի՝ Երուսաղեմում մեկ այլ հայ լուսանկարչի մոտ վերապատրաստվելուց հետո: Նա փաստագրել է Նակբան (կամ «աղետը»՝ Պաղեստինի ավելի քան 700,000 բնակչության արտագաղթը 1948 թվականի Պաղեստինյան պատերազմից հետո), Վեցօրյա պատերազմը, փախստականների ճամբարները եւ այն բոլոր ողբերգությունները, որոնցով անցել է Գազայի ժողովուրդը:
Իմ ընտանիքը դառը հիշողություններ ունի Վեցօրյա պատերազմից: Տատիկս Կահիրեում է եղել պատերազմի սկզբում, այցելել էր այնտեղ սովորող հորս եւ հորեղբորս: Դրանից հետո երեք տարի նրանք չէին կարողանում վերադառնալ Գազա՝ պապիկիս տեսնելու, եւ այդ ժամանակվանից այցելություններն ավելի հազվադեպ են դարձել:
1980-ականների սկզբին հայրս ոտնձգությունների ենթարկվեց Գազա մեկնելուց հետո Եգիպտոս վերադառնալու ճանապարհին: Իսրայելցի զինվորն այնքան վատ էր վարվել նրա հետ, որ նա երդվեց, որ այլեւս Գազա չի վերադառնա, եւ այդպես էլ եղավ: Այս դրվագը կարծես ամրապնդել է նրա զգացական անջատումը Գազայից: Երեւի այդ պատճառով է նա մոռացել երեք տուփերի մասին:
–Ի՞նչ են մտածում մարդիկ այս ցուցահանդեսի մասին:
-Գազան միշտ հետաքրքրել է մարդկանց, հատկապես օտարերկրացիներին, այդ թվում՝ Եգիպտոսի բազմաթիվ դիվանագետների: Նրանք հաճախ ցնցում են ապրում, որ Գազայի հատվածն իսկապես այդպիսին է եղել: Սոցիալական ցանցերի շնորհիվ Գազայի շատ բնակիչներ իմ պապիկի լուսանկարներում ճանաչել են իրենց կամ իրենց ընտանիքների անդամներին: Նրանք կապ են հաստատել ինձ հետ եւ պատմել, թե ինչպես են արվել լուսանկարները եւ ովքեր են դրանցում պատկերված մարդիկ: Դա ասես վերամիավորում լինի:
–Ո՞ր լուսանկարն է ձեզ համար ամենահարազատն ու թանկագինը:
-Ա՛յս մեկը (տե՛ս վերջին նկարը): Սա պապիկիս ստվերն է ավազի վրա, եւ սա իմ հորաքույրն է, որ մի ձեռքը դրել է հորս ուսին: Նրանք հանգիստ զբոսնում են լողափով եւ ծովը բախվում է նրանց բոբիկ ոտքերին…
Անգլերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ