Օգտվելով առիթից, որ Լոնդոնի Գեւորգ Թահթայան կիրակնօրյա ազգային վարժարանի նախկին երկարամյա տնօրենուհի տիկին Անահիտ Ղազարյանը Երեւանում է, «Ազգի» ամառային արձակուրդի օրերին հանդիպեցինք նրա հետ եւ քաղեցինք հետեւյալ տեղեկությունները:
Լոնդոնահայերի կյանքում նշանակալի թվական է 1978-ի փետրվարի 18-ը, քանի որ այդ օրը, բարերարությամբ արժանահիշատակ Գեւորգ Թահթայի, հիմքն է դրվել Լոնդոնի Գեւորգ Թահթայան կիրակնօրա ազգային վարժարանի: Դրանից ամիսներ առաջ Հարություն Այվազյանի ատենապետությամբ ստեղծվել էր Համայնքային եւ եկեղեցական խորհրդի մշակութային հանձնախումբը, որն իրականացնելու էր վարժարանի ապագա գործունեությունը:
Վարժարանը կոչվել է ծննդով կեսարացի Գեւորգ Թահթայի (Թահթաբրունյան) անունովՙ ի պատիվ նրա առատաձեռն նվիրատվության եւ անմնացորդ նվիրվածությանՙ կրթության ասպարեզին: Սովորել է ճարտարագիտություն Ստամբուլում: Առաջին համաշխարհայինի օրերին երրորդ կուրս փոխադրված ուսանողը կեղծ փաստաթղթերով տարբեր աշխատանքներ է կատարել Ստամբուլում եւ շրջակայքում: Ձերբակալվել է շատ անգամներ, բայց նրան եւ իր ընտանիքին (բացի ամուսնացած մի քրոջից, որն աքսորվել է) հաջողվել է խուսափել կոտորածներից: 1924-ին տեղափոխվել է Մանչեստր (Անգլիա):
Մշտական շենք չունենալու հանգամանքը դժվարություններ է հարուցել: Սկզբնական շրջանում դասավանդությունները տեղի են ունեցել Ս. Պետրոս եկեղեցու կից սրահներում, իսկ 1979-իցՙ արեւմտյան Լոնդոնի հայաշատ Իլինգ թաղամասի մոտ գտնվող անգլիական միջնակարգ դպրոցի շենքում:
Աշակերտների թիվը 150-200-ի սահմաններում է: Նրանք արեւելահայերեն եւ արեւմտահայերեն են սովորում, ըստ իրենց նախնական պատրաստվածության, հետեւյալ դասարաններում. 3-5 տարեկաններըՙ մանկապարտեզում, 5-7 տարեկաններըՙ նախապատրաստական, իսկ 7-14 տարեկաններըՙ առաջինից իններորդ դասարաններում: Վերջինՙ իններորդ դասարանն ավարտելիս նրանք հանձնում են հայոց լեզվի պետական քննությունՙ GCE O level (ընդհանուր կրթական վկայական, սովորական մակարդակ): Դասաժամերի ընդհանուր տեւողությունը երեքուկես ժամ է, որի ընթացքում աշակերտները պետք է ստանան այն ամենը, ինչ հայկական է: «Վարժարան եկողները պարզ հայեր չեն, այլ աշխարհագրական նախածանցներով ճոխացած մի ամբողջ հույլ. կան սուրիահայեր ու լիբանանահայեր, թուրքահայեր ու կիպրահայեր, եգիպտահայեր ու եթովպահայեր, իրանահայեր ու իրաքահայեր», կարդում ենք վարժարանի 25-ամյակի առթիվ 2004-ին լույս տեսած հոբելյանական ալբոմի էջերում: Աշակերտության այս տարաբնույթ կազմն անշուշտ յուրահատուկ ուշադրություն է պահանջում, ինչն իր վրա է վերցրել վարժարանի ուսուցչական կազմըՙ բաղկացած գաղութի կամավոր անդամներից, որոնք իրենց ազատ ժամերը նվիրում են ազգային այդ սուրբ գործին: Օգտագործվում են Ամերիկայում, Իրանում, Հայաստանում եւ Վենետիկում տպագրված դասագրքեր:
Ուսումնական ծրագրի մաս են կազմում հայոց լեզուն, հայոց պատմությունը, կրոնը, երգեցողությունը, պատմական կարեւոր իրադարձություններին նվիրված հանդիսություններին պատրաստվելը (Ապրիլի 24, Վարդանանց հերոսամարտ, Սեպտեմբերի 21 եւ այլն), հատուկ զրույցները հրավիրյալ պատմաբանների, հոգեւորականների եւ արվեստագետների կողմից, ինչպես նաեւ հարցուպատասխանի միջոցառումները:
Ծավալվում է նաեւ արտադասարանային գործունեություն: Անցած տարիների ընթացքում աշակերտները մասնակցել են գեղարվեստական ծրագրով Իլինգ քաղաքամասի ազգային փոքրամասնությունների մշակութային միջոցառմանը, Հայաստանի Հանրապետության դեսպանատան բացման արարողությանը, 1988-ի երկրաշարժի առթիվ անգլիական հեռուստատեսության ծրագրերին եւ այլն:
Վարժարանի առաջին տնօրենն է եղել դոկտ. Գեւորգ Չորպաճյանը, որը կարճատեւ պաշտոնավարությունից հետո մեկնել է Ավստրալիա: Նրան հաջորդել է դոկտ. Հովհաննես Ավագյանըՙ չորս տարի, որից հետոՙ 1983-ից մինչեւ 2005 թվականը, այդ պաշտոնը վարել է իրանահայ տիկին Անահիտ Ղազարյանըՙ Ուրմիա քաղաքից: Նա լեզվաբանության գծով բակալավրի, այնուհետեւ գրադարանագիտության գծով մագիստրոսի աստիճան է ստացել Թավրիզի համալսարանից: Լոնդոն հաստատվելուց հետո կրթությունը շարունակել է եւ ստացել մագիստրոսի երկրորդ աստիճանը Լոնդոնի համալսարանից:
Վարժարանի ներկայիս տնօրենն է տիկին Ռուզաննա Թաթուլյանը, ով ձեռնհասորեն շարունակում է իր նախորդների աշխատանքը, բարձր պահելով վարժարանի կրթական մակարդակը: 2010 թվին վարժարանը մասնակցելով ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Համաշխարհային Հայկական կոնգրեսի կազմակերպած «Լավագույն հայկական կրթօջախ» մրցույթին, ճանաչվել է մրցանակակիր եւ արժանացել հատուկ դիպլոմի:
Իր հիմնադրման օրվանից վարժարանը վայելել է լոնդոնահայության անվերապահ վստահությունն ու նյութական-բարոյական աջակցությունը: Իր անբասիր գործունեությամբ վարժարանը կարողացել է իր շուրջը համախմբել զանազան երկրներից Անգլիա հաստատված ընտանիքներին, ստեղծելով նրանց միջեւ մտերմություն եւ ջերմություն:
Վարժարանի 35-ամյակի առթիվ ցանկանում ենք հարատեւություն, անսպառ եռանդ ու մշտանորոգ խանդավառություն մատաղ սերնդի կրթության եւ հայեցի դաստիարակության դժվարին գործը բարեհաջող առաջ տանելու համար: