«Հայաստանի անկախության հռչակագրի տեքստում ամրագրված 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀՍՍՀ Գերագույն խորհրդի եւ Արցախի Ազգային խորհրդի որոշման համաձայն ԼՂ-ն մայր Հայաստանին վերամիավորման» փաստը Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւին առիթ է տվել X-ի հարթակում տեղադրել սույնի մասին վկայող փաստաթղթի լուսանկարը, կողքին՝ 2005-ի ՀՀ սահմանադրության այն հատվածը, որ արձանագրում է, թե «ՀՀ հիմնարար օրենքը հենվում է անկախության հռչակագրի վրա», կից մեկնաբանությամբ՝ «Հայաստանի տարածքային պահանջը Ադրբեջանից արտահայտված է նաեւ անկախության հռչակագրի տեքստում: Սահմանադրության հենարանը հռչակագիրն է»:
Սա դեսպան Աղաեւի երեկ տեղադրած վերջին գրառումն է, ամենայն հավանականությամբ ի պատասխան գերմանական լրատվամիջոցների վերջին օրերի հրապարակումների, որոնց բովանդակությունն ամփոփ ներկայացնում է Ադրբեջանի նախագահի՝ ՀՀ-ի հանդեպ տարածքային նկրտումների, նրա խաղաղության ձգտմանը հավատ չընծայող Հայաստանի բնակիչների կարծիքների տխուր ձայնապնակը: «Հայերը ԼՂ-ի գաղթից հետո երկյուղում են հաջորդ պատերազմից: Հայաստանն ու Ադրբեջանը խոսում են խաղաղությունից, բայց հայերը դա ֆարս են համարում, քանզի Բաքվի տարածքային հավակնությունները ԼՂ-ից անդին են», գերմանական հեռուստատեսության երկրորդ ալիքի՝ ZDF-ի լրագրող Նինա Նիիբերգալլի (Nina Niebergall) անդրադարձը հունվարի 21-ին որեւէ չափազանցություն եւ մեղմասացություն չի պարունակում: «Սյունիքը չեմ լքի, ասում է 61-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանը վերոհիշյալ ռեպորտաժում: «Ի՞նչ խաղաղության գործընթաց: Տեսել ենք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը, խաղաղ բնակչության սպանդը: Չեմ կարող պատկերացնել, որ խաղաղություն կլինի», կարծիք է հայտնում Հովհաննիսյանը: Լրագրողը հիշատակում է Ալիեւի հունվարի 13-ին հնչեցրածը, թե Զանգեզուրն ու Երեւանը ադրբեջանական են, եւ նկատել տալիս՝ եթե անգամ ադրբեջանական զորքի ենթադրաբար մոտալուտ տեղաշարժը դեպի Հայաստանի մայրաքաղաք չի երեւում, սա նշան է, որ Ալիեւը ԼՂ-ից հետո ավելին կարող է կամենալ: Քանզի 2023-ի սեպտեմբերի 19-ի հարձակումից, 100 000 հայերի բռնագաղթից հետո միջազգային պատժամիջոցներ չհետեւեցին, ինչը կարող է Ալիեւին քաջալերել մեկ քայլ էլ առաջ գնալ, եզրահանգում է ZDF-ի լրագրողը:
Գերմանաֆրանսիական arte-ն հունվարի 24-ին 30 րոպեանոց վավերագրություն է ներկայացնում՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը: Տեղի սղության պատճառով ամփոփ գրառենք, որ Հայաստանի այն բնակավայրերում, որոնք ադրբեջանական թիրախում են, որոնց բնակիչների հետ հանդիպում են դիտորդները, հանդարտ զրուցում, չեն նվազեցնում հայ մարդու՝ ապագայի հանդեպ անորոշությունն ու վախը: Նրանք Ալիեւի խաղաղության խոստմանը չեն հավատում: Հունվարի 23-ին «Ֆրանկֆուրտեր ռունդշաուն» անդրադարձել էր Արցախից տեղահանված կանանց: Հայաստանում հանգրվանած սեւազգեստ այդ կանայք դիմակայելու բնածին ուժ ունեն, վճռական են, փոխանցում է հոդվածագիրը:
Հունվարի 19-ին դեսպան Աղաեւը հարցազրույց էր տվել RND-ին՝ ինչ-որ տեղ «պատասխանելով» նույն լրատվամիջոցի հունվարի 17-ին «Հայաստանի դեսպանը զգուշացնում է՝ Ադրբեջանը եւ նախագահ Ալիեւը նոր պատերազմ են նախապատրաստում Հայաստանի դեմ» հրապարակմանը, որին անդրադարձել ենք «Ազգ»ի նախորդ համարում: Աղաեւը Ֆրանսիայի՝ Հայաստանին ռազմական սատարումից դժգոհությունը մեկնաբանում է որպես նոր պատերազմի նպաստում, զգուշացնում, որ դա կարճատես քաղաքականություն է, որ կարող է հանգեցնել հարաբերությունների վատթարացման: Խաղաղության մասին ճամարտակող Ադրբեջանը փաստորեն Հայաստանին եւ Ֆրանսիային մեղադրում է նոր պատերազմ սանձազերծելու մեջ, իսկ միջազգային հանրությունը համբերատար ունկնդրո՞ւմ է:
Հունվարի 20-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը հիշատակի միջոցառում է կազմակերպել, ծանուցելով, թե «34 տարի առաջ խորհրդային 26 000 զինվոր Բաքու մտան, սպանեցին, վիրավորեցին 100-ավոր անմեղ մարդկանց: Այդ կոտորածից հետո սկսվեց ԽՍՀՄ ավարտը»: Խորհրդանշական «Սեւ հունվար» անվամբ են կնքել հունվարի 20-ը, ադրբեջանցիների զոհ լինելու մասին սեղմ մի տեսանյութ պատրաստել, որ հետեւյալն է ենթագրերով մատուցում՝ «1987-ին Հայաստանում սկսվեցին հակաադրբեջանական պոգրոմները, հայերը սպանեցին ադրբեջանցի հարյուրավոր քաղաքացիների, 250 000 ադրբեջանցի տեղահանվեց Հայաստանից, Հայաստանը նաեւ տարածքային պահանջներ ներկայացրեց Ադրբեջանին, այս բոլորն Ադրբեջանում հանգեցրեց հակախորհրդային զանգվածային բողոքի գործողությունների, որը շուտով ծնունդ տվեց ազգային ազատագրական շարժման: Խորհրդային առաջնորդ Գորբաչովի հրամանով հունվարի 19-20-ին 26 000 զինվոր մտավ Բաքու, կրակ բացեցին խաղաղ ցուցարարների վրա: Սպանվեց 150 ադրբեջանցի քաղաքացի, այդ թվում՝ կին ու երեխա: 700-ից ավելի վիրավորվեցին: Գորբաչովի ռեժիմը տապալվեց՝ «Սեւ հունվար» անվանյալ կոտորածից հետո: 1 միլիոն ադրբեջանցի դուրս եկավ փողոց՝ զոհերի հիշատակը հարգելու, այդ օրը ծնունդ տվեց նոր Ադրբեջանին՝ Հեյդար Ալիեւը, որ հետագայում դարձավ արդի Ադրբեջանի հիմնադիր, դատապարտեց արյունահեղումը, նրա դիմադրությունը ոգեշնչեց ադրբեջանցիներին: Խորհրդային վայրագությունը չէր կարող Ադրբեջանին հետ պահել իր ազատությության համար պահանջից: 1991-ի հոկտեմբերի 18-ին անկախությունը վերահաստատվեց: 2020-ին Ադրբեջանն ազատագրեց իր գրավյալ շրջանները՝ Հայաստանի ապօրեն եւ բարբարոսական զավթումից: Ադրբեջանն այսօր ազատ է, բարգավաճ եւ ուժեղ, ջանում է խաղաղություն հաստատել Կովկասում»: Այս բովանդակությամբ արտադրանքին զուգահեռ դեսպան Աղաեւը հիշեցնում է, որ խորհրդային զորքն Ադրբեջան ուղարկած Գորբաչովին 9 ամիս անց Նոբելյան խաղաղության մրցանակի են արժանացնում, հիշատակում նախկինում՝ Արեւմտյան ԱՄՆ-ում գլխավոր հյուպատոս աշխատած տարիներին Վաշինգտոնում լույս տեսնող The Hill-ում հրապարակած իր հոդվածը այդ անարդարության մասին, որում շեշտադրում էր Հեյդար Ալիեւի՝ ազատության համար պայքարի առաջնորդի դերը: Դեսպան Աղաեւը շրջանառում է Newsweek հանդեսի 1989-ի դեկտեմբերի 25-ի համարի շապիկի լուսանկարը, որի վերեւում վերնագրված է «1989՝ փոփոխելով պատմության ուղեգիծը», ներքեւում՝ People of the Year (տարվա ժողովուրդ (կամ ազգ), եւ ըստ X-ի սոցհարթակում ակտիվ քարոզչություն տարածող այլ ադրբեջանցիների, ներկայացնում Բաքվի՝ Անկախության հրապարակի (որտեղ դեռ կանգուն է Լենինի արձանը) ցույցը, որ համախմբել էր ադրբեջանցիներին հանուն ազատության:
Դեռ պիտի ստուգել, թե հանդեսը շապիկի լուսանկարի վերնագրերն ո՞ւմ է հղում: Ադրբեջանը, այդ երկրի ավյունառատ դեսպանը Բեռլինում, ակնհայտ է, լծված են հայերի հանդեպ բարձրավոլտ ատելության լարումը չնվազեցնելու քաղաքականությունն արդարացնելուն: Վերաձեւակերպում են իրենց պատմությունը՝ մոռացնել տալով Սումգայիթի, Բաքվի ջարդերի մասին, ամեն օրվա հանգույն շեշտադրում իրենց զոհ լինելու հանգամանքը՝ խորհրդային ռեժիմի զոհ, հայերի եւ հայոց սփյուռքի զոհ ներկայացնում իրենց, բայց նաեւ զուգահեռ ազգային ազատագրական պայքարի, խորհրդային բռնատիրության դեմ ազատության համար առաջամարտիկի կերպար ձեւավորում: Հերոսացման մեջ ամրակայում են Հեյդար Ալիեւի, նրա որդու դերակատարումը…
Հայ ժողովուրդը հիշողությունը դեռ չի կորցրել, իմ սերունդը հիշում է Գորբաչովի ձեւակերպումը՝ «խորհրդային զորքն ուշացավ» արտահայտությունը: Օտարերկրյա բոլոր զորքերն էլ կարող են ուշանալ: Միայն մի զինուժ կա, որը չի կարող, իրավունք չունի ուշանալու, որը վերածնունդ եւ հաղթանակ կարող է երաշխավորել: Հայաստանի բանակը, Հայոց բանակը, որի տարեդարձն ենք նշում հունվարի 28-ին: Աստված պահապան:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա