Անհատականություններ կան, որոնք մեր կյանքի անբաժան ուղեկիցն են, դասեր են տալիս մեզ անգամ այն ժամանակ, երբ… իրենք այլեւս չկան այս արեւի տակ:
Բացառիկ այդ այրերից է եւ Վախթանգ Անանյանը՝ հայրենապաշտ գրողը, հայրենի բնության անձնվերը, անձնավորողն ու հրապարակախոսը, հողագնդի բազմամիլիոն ընթերցողների բարեկամը, նաեւ իմ մտերիմ բարեկամը, կյանքիս ուղեկիցն այսօր եւ առմիշտ:
Անվանի գրողի հետ բարեկամացել եմ դեռեւս իմ վաղ երիտասարդության տարիներին՝ նախ որպես նրա ընթերցող–ընթերցամոլը, ապա՝ բնասեր–թղթակից եւ… որսորդ: Եվ ամեն անգամ երջանկությամբ հաղորդակից լինելով բնության փիլիսոփա ու բարոյախոս գրողի, մարդու, քաղաքացու, հարկավ նաեւ «ավագ որսկան» Վ. Անանյանին՝ էությունս լցվել է անափ կենսասիրությամբ: Հիանալի զրուցընկեր, համով–հոտով, պատմելու սեր ու շնորհք ունեցող սակավադեպ մարդ էր: Պատմողի նրա խոսքը բանավոր պատմվածք էր, պատկեր ու գույն՝ շաղախված բնության անանյանական շնչով: «Վախթանգ Անանյանի կանաչ տիրույթում» վերնագրով իմ հրապարակած հուշ–խոհագրությունից դուրս մնացած, տակավին անտիպ սույն դրվագները, թերեւս, նույնպես գան եւ ինչ–որ չափով լրացնեն անվանի գրողի աշխարհը՝ ընթերցողների նոր կողմերով ճանաչմանը՝ եւս մի քանի նրբերանգներ ավելացնելով նրա պայծառ նկարագրին:
***
1975-ի օգոստոսյան հետհոբելյանական մի օր զանգահարեց ինձ Լուսակերտի ամառանոցից, ու հնչեց նրա հումորախառը հարազատ ձայնը.
-Ա՜յ բալա, բա չես ասիլ՝ կարեւոր մի հայտնագործություն եմ արել ու դեռ օղորմածիկ Արքիմեդի նմանողությամբ ձեռքիս ափով ճակատիս եմ զարկել ու ոգեւորված բացականչել՝ էվրիկա՜…
Ապա ասաց, որ ԱՄՆ-ից մայր ու աղջիկ թանկագին հյուրեր ունի, որոնց մեր տեսարժան վայրեր տանելու, ներկայացնելու համար փնտրտուք է ունեցել՝ գտնելու էքսկուրսավար եւ վարորդ:
-Հենց այստեղ միտքս փայլատակեց, եւ հայտնագործեցի՝ ախր մեր Սերժ բալան ե՛ւ մեկն է, ե՛ւ մյուսը:
Պայմանավորված օրը իմ ավտոմեքենան հանգրվանեց Երեւանի հայտնի «Ձկան խանութի» մերձակայքում, բարձրացա Անանյանների բնակարան: Ծանոթացրին հյուրերի՝ նուրբ դիմագծերով, պատկառանք ներշնչող տիկին Վարդանուշի եւ նրա՝ ԱՄՆ-ի համալսարաններից մեկի ասպիրանտուհի դստեր հետ: Վ. Անանյանի կինը՝ տիկին Զարիկն էլ ասաց, որ մանկութ օրերի իր… որբանոցային ընկերուհին է՝ Վան-Վասպուրականից:
-Հարազատ քույրերի չափ երջանիկ ենք, որ վերագտել ենք իրարու:
Նրանք, միմյանց լրացնելով, հուշեր պատմեցին գաղթի անուրախ օրերից: Պատմություններից հիշողությանս մեջ անմոռաց մնաց հետեւյալ դրվագը. գաղթականների քարավանը մի գիշեր լուսացնում է Մեղրագետի ափին: Առավոտյան, իբրեւ նախաճաշ, տոպրակներում եղած լավաշի փշրանքները թրջել են Մեղրագետի ջրով եւ անուշ արել:
Տիկին Զարիկը նաեւ ասաց, որ շուրջ 60 երկարուձիգ տարի այդ յուրովի քաղցր ու համեղ ջրի համն այլեւս չի զգացել… Եվ շատ տեղին է, որ Հայկական լեռնաշխարհի ձյունապատ բարձունքներից իջնող վճիտ այդ ջրին ժողովուրդը Մեղրագետ անունն է տվել…
-Ներեցեք ինձ, «տիկնա՛յք փափկասունք հայոց աշխարհի»,- զրույցին հարեց տանտերը,- ձեր հուշերի շարունակությունը՝ Լուսակերտում:
Հյուրերի հետ իջանք, մոտեցանք ավտոմեքենային: Դիմապակուն թղթիկ էր փակցված: Պարզվեց, որ արգելված վայրում եմ կայանել, եւ հանված է մեքենայի առջեւի պետհամարանիշը: Իսկույն վարորդներին հայտնի «Փոսի ԳԱԻ» իջա, լրագրողի իմ վկայականով ներկայացա 1-ին դասակի հրամանատար, որքան հիշում եմ, Կարապետյանին: Նա, հակառակ իմ սպասման, կարգին մարդ դուրս եկավ. ոչ միայն մեկ ակնթարթում տեղը դրվեց մեքենայի պետհամարանիշը, այլեւ դարակից հանեց Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքների» հատորաշարը: Գրքերը կիսամաշված էին, որը նշան էր շատանգամյա ընթերցման:
-Հերթապահությանս օրերին ես այս գրքերով եմ հաճելիորեն լցնում ժամանակս, որի համար անչափ երախտապարտ եմ հեղինակին: Իմ ամենասրտամոտ գրողն է, նրա ցավը տանեմ: Խնդրում եմ հաղորդել ընթեցրողի իմ խորին հարգանքները:
Ավտոտեսուչների՝ մեր երթուղուց հետ պահելը, ճշմարիտ է, անհաճո էր, սակայն այդպիսի ընթերցող միլիցիոների հանդիպելն ուղղակի հաճելի անակնկալ էր:
Հյուրերին տարա «Զվարթնոց» տաճար, ապա՝ Ս. Հռիփսիմե եկեղեցի, հետո նաեւ Գառնի ու Գեղարդ, իսկ երբ օրը երեկոյանում էր, հասանք զովաշունչ Լուսակերտ: Վախթանգ Անանյանը մեզ տեսնելուն պես խորովածի կրակը վառեց: Մայր ու աղջիկ մոտեցան Վ. Անանյանին եւ գոհունակություն հայտնեցին նրան՝ շրջագայության նախաձեռնողին:
-Էս ընթացքում, երեւի, իրար բավականին ճանաչեցիք, հը՞,- ասելով՝ հայացքն ուղղեց իմ եւ Վարդանուշի աղջկա վրա:- Վարդանո՛ւշ, Զարի՛կ, ի՞նչ կարծիքի եք, մեր էս ազապներին չամուսնացնե՞նք:
-Ես կհավնիմ զինքը,- ոչ ավելի, ոչ պակաս խոստովանեց ամերիկահայ օրիորդը,- սակայն կցավիմ, որ հայերեն լավ չեմ գիտեր:
-Մեր երիտասարդն էլ անգլերեն չի գիտեր, ոչի՜նչ, հետո կսովորեք: Գիտցեք, որ կա միջազգային լեզուներից առավել հզորը՝ սիրո լեզուն…
Իհարկե այստեղ կատակի բաժինը շատ էր:
Մեր չսկսված ու չկայացած «սիրաբանությունը» այսքանով ավարտվեց:
Ճաշելու ընթացքում հոգեբանական մի երեւույթի ականատես եղանք, որը մոռանալու բան չէ… Հեռուստացույցի էկրանին Հայրիկ Մուրադյանն էր՝ Վան-Վասպուրականի ազգագրական երգերի սրտագրավ կատարումով: Անանյանը, ավելի շատ հյուրերի համար, ասաց, որ Հայրիկն իր հասակակիցն է, լավագույն ընկերը: «Շատախցի Գելոն» եւ մի քանի այլ պատմվածքների նյութը նրանից է առել: Նա մարդ-գանձ է, շուրջ 150 երգ է կատարում, աղջկա՝ Մարոյի հետ համույթ են ստեղծել՝ փրկելով մեր ազգագրական երգերը:
Վարդանուշը դադարեցրել էր ընթրիքը եւ համակ ուշադրությամբ կլանվել Հայրիկ Մուրադյանի կատարումներով՝ ինքնամոռաց, մի տեսակ վերացած իրականությունից:
Շուտով նա սկսեց շրթունքները շարժել Հայրիկի երգի հանգույն, «Կալի երգը» եւ «Գութան չելներ, աշխարհ ի՞նչ էր»-ի կատարման ժամանակ նույնիսկ երգչից մեկ վայրկյան շուտ էր արտաբերում բառերը: Ակնհայտ էր Վարդանուշի խորին հուզմունքը, ներաշխարհի տակնուվրա լինելը… Ակնոցի տակից կաթիլ-կաթիլ իջնում էին արցունքները:
Հուզմունքին չդիմացավ. համերգի ավարտին փղձկաց երեխայի պես ու նետվեց կից սենյակը:
Քիչ անց, երբ նրան կրկին մեզ մոտ՝ հյուրասենյակ բերեցին, մեղավորի պես ժպտաց եւ սկսեց «արդարանալ» հոգեկան անսպասելի զեղման համար: Ասաց.
-Օվկիանոսի այն կողմում շուրջ 60 տարի աս երգեր չեմ լսած… ասիկա ուսկի՞ց եկավ…
Անանյանը մոտավորապես այսպես մեկնաբանեց.
-Վարդանո՛ւշ ջան, մի զարմացիր, էդ անուշ երգերը քո մայրական կաթի, «Օրորոցային»-ների հետ են քո հոգու մեջ մտել, նաեւ մանուկ օրերում ժողովրդից լսածներդ են մնացել հոգուդ խորախորին շերտերում, որ հիմա, մեր սքանչելի Հայրիկ Մուրադյանի օգնությամբ, ժամանակների մոռացության նստվածքը պղտորվեց, ու այսպես վեր հառնեցին… Կա, չէ՞, քիմիական բուռն ռեակցիա… Համարենք, որ քոնն էլ հոգու, հոգեկանի բուռն ռեակցիան էր, գեներիդ արձագանքը…
Այս եզրահանգումից հետո բոլորս թեթեւացած ժպտացինք, եւ ամեն բան կրկին իր բնականոն հունն ընկավ:
***
Հայրական սրտացավությամբ միշտ մտահոգված էր իմ ամուսնության «հիմնախնդրով» (արդեն «կարմիր գիծը»՝ երեսունն անցել էի…): Ամեն հանդիպման հորդորում էր կատարել «մարդուս կյանքի կարեւոր գործը»:
-Տղա՛ ջան,- ասաց մի անգամ,- աշխարհում ամենամեծ խնդիրը, առհասարակ, ընտրությունն է, ավելի ճիշտ՝ ընտրության պատասխանատվությունը:
Մեր շրջապատում լավ աղջիկներ կան, որ կուզեի հետդ ծանոթացնել: Գեղեցկուհիներից մեկը բարի-բարյացակամ, գրագետ, խոստումնալից ապագայով դաշնակահարուհի է: Նա քո առանձնատանը, գիտեմ, գործ անողը չէ, անգամ վարդերն ու ծաղիկները չի ջրելու, ասելու է՝ «Օ՜յ, մատներիս մկանները ձգվեցին, վաղն ինչպե՞ս նվագեմ…»: Ծանոթ լինելով քո ներաշխարհին, նախասիրություններին՝ առայժմ դժվարանում եմ մեկն ու մեկի հետ ծանոթացնել: Չեմ ուզում՝ կինդ այնպիսինը լինի, որ… Օրինակ՝ մտովի պատկերացնենք այսպիսի շատ հնարավոր մի իրադրություն. պատշգամբի բազմոցին նստած՝ հմայվում ես ոսկեվորած աշնան կախարդական գույներով, էությունդ դառնում է երազուն, լցվում բնության քնարաշունչ ղողանջներով: Քամի է սկսվում ու ոսկե խաշամն օդում պտտում, պտտում, բերում, լցնում է ոտքերիդ տակ: «Էս ի՞նչ հրաշք է, ջան է՞, ջա՛ն, իսկը ոսկե աշուն»,- շշնջում է սիրտդ: Հոգեսլացման այդ վեհ պահին հանկարծ բացվում է պատշգամբի դուռը եւ… ավելով «զինված» կինդ հոխորտում է. «Վաա՜հ, զզվեցինք էլի էս անտեր տերեւներից…»:
Եվ հոգումդ մի ամբողջ գեղեցիկ աշխարհ ավերվեց, չէ՞…
….Եղավ, որ հենց ինքը՝ Վախթանգ Անանյանն ինձ «ամուսնացրեց»… հետմահու… Զարմացաք, անշուշտ, ինչպես թե՝ հետմահու… Այո՛, իրականում նրա շնորհիվ էր, որ ճակատագրորեն կարեւոր մի պատեհություն ինձ ընձեռվեց՝ դիպվածի պատճառահետեւանքային իմաստով…
….1981 թ. մարտին՝ սիրելի գրողի մահվան տարելիցին, որպես սրտի ցանկություն եւ հոգուս պարտք, հոդվածաշար էի տպագրում «Աշտարակ» շրջանային թերթում: Մեր քաղաքի գլխավոր ճարտարապետի դուստրը, որին հեռվից ճանաչում էի որպես շրջանային եւ հանրապետական օլիմպիադաների հաղթող եւ որի մասին լուրեր ու լուսանկարներ էինք տպագրել, եկավ իմ աշխատասենյակ: Ասաց, որ բժշկական ինստիտուտի իրենց դասախոսը՝ Լեւոն Վախթանգովիչը, տեղյակ է իր հայրիկի մասին իմ հրապարակումներից եւ խնդրում է թերթերի բոլոր համարները: Օրիորդը նաեւ նշեց, որ ինքն օրերս ընթերցել է ամբողջ հոդվածաշարը, սակայն տատն իր հավաքած թերթերից երկուսը որպես թուղթ է օգտագործել…
Ես, թերթերն ի մի բերելով, ընկերոջս՝ Լեւոնի որպիսությունից հարցրի եւ խնդրեցի փոխանցել նաեւ իմ ջերմ, կարոտալի ողջույնները:
Հրաժեշտից առաջ նա լրագրողի իմ ինքնասիրությունը շոյող մի նախադասություն ասաց.
-Ի դեպ, գրելով Անանյանի հետ հանդիպումների մասին՝ միաժամանակ ընթերցողի համար նաեւ ձեր հոգեկան աշխարհն եք շատ կողմերով անուղղակիորեն բացահայտում…
Ես նրան խնդրեցի նստել եւ ասել՝ մասնավորապես ինչը, որը: Նա չմերժեց, նստեց: Այդ նստելն էր… Մեր զրույցը ծավալվե՜ց, գնա՜ց… «Խոսիր, որ քեզ ճանաչեմ»,- նորածանոթին հորդորել է անտիկ ժամանակների փիլիսոփան:
Աղջիկն ինձ դուր եկավ: Մենք ժամադրվեցինք, հետո… ամուսնացանք: Նա իմ կինն է արդեն քառասուն տարուց ավելի: Ծայրահեղ, հիվանդագին աստիճանի մաքրասեր է, սակայն, բարեբախտաբար, տերեւներից այնքան էլ չի դժգոհում ու տրտնջում…
***
Վ. Անանյանը «Քրիստոսի զավակը քննիչի մոտ» (հուշեր բանտից) գրվածքում բավականին հանգամանորեն է նկարագրում 1930-ականների կեսին իր հանիրավի կալանավորման մասին: Հայաստանի ղեկավար Աղասի Խանջյանին Թբիլիսիում չարանենգորեն սպանելուց եւ ինքնասպանություն արձանագրելուց հետո նրան նաեւ պիտակավորեցին որպես իմպերիալիզմի գործակալ: Շուտով սկսեցին պատժել եւ հաշվեհարդար տեսնել բոլոր այն պաշտոնյաների հետ, որոնց համարեցին «Խանջյանի մարդ»… Մատնիչներն առավել ակտիվացան… Վ. Անանյանին, որին Խանջյանն ըստ արժանվույն գնահատել եւ նշանակել էր «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերի գլխավոր խմբագիր, միաժամանակ նաեւ «Ավանգարդի» պատասխանատու աշխատակից, համարեցին «իմպերիալիզմի ագենտի» համախոհ, 1936-ին նրան անմիջապես հեռացրին կուսակցությունից եւ աշխատանքից:
Ահավոր վատ ժամանակներ էին: Վ. Անանյանի ընկերներից ապերախտ մեկը՝ Արմենակ Ղուկասյանը, որն ընդամենը նարդիով պարտվել էր Վ. Անանյանին, ոխ է պահում եւ զրպարտագրերով թիրախավորում է արդեն գործազուրկ գրողին: Նրա «մատերիալների» հիման վրա Վ. Անանյանին ձերբակալում եւ նետում են Երեւանի բանտը: Այստեղ անմարդկային պայմաններ էին, բանտարկյալները ցեմենտե սառը հատակի վրա անգամ պառկելու տեղ չունեին, ուր, ինչպես բանտարկյալ գրողն է դիպուկ գրել, «ծանր հոտ ու անտանելի գոլորշի էր բարձրանում թշվառ էակներով լեցուն այդ մարդկային փարախից…»:
Թե ինչպես է ազատվել բանտից, այդ մասին նա պատմել է մերձավորներին ու նաեւ ինձ: Ըստ երեւույթին՝ նա երկար ապրեց ստալինյան բռնատիրության շորշոփները, ուստի անընդհատ հետաձգում էր գրել եւ հրապարակել բանտից ազատվելու, իր կարծիքով, ամենահավանական տարբերակի մասին:
Հեռացավ այս աշխարհից՝ այդ մասին այդպես էլ չգրելով:
Դուստրը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Նելլի Անանյանը, ինձ մի օր ասաց, որ «դա շատ սայթաքուն թեմա է», բայց ինքը պիտի շուտով գրի եւ հրապարակի: Սակայն Նելլին, ավաղ, հանկարծամահ եղավ, չհասցրեց…
Ես նախապաշարումներից զերծ մարդ եմ ինձ համարում, ուստի ահավասիկ ինքս եմ գրում այդ կարեւոր փաստի մասին… քանի դեռ կամ… (իրենք՝ հայր ու աղջիկ, ինչ խոսք, ավելի հավաստին կգրեին):
….Վախթանգ Անանյանի բանտարկությանը նախորդել էր հիշատակման արժանի բախտորոշ խոշոր մի իրադարձություն: ԽՍՀՄ մայրաքաղաքում հայ մշակույթի եւ գրականության մի խումբ անվանի գործիչների Կրեմլում ընդունել է ինքը՝ «ժողովուրդների հայր» Իոսիֆ Ստալինը: Սոցիալիստական արվեստին եւ գրականությանը մատուցած ակնառու ծառայությունների համար մի քանիսին պարգեւատրել են:
….Հերթը հասնում է Վախթանգ Անանյանին՝ պատվիրակության ամենակրտսեր անդամին, առողջ, թիկնեղ, մարզական կեցվածքով երիտասարդին: Զեկուցողը, ներկայացնելով նրան, նշում է, որ նախկինում եղել է գյուղական տավարած պատանի, թղթակցել է պարբերական մամուլին, եւ նկատելով գրելու նրա շնորհն ու ձիրքը՝ առաջ են քաշել, եւ ներկայում հանրապետական գյուղատնտեսական երկու թերթի գլխավոր խմբագիրն է:
Ստալինի դեմքին գոհունակության ժպիտ է խաղում, եւ նա հավելում է. «Դա, իհարկե, սովետական կարգերի շնորհիվ»: Եվ հանձնարարում է խորհրդային կարգերին հատուկ այս վառ օրինակի մասին գրել Խորհրդային Միության ամենապաշտոնական լրագրում՝ «Պրավդայում»: Անանյանի «վառ, տիպական օրինակը» այնքան է դուր գալիս երկրի ղեկավարին, որ անձամբ ինքն է երիտասարդի կրծքին ամրացնում «Պատվո նշան» շքանշանը:
….Իսկ հիմա… «վառ օրինակ» Անանյանը բանտում է…
Բանտում մանրակրկիտ ստուգում եւ թույլատրում են բանտարկյալների հագուստը տուն տանել, լվանալ: Անանյանը քիմիական մատիտ է ճարում եւ շապիկի օձիքի ներսում կնոջը հանձնարարություն է գրում: Տիկին Զարիկը լվացքի ամանում հենց նկատում է մատիտի կապույտը, իսկույն հանում, սրբիչով չորացնում է: Գրված է եղել.
«(Ծրարի վրա գրիր). Մոսկվա, ընկեր Ստալինին: Եթե Ձեզ համար թանկ է Լենինի դամբարանը, նամակս Դուք կարդացեք:
(Ծրարի ներսում գրիր). Ընկեր Ստալին, ես Վախթանգ Անանյանն եմ, այն երիտասարդը, որի կրծքին ինքներդ փակցրիք շքանշանը… Գրեցի Երեւանի բանտից»:
Տիկին Զարիկը խնամքով կատարում է հանձնարարությունը:
Չնայած այդ տարիներին ահռելի քանակությամբ նամակների հոսք կար դեպի Մոսկվա՝ Ստալինին, սակայն Անանյանը հույս ուներ, որ իր նամակն աշխատակիցների ուշադրությունը կգրավի, եւ կզեկուցեն գերագույնին:
Նամակի առաքումից երեք շաբաթ անց Անանյանին երկու սվինավոր չեկիստ բանտախցից դուրս են կանչում: Այս անգամ նրանք ոչ թե քննիչի մոտ են տանում, այլ՝ բանտապետի:
Վերջինս մի թուղթ է ձեռքն առնում եւ բարձրաձայնում.
-Վախթա՛նգ Անանյան, դուք ազատ եք, տուն գնացեք:
….Մինչեւ կյանքի վերջին օրն էլ Անանյանը համոզված էր, որ ամենայն հավանականությամբ բանտից այդպես է ազատվել…
Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ