Չկա նման տրամաչափի կառույց կամ քաղաքական գործիչ, ում մեկ հայտարարությունը կսթափեցնի Ադրբեջանին։ Այստեղ այլ տրամաբանություն է գործում. Արևմուտքն աշխատում է քայլ առ քայլ մեծացնելու ճնշումը և հասնելու իր ցանկացածին։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը՝անդրադառնալով ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոյի այն հայտարարությանը, որ ԵՄ-ն Ադրբեջանին հստակ ուղերձներ է փոխանցում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վրա։
«Մենք տեսնում ենք, որ ԵՄ-ն որոշակի քայլեր է կատարում, և ամեն հաջորդ քայլը նախորդից մի փոքր ավելի կոշտ է, որովհետև Ադրբեջանը հետքայլ չի կատարում։ Ընդ որում՝ երեկ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 17-ին կքննարկի «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» բանաձևը։ Սա ևս տեղավորվում է ԵՄ պաշտոնյայի խոսքի տրամաբանությունում։
Այստեղ ամբողջ տրամաբանությունը նրանում է, որ և՛ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը սպաում են քայլերի, և ամեն անգամ, երբ այդ քայլերը չեն կատարվում, ամեն հաջորդ արձագանքն ավելի կոշտ է լինում»,- ասաց քաղաքագետը։
Ռոբերտ Ղևոնդյանը միաժամանակ չբացառեց, որ ապակառուցողական մոտեցումները շարունակելու դեպքում Ադրբեջանի դեմ ինչ-որ պահից պատժամիջոցներ կսահմանվեն։ Սակայն հուսալ, որ լինելու է որևէ հայտարարություն, որը ՀՀ տարածքների նկատմամբ հավակնություններից հետ է պահելու Ադրբեջանին, անիրատեսական է։
«Ամենահավանական զարգացումն այժմ այն է, որ Ադրբեջանը հանդես գա ԵՄ պաշտոնյային հակադարձող հայտարարությամբ։ Սա երկարաժամկետ խաղ է, որը չի դադարելու ինչ-որ հայտարարությամբ։ Կողմերը, այդ թվում՝ Հայաստանը, ընդունել են խաղի կանոնները, և ցանկացած ելք հնարավոր է՝ Ադրբեջանն ինչպես որ կարող է վերադառնալ կառուցողական դաշտ, այդպես էլ հնարավոր է՝ չվերադառնա։
Իհարկե, Ադրբեջանի համար կարևոր են ԵՄ-ի հետ հարաբերությունները, բայց դա չի նշանակում, որ նա չի հաշվարկում ռիսկերը, որ կան իր գործողություններն իրականացնելիս։ Ամեն դեպքում, Ադրբեջանն աշխարհում իր նոր դերակատարությունը տեսնում է մի փոքր այլ կերպ, քան մենք ենք պատկերացնում։ Նրանք պատկերացնում են, որ կարող են հակադարձել և դրա արդյունքում լուրջ խնդիրներ չեն ունենա՝ այդ թվում՝ ուժային կենտրոններից»,- նշեց մեր զրուցակիցը։
Ամփոփելով՝ Ռոբերտ Ղևոնդյանը շեշտեց՝ Ադրբեջանը նոր դերակատարման հավակնություն է ներկայացրել՝ ընկալվելու որպես տարածաշրջանային տերություն, և բնական է, որ այս համատեքստում նրան մարտահրավերներ են սպասվում։ Այժմ այդ մարտահրավերներին դիմագրավելու պատրաստությունների փուլն է։